Հարութ Ուլոյան. Խայտառակագույն ցինիզմի դրսևորումներ

1059

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Արցախի հարցի լուծում ենթադրող բովանդակությամբ «փուլային» ու «փաթեթային» տարբերակների երկընտրանքի հետ Փաշինյանը ոչ մի առնչություն չունի: Այդ «վեճը» բացարձակապես իրեն չի վերաբերում: Նա տվյալ թեմաներին անդրադառնում է ընդամենը մի նպատակով, այն է` հնարավորինս «լղոզել» իրողություններն ու իր անձից հեռացնել քննադատությունները:

Եթե տվյալ թեմայով նա ցանկանում էր խոսել հասարակության հետ, ապա դա պետք է աներ մինչև պատերազմը: Ավելին, դա պետք է աներ միայն այն դեպքում, երբ իր կողմից բանակցված և համաձայնեցված տարբերակ կունենար:

Որ 1998 թվականի հեղաշրջման ժամանակ «փուլայինին» դեմ արտահայտվելը զուտ պատրվակ էր; որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը կրկին «փուլային» տարբերակ է ժառանգություն թողել; 1997-ի«փուլայինն» էր ավելի լավը, թե 2018-ինը; կամ, առհասարակ, «փուլային» մոտեցումն էր ճիշտ, թե «փաթեթայինը», ահա այս ամենը Փաշինյանին չի վերաբերում:

Ո՞ւր է Փաշինյանի կողմից բանակցված տարբերակը: Չկա: Ու չի էլ կարող լինել, քանի որ Փաշինյանը ոչ թե կողմ է եղել բովանդակային առումով հարցի լուծման «փուլային» կամ «փաթեթային» մոտեցմանը, այլ ինքնավստահորեն կողմ է եղել պատերազմին: Արդյունքում Փաշինյանը ոչ թե «փուլային» կամ «փաթեթային» լուծում, այլ «փուլային» մոտեցմամբ «փաթեթային» կապիտուլյացիա է իրականացնում:

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից իր, իբր, «պատասխանատվության» ու «մեղքի» ընդունմանը, ապա պարզ հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս են դրանք դրսևորվում: Կրկին իշխանություն ստանձնելու հայտ ներկայացնելո՞վ: Թե՞ գիշերները վատ քնելով: Բացի բառակույտից, այլ բան չկա: Ավելին, նույնիսկ բառակույտն է չեզոքանում ամբողջական կոնտեքստում: Մի նախադասությամբ իր «պատասխանատվության» ու «մեղքի» մասին է խոսում, դրանից հետո կես ժամ շարունակ ամբողջ «պատասխանատվությունն» ու «մեղքն» ուղղում է բոլոր հնարավոր ուղղություններով:

Աշխարհակարգը մեղավոր է, մեր հեռու ու մոտիկ բարեկամները մեղավոր են, նախկինները մեղավոր են, նախկինների նախկինները մեղավոր են, նախկիններից ժառանգված կադրերը մեղավոր են, Բանակը մեղավոր է, և այլն, և այլն… իրեն էլ մոլորեցրել են: Սա է: Խայտառակագույն ցինիզմի դրսևորումներ, ուրիշ ոչինչ»:

Նախորդ հոդվածըԵլույթ գնդակահարության պատի տակ դրված ԱԺ ամբիոնից. ՉԻ
Հաջորդ հոդվածըԲըլթ-21. ՉԻ