‘Հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին (տեսանյութ)’

1800

Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն ու հարգանքի տուրք են մատուցել պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այսօր լրանում է Դեմիրճյանի ծննդյան 81-ամյակը:

Պանթեոնում էին Կոնգրեսի տարբեր առաջնորդներ, Երևանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի նախընտրական  ցուցակի թեկնածուներ, ներկա էր նաև Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս խունկ վառելուց ու իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո մոտեցել է Լևոն Տեր-Պետրոսյանին, բարևել նրան ու հեռացել:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932-ին Երեւանում: 1974-ից մինչեւ 1988-ը զբաղեցրել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը՝ փաստացի ղեկավարելով երկիրը: 1998-ի «պալատական» հեղաշրջումից հետո Կարեն Դեմիրճյանը վերադարձավ մեծ քաղաքականություն՝ առաջադրելով իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Հսկայական ժողովրդականություն վայելող Դեմիրճյանը, սակայն, համատարած կեղծիքներով ընթացած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը: 1999-ին Դեմիրճյանը Վազգեն Սարգսյանի հետ գլխավորեց «Միասնություն» նախընտրական դաշինքը (ՀՀԿ, ՀԺԿ), եւ դարձավ ԱԺ նախագահ:

Կարեն Դեմիրճյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձավ:

Նախորդ հոդվածը‘Ո՞ր արժանիքի համար են նախկին թաղապետի կիսանդրին տեղադրում Նոր Նորքում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Ձոն Տարոն Մարգարյանին (բանաստեղծություն)’