‘Հարցումս տարածքիս օգուտ է. Մամուլ’

1039

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է Երևանի Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող շենքերից մեկի մոտ 480 քմ տարածքի սեփականաշնորհման հարցը։ Այդ տարածքն այժմ օգտագործում է ««Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ–ն, որն էլ հենց գնորդն է։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն: Տարածքը նշված ՍՊԸ-ին է վաճառվելու է մոտ 31 միլիոն դրամով։ Այսինքն, մեկ քմ-ի գինը կազմելու է մոտ 65 հազար դրամ։ Սակայն ՀՀ պետական կադաստրի տվյալներով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որտեղ գտնվում է նշված շենքը, մեկ քմ-ի միջին շուկայական գինը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է ավելի քան 282 հազար դրամ։ Փաստորեն, նշված ՍՊԸ-ն տարածքը ձեռք է բերելու շուկայականից 4.3 անգամ ավելի ցածր գնով։ Իհարկե, նախատեսվում է, որ ՍՊԸ–ն պետք է ներդրումներ կատարի, և վերանորոգում իրականացնի, բայց այդ ծախսերը ներառելու դեպքում էլ ՍՊԸ–ն տարածքը ձեռք կբերի շուկայականից 3-3.5 անգամ էժան գնով։

«ՀՀ կառավարության նման առատաձեռնությունը կարող է պայմանավորված լինել «Այ Փի էս Սի» կազմակերպության գործունեությամբ։ Այս տարվա փետրվարին՝ նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, այս ընկերությունը սոցիոլոգիական հարցում էր անցկացրել և «պարզել», որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում կստանա 13.3 տոկոս ձայն, և այդ «օբյեկտիվ» հարցման արդյունքները իշխանական լրատվամիջոցները լայնորեն շրջանառում էին թեկնածուի դեմ թաքնված հակաքարոզչություն իրականացնելու նպատակով»,– գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կոնգրեսի ձեռքով կրակից հանած շագանակները շատ համեղ են’