Հարութ Ուլոյան. Եվ այդ մեկ «հարիֆը» դո՛ւ ես

818

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

««Թուրք-ռուսական տանդեմ», ինչպես նաև «44-օրյա պատերազմն անխուսափելի էր», «2018-ի իշխանափոխությունը հատուկ ծրագրված ու բոլորի հետ համաձայնեցված օպերացիա էր», «արևմուտքը «հարիֆին» բերեց, որ Ղարաբաղը հանձնեն, բայց ռուսները փրկեցին» կամ հակառակը՝ «ռուսները «հարիֆին» բերեցին, գլխին սարքեցին, որ իրենց պլանը իրականացնեն» ու նմանատիպ պրոպագանդաները զուրկ են որևէ քաղաքական վերլուծությունից: Ցո՛ւյց տվեք տվյալ թեզերը «հիմնավորող» որևէ քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական, վերլուծություն: Չկա՛ այդպիսի բան: Այն, ինչ մինչ օրս տարբեր շրջանակների կողմից պրոպագանդվում է, հիմնված է դավադրապաշտությունների վրա: Այո՛, տվյալ թեզերը «հիմնավորող» ցանկացած վերլուծության հիմքը կամ եզրակացությունը դավադրապաշտություն է:

Ես չեմ խոսում նմանատիպ պրոպագանդաների մոտիվացիաների մասին, այլ՝ բուն պրոպագանդաների: Մոտիվացիաները, տարբեր շրջանակների մոտ, շատ տարբեր կարող են լինել: Եթե կան դատապարտելի մոտիվացիաներ, ապա այդ մոտիվացիաները կարելի է գտնել ցանկացած ճամբարում:

Նմանատիպ պրոպագանդվող թեզերը զուրկ են ոչ միայն քաղաքական վերլուծական հիմքից, այլև իրենց բնույթով իսկ հակաքաղաքական են: Դրանցում իսպառ բացակայում կամ ընտրողաբար ու խեղաթյուրված են ներկայացվում նույնիսկ հանրահայտ փաստական ժամանակագրությունն ու իրադարձությունները: Դրանցում արձանագրվող հակասություններից ընդհանրապես ավելորդ է խոսել, քանի որ դրանք ի ցույց դնող հատորներ կարելի է գրել, բայց միայն հոգեկան առողջության հաշվին:

Իսկ իրական «հարիֆները» հենց նմանատիպ դավադրապաշտական թեզերի հետևից գնացողներն են, որոնք, կամա թե ակամա, աճպարարության հաղթարշավի մասնակիցներ են դարձել»:

Նախորդ հոդվածըՄայքլ Ջորդանը վաճառել է NBA-ի ակումբը
Հաջորդ հոդվածըՍամարջիչը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»