‘ՀԲ. Հայաստանը տարածաշրջանային «առաջատար» է մենաշնորհների եւ գործազրկության ցուցանիշներով’

1168

Աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը Հայաստանում լուծելու համար անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի` «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ հինգ տարի շարունակ գրանցված տնտեսական վերելքը չլուծեց զբաղվածության խնդիրը Հայաստանում: Այդ վերելքը պայմանավորված էր շինարարության ոլորտում օտարերկրյա ֆինանսավորման ներհոսքով, ինչի արդյունքում տնտեսությունը դարձավ խոցելի արտաքին ցնցումների նկատմամբ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին զուգընթաց՝ գործազրկությունն աճեց, և այժմ էլ աշխատուժի 18 տոկոսը գործազուրկ է, ինչը տարածաշրջանային միջինից անհամեմատ բարձր է:

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աշխատատանքային շուկայում Հայաստանում պարադոքսալ պատկեր է: Մի կողմից, նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ աշխատուժի առաջարկը գերազանցում է պահանջարկը, մյուս կողմից` ընդհանուր գործազրկության բարձր ցուցանիշը:

Ընդ որում, նրա խոսքով՝ աշխատուժի դեֆիցիտ կա որակյալ մասնագետներ պահանջող ոլորտներում: Այստեղ գործատուները հաճախ ստիպված են լինում լրացուցիչ ներդրում կատարել` աշխատողների վերապատրաստումը կազմակերպելու համար: Գոհար Գյուլումյանի խոսքով՝ հայաստանյան աշխատաշուկայում վատ է գործում աշխատանք փնտրողների եւ առաջարկողների միջեւ կապը:

Իր հերթին՝ գործազրկության բարձր ցուցանիշը, ըստ ՀԲ փորձագետների, հետեւանքն է տնտեսական աճի դանդաղ տեմպերի, իսկ վերջինիս հիմնական պատճառներից մեկն էլ տնտեսական մրցակցության խիստ անբավարար մակարդակն է:

Գոհար Գյուլումյանը նշեց, որ տնտեսությունում մեծ է խոշոր ձեռնարկությունների տեսակարար կշիռը, ինչը մեծացնում է մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների առաջացման հավանականությունը:

Մենաշնորհների ցուցանիշներով եւս Հայաստանը տարածաշրջանային «առաջատար» է: Ըստ զեկույցի՝  Հայաստանի տնտեսության մոտ 20%-ը պատկանում է մենաշնորհներին (ամենաբարձր ցուցանիշը նախկին ԽՍՀՄ եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում):

Ընդ որում, Գյուլումյանի խոսքով՝ այս ոլորտում կարգավորող մարմինը` ՏՄՊՊՀ-ն ավելի շատ կենտրոնացել է գների փոփոխություններ արձանագրելու վրա` չքննելով, թե ինչ պատճառներ են հանգեցնում գների փոփոխությանը: Ըստ փորձագետի՝ տնտեսական մրցակցությունը կարելի է բարձրացնել` բարձրացնելով չարաշահումները պատժող տուգանքների չափը: «Երբեմն, որոշ տնտեսվարողներ, գիտակցելով, որ խախտում են գործում, նախօրոք պատրաստում են տուգանքի գումարն ու խախտումն անում, քանի որ տուգանքների չափը հաճախ սիմվոլիկ է», — նշեց նա:

Համաշխարհային բանկն առաջարկում է Հայաստանի կառավարությանը ավելի գործուն օրենսդրական մեխանիզմներ մշակել հակամենաշնորհային ոլորտում:

Նախորդ հոդվածը‘Գլենդեյլում հայ համայնքը բողոքի ակցիաներով է դիմավորում Օբամային’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ Բյուջե-2014. ՀՀ-ն 11 տոկոսով կբարձրացնի ԼՂՀ-ին տրվող միջպետական վարկը ‘