Հարութ Ուլոյան. Նիկոլի օր առաջ հեռացումը հենց իրենք՝ երդվյալ արևմտամետները, պիտի պահանջեին

662

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանի հասարակական կարծիք ձևավորող քաղաքական դաշտում Հայաստանի շահը սպասարկող արևմտամետ գոյություն չունի։ Այն քարոզչությունը, ինչ տարիներ շարունակ իրականացնում են հայտնի շրջանակները, հակոտնյա է Հայաստանի շահը սպասարկելուն ուղղված քաղաքականության տարրական սկզբունքներին։

Նրանց կողմից իրականացվող այդ քարոզչության բուն նպատակադրումն ուղղված չէ Հայաստանում արևմտամետ իշխանություն տեսնելու ցանկություններին։ Արդեն 10-ամյակից ավելի այդ քարոզչության նպատակը բացառապես հակառուսական քարոզչություն իրականացնելն է, ինչը թելադրված է նաև օրվա իշխանությունների այսրոպեական շահերից։ Այդ նույն շրջանակները, որոնք սպասարկում են ներկայիս իշխանությունների շահերը, նույն կերպ սպասարկում էին Սերժ Սարգսյանի շահերը։ Արևմտամետ կոչվող շրջանակներում քաղաքական ընդդիմություն գոյություն չի ունեցել ու հիմա էլ չունի։ Արևմտամետ ուժերը, որպես քաղաքական դիրքորոշում, Հայաստանի իշխանությունների փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորել են վերջիններիս ռուսամետությամբ` բացառապես Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման վերջին տարիներին։ 2007-2011 թթ․-ին Հայաստանի քաղաքական դաշտից ընդհանրապես դուրս էր մղվել արտաքին կողմնորոշման դիսկուրսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու հավաքական՝ Հայ ազգային կոնգրեսի ֆակտորի շնորհիվ։ 2011-ից, արդեն, ՀՀԿ-ի ու արտաքին ուժերի միջամտությունների հետևանքով, նաև Հայ ազգային կոնգրեսի դիրքերի թուլացմանը նպաստելու համար, նորից սկսեց ձևավորվել այդ դիսկուրսը, և հենց այդ ժամանակահատվածից ձևավորվող, այսպես կոչված, «արևմտամետ շրջանակների» քարոզչական թիրախը եղել ու մնում է հակառուսական տրամադրությունների ներքո իշխանությունների քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը՝ օրվա իշխանությունների շահերի սպասարկմանը զուգընթաց։

Հիշե՛ք, ո՞ր մի արևմտամետն էր քաղաքական ձեռնոց նետում Սերժ Սարգսյանին։ Չկա այդպիսի բան։ Կարող է խոսքի մեջ ինչ-որ դրվագային քննադատություն հնչեցվեր, բայց ինստիտուցիոնալ առումով Սերժ Սարգսյանին քաղաքական քննադատություն չի հնչեցվել այդ հարթությունում։ 2013-ին, երբ Սերժը հայտարարեց, որ Հայաստանն անդամագրվում է ԵԱՏՄ-ին, ոչ մի արևմտամետ քաղաքական հարթության վրա Սերժին չի քննադատել։ Նույնիսկ արևմուտքը չի քննադատել։ Քարոզչական քննադատությունը հնչել է բացառապես ռուսների ու ՀԱԿ-ի հասցեին, այն է՝ «Դա Հայաստանի ընտրությունը չէր, ռուսները Սերժին շանտաժով են ստիպել, իսկ ՀԱԿ-ն էլ չի ցանկանում, որ ռուսից ազատվենք»։ Նույնը վերաբերում է գազի մենաշնորհը ռուսներին տալուն, կրկին՝ «Դա ռուսների շանտաժն էր»։ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ՝ հակառակը․ «Ռուսները Սերժից հետո ուզում են «իրենց մարդուն» բերել, դրա համար ավելի լավ է Սերժը մնա»։ Իսկ Սերժի կողմից եվրոասոցացման պայմանագիրը կնքելուց հետո քարոզչությունն իր գագաթնակետին էր հասել․ «Սերժը դիմադրում է ռուսներին», «կեցցե՛ Սերժը» (սա բառացի եմ մեջբերում՝ ներկայիս կարկառուն արևմտամետի այն օրերի խոսքից)։

Հիշե՛ք, 2018-ի իշխանափոխության օրերին նույնիսկ Նիկոլի շրջապատի արևմտամետներն էին ձեռնպահ մնում ու ակտիվություն չէին ցուցաբերում այնքան ժամանակ, մինչև բանը բանից անցավ։ Ու հիմա այս նույն շրջանակների համար Սերժը ռուսի ագենտ էր։ Վաղն էլ Նիկոլի մասին են նույնն ասելու։ Դե, ժողովուրդն էլ, ինչպես միշտ, հպարտ դավաճանվածի կեցվածքով կմկմալով հայտարարելու է․ «Հաաաաա․․․, դե էն գլխից էլ պարզ էր, որ սաղ էլ նույնն են, սաղ ծախած էր․․․․»։ Եզրակացություն՝ բոլորը կամ ագենտ են, կամ թուրք։

Եթե արևմտամետությունը զուտ հակառուսական քարոզչության նպատակադրում չունենար, ապա Նիկոլի օր առաջ հեռացումը հենց իրենք՝ երդվյալ արևմտամետները, պիտի պահանջեին։ Անհեթեթություն չի՞, երբ Արցախի հայաթափման պայմաններում, մեկնաբանելով կակոյ նիբուծ Հռոմի ստատուտի վավերացման լուրը, նրանք հայտարարում են, որ եթե ավելի վաղ վավերացվեր, ապա այդ դեպքերը տեղի չէին ունենա, բայց ամեն դեպքում՝ ողջունում են։ Նման համոզմունք ունեցողն առաջին հերթին հենց ինքը պիտի Նիկոլի հեռացումը պահանջի։ Անհապաղ հեռացումը»։

Նախորդ հոդվածըՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի ԱՕԿ-ին
Հաջորդ հոդվածըԵվրո-2024. Անգլիան նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիրը, այլ արդյունքներ(տեսանյութ)