‘Հարություն Առաքելյան. Վաղուց եմ բացահայտել վարչապետի մոլագար սերը օֆշորային ընկերությունների հանդեպ’

3042

Վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային վերջին սկանդալի մասին զուցեցինք ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ, ով արդեն մեկ տարի է՝ հեռացել է Հայաստանից ու քաղաքական ապաստան է ստացել Չեխիայում:

Պարոն Առաքելյան, վարչապետի անվան հետ կապված վերջերս օֆշորային սկանդալ բացահայտվեց: Սակայն Տիգրան Սարգսյանն ինքը հերքում է իր մասնակցությունն այդ գործարքին: Ինքներդ նախկինում վարչապետի հասցեին մեղադրանքներ եք հնչեցրել «Նաիրիտ» գործարանում չարաշահումների վերաբերյալ: Դուք ինչպես եք մեկնաբանում այդ սկանդալը եւ արդյոք հավատում եք վարչապետի հերքումներին:

— Ինքս վաղուց եմ բացահայտել եւ հրապարակել նրա մոլագար սերը օֆշորային ընկերությունների հանդեպ եւ որպես ասվածի ապացույց նշեմ, որ դեռ 2006-ին նա «Նաիրիտի» պետական գույք հանդիսացող բաժնեթղթերը նվիրեց օֆշորային ընկերությանը, որն էլ Մոսկվայում այդ բաժնեղղթերը գրավադրեց ՄԻՋՊԵՏԱԿԱՆ բանկում, որի նախագահը նույն գանձագողն էր եւ ստացվեց 70 միլիոն դոլար վարկ: Այսինքն, Տիկոյի օֆշորը ծակ գրպանով գրավադրեց մեր բոլոր սեփականություն հանդիսացող «Նաիրիտը», ստացավ 70 միլիոն դոլար վարկ, որի միայն 39 միլիոն դոլարը մուտքագրվեց պետական բյուջե, իսկ մնացած 31 միլիոն դոլարը գրպանվեց ու մինչ օրս հայտնի չէ դրա ճակատագիրը: Այնպես որ ինձ համար նորություն չէ վարչապետի արհեստավարժ գանձագող լինելը: Օֆշորի թեմայով երեկ կարդացի մեր մտավորականներից Եվրոպայի Հայկական Միությունների նախագահ Աշոտ Գրիգորյանի շատ ճիշտ գնահատականը, բառացի չեմ հիշում, բայց հինական միտքը նա է, որ հանրությունը, իրավապահները փոխանակ կենտրոնանան վարչապետի բանկային հաշվեհամարի վրա ստացված 10 միլիոն դոլարին եւ նրա շարժին, քանի որ առանց հաշվեհամարի տիրոջ ստորագրության կամ լիազորված անձի կողմից հնարավոր չէր տեղաշարժել այդ ահռելի գումարները, փոխարենը խաղացվում է գանձագողի ուզած սցենարը` իբր ինքը տեղյակ չի եղել: Հիմա թե ինչ է ասում գանձագող, ինչ կապիկություն է անում, դա ինձ չի հետաքրքրում, այն պետք է որ հետաքրքրի իրավապահներին ու կարծում եմ դատախազի կողմից գանձագողին մեդալ տալը Զատիկի յոթ ու քառսունքի կտրելու նման չի կտրում հանցագործի պատժի կրելը:


Կարելի՞ է ենթադրել, որ վարչապետի պատճառով եք հեռացել Հայաստանից:

— Տիգրան Սարգսյանն ինքը ուժայինների միջոցով ինձ հանեց երկրից ի պատասխան նրա, որ ես բացահայտեցի իր օֆշորային աճպարարությունները և նույն «Հետքն» էլ տասնյակ հոդվածներ ունի գրած դրանց մասին և հրապարակված փաստաթղթեր, օրինակ` թե ինչպես կաուչուկը երկրից հանվել է 2700 դոլարով, տրվել մի այլ օֆշորի, որն վաճառել է 7800 դոլարով: Եվ այսպես, հազարավոր տոննաներ: Փոխանակ վարչապետի եղբայրը` Նաիրիտի փոխտնօրենը, ուղիղ վաճառեր գնորդին և այդ գումարը բերեր Հայաստան: Այնպես որ, իմ այսօրվա կարգավիճակի հիմնական մեղավորը այդ բաշիբոզուկն է: Իմ բացահայտումները լցրին նրանց համբերության բաժակը, որից հետո այդ մարդիկ անցան սանձարձակ գործողությունների` ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունը և օրենքնրերը մեր համդեպ հարաբերություններում: Ողջ Հայաստանով սկսվեցին ՀՌԱԿ կառույցների ղեկավարների հարցաքննություններ դատախազության, ոստիկանության և արդարադատության նախարարության տարբեր ռանգի չինովնիկների կողմից: Եվ այս խեղկատակության իմաստն նա էր, որ իմ գաղափարակից ընկերներից որևէ մեկը ցուցմունք տա իմ դեմ: Բայց դա նրանց չհաջողվեց:

Զրուցեց Արման Գալոյանը

Նախորդ հոդվածը‘Ինքասպան զինվորը նախկինում էլ է փորձել վերջ տալ կյանքին’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում կենարկում է Սան-Ֆերմինի ֆիեստան’