‘Հենրիխ Մխիթարյան. Լինում է, որ տաքարյուն եմ դառնում’

1096

Ուկրաինական «Վեստին» հարցազրույց է վերցրել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանից, որը ներկայացրել է Armsport.am-ը:
 

— Ռեկորդային արդյունավետութուն՝ Ուկրաինայի առաջնությունում։ Հատկանշական է, որ դա սահմանում է ոչ թե «մաքուր» հարձակվողն, այլ՝ հարձակողական ոճի կիսապաշտպանը…

— Այո, ես վառ ընդգծված հարձակվող չեմ, բայց մեր թիմը դավանում է հարձակողական ֆուտբոլ, և մրցակցի տուգանային հրապարակում գործելու հնարավորություն՝ բավականաչափ ստանում ես։ Դա է պատճառը, որ ես՝ որպես երկրորդ հարձակվող կարողացա այդքան շատ գոլեր խփել։ Բայց, իհարկե, այդ ամենն ինձ հաջողվել է ամբողջ թիմի և իմ խաղընկերների շնորհիվ։

— Համաշխարհային ֆուտբոլում ինչ-որ միտում է նկատվում. հարձակման երկրորդ գծի խաղացողներն սկսել են բոլորից շատ գոլեր հեղինակել։ Ամենավառ օրինակը՝ Մեսսին է։

-Միևնույն է, նա հարձակվող է…Ֆուտբոլն այնքան բազմակողմանի է դարձել, որ գոլ են խփում ոչ միայն հարձակվողները, այլև…դարպասապահները։ Կիսապաշտպանների բարձր արդյունավետությունը, մեծ հաշվով, հարձակվողների աշխատանքի արդյունքն է, որոնք բացվում են, ազատ գոտիների են ստեղծում խաղընկերների համար։ Նույնը և «Շախտյորում է». ինձ համար բավականաչափ նպաստավոր գոտիներ են ստեղծել և Սելեզնևը, և Դևիչն ու Ադրիանոն։

— «Շախտյորում» խրախուսվու՞մ է խաղային եսասիրությունը…

— Ամեն ինչ կախված է տվյալ իրավիճակից։ Եթե կարող ես ինքդ գոլ խփել, ապա պետք է ինքնուրույն գործես։ Բայց եթե տեսնում ես, որ թիմակիցդ ավելի լավ դիրքում է, պարտավոր ես գնդակն իրեն տալ։ Եթե չարդարացված ձևով խաղը վերցնում ես քո վրա, Միստերը դժգոհում է և խաղից հետո քեզ ասելու է այն ամենն, ինչ մտածում է։ Ընդհանրապես, եսասեր կարող ես և պետք է լինես մարզումների ժամանակ։ Խաղի ժամանակ պետք չէ անձնակենտրոն լինել, այլ հարկավոր է մտածել թիմի մասին։ Ինձ թվում է, «Շախտյորում» եսասերներ չկան։

— Բրազիլացիների հե՞շտ եք ընդհանուր լեզու գտնում։ Գիտեմ, որ ժամանակին փորձաշրջան եք անցել «Սան Պաուլոյում». միգուցե, այդ ընթացքում մի փոքր բարելավե՞լ եք պորտուգալերենի իմացությունը։

-Այո, նախքան Բրազիլիա մեկնելս, երկու ամիս այդ լեզվի դասընթացների եմ մասնակցել Հայաստանում։ Ճիշտ է, սովորելը մեկ բան է, իսկ իրական կյանքը՝ մեկ այլ։ Արդեն այնտեղ, տեղում, և՛ դպրոց եմ հաճախել, և թիմակիցների հետ աշխույժ շփվել եմ։ Ընդհանուր առմամբ, հեշտ եմ յուրացրել պորտուգալերենը։ Այդ իմաստով բոլորը զարմացած էին, թե ինչպես կարելի է այդքան կարճ ժամանակահատվածում բավական լավ տիրապետել լեզվին և խոսել մաքուր պորտուգալերենով։

— Ձեզ համար հետաքրքի՞ր է խաղալ Ուկրաինայի առաջնությունում։

-Իհարկե , հետաքրքիր է և տարեցտարի՝ ավելի դժվար: Վերջին տարիներին թիմերն անհամեմատ ուժեղ են դարձել, խաղացողների ընտրությունն էականորեն ավելի լավն է: Ի՞նչը դուր չի գալիս: Հավանաբար, յուրաքանչյուր ֆուտբոլիստի դուրը չի գալիս, երբ արդեն նոյեմբերի վերջերին խաղադաշտերը վատ վիճակում են հայտնվում: Նույնը վերաբերում է մարտ ամսին: Ֆուտբոլ խաղալ՝ ուղղակի հնարավոր չէ: Կարծում եմ, որ սա ուկրաինական ֆուտբոլի ամենամեծ թերությունն է: Պետք է բարելավել խաղադաշտերի որակը: Իսկ մնացածն առաջնությունում դուր է գալիս ինձ:

— Հնարավո՞ր է, որ եթե Ուկրաինայում լավ խաղադաշտեր լինեին, դուք «Բորուսիայի» հետ ավելի լավ խաղայիք:

