‘Հենրիխ Մխիթարյան. «Աստված երրորդություն է սիրում. այս անգամ հաղթելու ենք եզրափակչում»’

1780

Գերմանիայի Գավաթի` «Հերտայի» դեմ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրուցել է ակումբի պաշտոնական կայքի հետ:

«Իհարկե մենք արժանի էինք այս խաղում հաղթելուն, որովհետև շատ լավ էինք խաղում: Ավելի լավ չէինք էլ կարող պատկերացնել: 3-0-ն լավագույն արդյունքն էր մեզ համար, ու մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն:

Արդեն հյուրանոցում թիմով քննարկում էինք խաղը ու լիցքաթափվում միասին, որովհետև երկու օր հետո մեզ բարդ խաղ է սպասվում «Շտուտգարտի» հետ: Ուստի փորձում էինք միասին լինել, դրական մտածել ու առաջ շարժվել:

Հուսով եմ, որ այս անգամ կարող ենք նվաճել Գավաթը, որովհետև վերջին երկու անգամ հասանք եզրափակիչ, բայց չկարողացանք հաղթել: Այս անգամ ամեն ինչ անելու ենք, ջանք ենք գործադրելու, որ երրորդ անգամ արդեն հաղթենք, որովհետև ինչպես գիտեք` Աստված երրորդություն է սիրում: Այնպես որ, այս անգամ հաղթելու ենք:

Հույս ունեմ, որ կշարունակեմ գոլ խփել այս մրցաշարում, որովհետև իսկապես կարևոր է ամեն խաղում գոլ խփելը: Մեծ հաճույք է ամեն խաղ հաղթելը: Եզրափակչում էլ, իհարկե, ամեն ինչ անելու ենք շատ լավ խաղալու ու հաղթելու համար»,- ասել է մեր ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը‘Զիդանը դժգոհ է Բեյլից’
Հաջորդ հոդվածը‘Հանկարծամահ է եղել ամերիկացի երաժիշտ Փրինսը’