‘«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ը դադարեցնում է իր հարաբերությունները Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ’

1868

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի հայտարարությունը.

«Արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից չհայտարարված պատերազմը: Ավերածությունների եւ ֆիզիկական բռնության մասշտաբները, որին ազատատենչ Լենային Ղարաբաղի Հանրապետությունը ենթարկվել է Ադրբեջանի բարբարոսական Հանրապետության կողմից, համեմատելի է արցախյան առաջին պատերազմի հետ: Պատերազմի երեք օրվա ընթացքում միջազգային հանրությունը, ի դեմս միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել ագրեսորին դատապարտելու ուղղությամբ, այլեւ ընդհակառակը, անում են ամեն ինչ հավասարեցնելու համար Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի` հայրենիքի պաշտպանությանն ուղղված պաշտպանողական գործողությունները:

Հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների նման վարքը` «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն որոշում է ընդունել հրաժարվել ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում անցկացվող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության նախագծերից, եւ կոչ է անում նույնն անել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին:

Միաժամանակ, «Հելսնիկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները չեն դատապարտում Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրենց պետության ագրեսիվ գործողությունները եւ համարում է ադրբեջանական ՀԿ-ների հետ համագործակցությունն այս պահին անկախ Լեռնային Ղարաբաղի համար վնասակար եւ վտանգավոր, ու դադարեցնում է իր հարաբերությունները Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ:

«Հելսնիկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն դիմում է ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններին` կոչ անելով արգելել ԼՂ եւ ՀՀ ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցությունները Ադրբեջանի ոչ կառավարական սեկտորի հետ:

 

Նախորդ հոդվածը‘Հայկական կողմն ունի 20 զոհ եւ 26 անհետ կորած զինծառայող’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը կիրառել է «Սմերչ»’