— Այո, հնարավոր է, եթե այդ դեպքում առաջնությունում ընդմիջումն ավելի քիչ լիներ: Առանց պաշտոնական հանդիպումների երեք ամիս անցկացնելը՝ շատ է: Ոչ մի ընկերական խաղ չի կարող լիովին պատրաստել քեզ «Բորուսիայի» նման մրցակցի դեմ խաղին: Չկա անհրաժեշտ լարվածությունը, մթնոլորտը, որը կա Չեմպիոնների լիգայում: Այդ ժամանակահատվածում մենք շատ բան կորցրեցինք: Եթե նման երկար ընդմիջում չլիներ կամ ընդհանրապես չընդհատվեր առաջնությունը, ապա «Բորուսիայի» հետ այլ կերպ կխաղայինք:

Նրանց հետ դիմակայության արդյունքը՝ թյուրիմացություն եմ համարում: Այո, խոշոր հաշիվն ունի պատճառներ: Բայց եթե այժմ նրանց հետ 10 խաղ խաղանք, ապա 9-ում չենք պարտվի: Առավել ևս՝ 0:3 հաշվով:

— Ձեր խփած գոլերից ո՞րն եք համարում լավագույնը:

— Կարծում եմ, ներկայիս առաջնության 23-րդ գնդակը: Այն ինձ համար ամենաթանկն էր և ամենադժվարը: Շատ երկար էի սպասել դրան, երեք տուր չէի կարողանում խփել, և այն ինձ տվեց մեծ վստահություն և հանգստություն: Այժմ արդեն գործն արված է` ռեկորդը գերազանցված է և կարելի է առանց լարվածության աշխատել:

— Այժմ կա այլ լարվածություն, շուրջ բոլորը խոսում են Ստարուխինի ռեկորդի մասին, և կրկին պետք է լարվել…

— Դա արդեն ակումբի նվաճում է և, չեմ կարծում, որ այն թարմացնելու մեծ կարիք կա: Իհարկե, հաճելի կլիներ, եթե նման բան հաջողվեր ինձ, բայց, ամեն դեպքում, ուկրաինական ռեկորդն ավելի կարևոր էր: Ռեկորդը պետք է գերազանցեր «Շախտյորի» խաղացողը:

-Համաշխարհային աստղերից ո՞վ է ավելի շատ նման ձեզ՝ իր խաղով, խաղաոճով:

— Ես ինձ չեմ տեսնում կողքից, չեմ կարող ինքնագնահատական տալ: Ավելի լավ է այդ մասին հարցնել մասնագետներին, որոնք կարող են իրապես համեմատել տարբեր խաղացողների խաղը:

— Ինչպիսի՞ բնավորություն ունեք, հայերի նման տաքարյու՞ն եք:

-Ե՛վ տաքարյուն եմ, և՛ սառը և՛ ջերմ: Տարբեր: Լինում է, որ հունից դուրս եմ գալիս և շատ տաքարյուն եմ դառնում: Լինում է հակառակը` հանգստություն և սառը դատողություն եմ դրսևորում:

— Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՊՀ-ի առաջնությանը:

— Եթե նման որոշում կայացվի, ապա իհարկե, պետք է մասնակցել, ոչ մի տեղ չես կորչի: Այդ առաջնությանն իմաստն այն է, որ ավելի ուժեղ կդառնաս: Բայց մյուս կողմից, այնտեղ չեն հայտնվի մի շարք ուկրաինական թիմեր, ամեն ինչ կկորի նրանց համար:

— ԱՊՀ-ի առաջնությանը մասնակցելը «Շախտյորին» ավելի ուժե՞ղ կդարձնի:

— Կարծում եմ`այո, քանի որ խաղալու ենք միայն ուժեղ մրցակիցների հետ: Եվ յուրաքանչյուր խաղ կլինի՝ ինչպես եզրափակիչ: Նման մրցակցության դեպքում, անշուշտ, մենք ավելի ուժեղ կդառնանք:

— Կա՞ թիմ, որտեղ երազում եք հայտնվել:

— Տարբեր տարիքում ես տարբեր թիմերի եմ երկրպագել: Առաջ ես սիրում էի Մյունխենի «Բավարիային», այժմ էլ այն ինձ դուր է գալիս: Նման իրավիճակ է նաև «Բարսելոնայի» հետ: Տարիքի հետ ճաշակը փոխվում է: Չկա նման թիմ, որ միայն նրանց անունը հիացմունք առաջացնի:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր շուրջը պտտվող տրանսֆերային շշուկներին, Ձեր հնարավոր տեղափոխությանն՝ այս կամ այն ակումբ:

— Եթե անկեղծ, ապա ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում այդ ամենին: Այժմ՝ ես «Շախտյորի» կազմում եմ և իմ մտքերը կապված են այս ակումբի հետ: Մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես օգնեմ թիմին՝ հաղթել մրցաշրջանի մնացած խաղերում: Այն, ինչ գրում են իմ մասին, դա նրանց գործն է, ովքեր գրում են: Եթե, իրոք, կլինեն առաջարկներ, ապա թող դիմեն ակումբին և թող ակումբն էլ որոշի:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’
Հաջորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյան. Բոլոր նախորդ կառավարությունները ձեր ֆոնի վրա սկսում են լավը թվալ. Տեսանյութ’