‘ՀԲՃ. Փոքր ՀԷԿ-երի հերթական բնապահպանական զոհը’

1019

Համահայկական բնապահպանական ճկատը կրկին ահազանգ է ստացել փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով գետերի ամբողջովին չորացման վերաբերյալ:

Ճակատի ակտիվիստները տեղեկացնում են, որ, որ 2013 թ. հունիսի 23-ին մի խումբ երիտասարդներ, որոնք գնացել էին հիանալու Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժով, ականատես են եղել, որ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու: Պատճառը պարզելու համար բարձրանում են գետի վերին հոսանքները և տեսնում, որ այնտեղ կառուցված է փոքր ՀԷԿ:

 Հասնելով ՀԷԿ-ի ջրառի կետը` նրանք ականատես են լինում, որ այն կուլ է տալիս գետի ամբողջ ջուրը և մտցնում խողովակի մեջ այնքան ագահորեն, որ մի գրամ ջուր անգամ չի թողնում գետին և բնությանը: Տեսանյութում երեւում է, որ իսկապես էկոլոգիական թողք ու ձկնուղի ընդհանրապես չկա, իսկ գետն ամբողջովին չորացրած է:

«Հերթական անգամ ականատես ենք լինում այսպիսի աղետալի վիճակի, ինչը շահագործողների անկշտության և բնապահպանական վերահսկողության բացակայության արդյունք է: Հասկանում ենք նաև, որ ՓՀԷԿ-երի առաջ բերած բնապահպանական խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, և անհրաժեշտ է անհապաղ մշակել այդ ոլորտը կարգավորող գիտականորեն հիմնավորված էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական չափորոշիչներ: Մեկ անգամ ևս կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել այդ չափորոշիչները մշակելու ուղղությամբ, իսկ մինչ այդ դադարացնել նոր ՓՀԷԿ-երի շինարարությունը: Կոնկրետ այս ահազանգը փոխանցում ենք բնապահպանության նախարարությանը` հորդորելով ձեռք առնելու համապատասխան միջոցառումներ», — ասվում է ՀԲՃ հաղորդագրության մեջ:

Տեսանյութը և լուսանկարները` Սամվել Հովհաննիսյանի:

Նախորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Երրորդի բացառումը՝ արդիական’