‘«Հարսնաքարի» գործով վճռի ընթացքում հնչեցրած հայհոյանքների համար ամբաստանյալները պատասխանատվության կենթարկվեն’

1165

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014 թվականի մարտի 24-ին, վճռի հրապարակման ընթացքում, ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը, դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Այսօր Ավան եւ Նորք-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները միջնորդություն ներկայացրին արագացված դատական կարգ կիրառելու մասին: Նշենք, որ այս կարգը դատարանի կողմից կիրառվում է այն պարագայում, երբ ամբաստանյալը համաձայնում է իրեն առաջադրված մեղադրանքի հետ, իսկ որպես պատիժ կիրառվում է օրենքով նախատեսված պատժի առավելագույն չափի երկու երրորդից ոչ ավելին:

Ելնելով պաշտպան ներգրավելու անհրաժեշտությունից՝ դատական նիստը այսօր հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 7-ին, ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազար-ական դրամ տուգանքի: Իսկ դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից վճիռը հրապարակելուց հետո նույն մարդիկ սկսել էին հայհոյել եւ սպառնալ լրագրողներին, ինչպես նաեւ տուժող կողմի ներկայացուցիչներին: Ավելին՝ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը դատական դահլիճում փորձել է հարձակվել փաստաբան Տիգրան Եգորյանի վրա, սակայն ոստիկանները կարողացել են հանդարտեցնել ամբաստանյալին: 

Նախորդ հոդվածը‘Սուարեսը 2002-ից ի վեր «Ոսկե խաղակոշիկի» առաջին դափնեկիրն է, ով չի դարձել «Ոսկե Գնդակի» հավակնորդ’
Հաջորդ հոդվածը‘«Հայաստանը նախկին արդյունաբերական երկրից վերածվում է թույլ զարգացած գյուղատնտեսական երկրի»’