‘Հարկայինի տղերքը պետբյուջեի հաշվին լիաթոք կայֆեր են անելու. Մամուլ’

1379

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ բոլորովին վերջերս ՀՀ Պետեկամուտների կոմիտեն պայմանագիր է կնքել «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցի հետ, որի համաձայն՝ վերջինս պետք է փոփոխություններ կա­տարի ՊԵԿ-ին պատկանող «Դիլիջանի ուսումնական կենտրո­նի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում»:

Եւ դրա դիմաց ճարտարապետա­կան արվեստանոցը ՊԵԿ-ից ստանալու է 44.9 միլիոն դրամ կամ մոտ 120 հազար դոլար: Այն, ինչ անելու է ՊԵԿ-ը իր, այս­պես կոչված՝ «ուսումնական կենտրոնում», ուղղակի մի հսկա­յական շինարարություն է լինելու: Մոտ երեք տարի առաջ՝ 2010 թ. վերջին ՊԵԿ-ը շուկայական գնից մոտ 7 անգամ էժան գնով ձեռք բերեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջանի ստեղծագործական տունը»: Ընդամենը 505 միլիոն դրամ վճարելով՝ ՊԵԿ-ը դարձավ Դիլիջանում 3.5 հեկտար տա­րածքի սեփականատեր, որի վրա կառուցված էր ավելի քան 8 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենք: Այն ժամանակ ներկայացվեց, որ ՊԵԿ-ը այդ «ստեղծագործական տունը» իր համար դարձնելու է «ուսումնական կենտրոն»: Մեկ տարի անց՝ 2011թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության որոշմամբ, ՊԵԿ-ի այդ «ուսումնական կենտրոնին» միացվեց հարակից ավելի քան 22 հեկտար տարածքը: Եվ այսպիսով, ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը հիմա տեղակայված է Դիլիջանի մոտ 25 հեկտարի վրա: Տպավորությունն այնպիսին է, որ մեր հարկային և մաքսային տեսուչները իրենց «ուսումնառու­թյան ընթացքում» զինավարժություններ են իրականացնելու տանկերի, հրետանու և ավիացիայի մասնակցությամբ: «Սա­կայն մեր ձեռքի տակ եղած պայմանագրից ակնհայտ է դառ­նում, որ այդ տարածքում ոչ թե զինավարժություններ են իրա­կանացվելու, այլ մեր հարկայինի տղեքը լիաթոք կայֆեր են անելու»,-գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կանգ առնել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում’