‘Վահան Հովհաննիսյան. Բոլոր նախորդ կառավարությունները ձեր ֆոնի վրա սկսում են լավը թվալ. Տեսանյութ’

1923

Այսօր ԱԺ հերթական նիստում ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը բավականին ուշագրավ համեմատություն է արել Խաչիկյանի գործի եւ ընտրությունների միջեւ: Հովհաննիսյանն ասել է, թե, ըստ էության, Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել: «Նա մտածել է, որ եթե այս մարդիկ (նկատի ունի մահացած ու արտագաղթած անձանց-խմբ.) կարող են քվեարկել, ինչո՞ւ նրանք չպետք է թոշակ ստանան»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝  հավելելով, որ եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել իշխանության գլուխ մնալու համար, ապա ինչո՞ւ չի կարելի օգտագործել հարստանալու համար:

Անդրադառնալով կառավարության քննարկվող ծրագրին, Հովհաննիսյանը ասել է, որ ընստ երեկվա Տիգրան Սարգսյանի ելույթի, ստացվում է, որ ներկա իշխանությունը ռեֆորմներ է իրականացնում, որ մնա իշխանության գլուխ: Ըստ պատգամավորի, ճիշտ կլիներ, սակայն, որ իշխանությունը ոչ թե նպատակ լիներ, այլ միջոց, իսկ նպատակը հենց ռեֆորմը պետք է լինի: «Մենք քննարկում ենք ոչ թե թվեր, ոչ թե դետալներ, մենք քննարկում ենք մեր իշխանության որակը, իսկ իշխանությունն ասում է, թե՝ ամեն ինչ անելու ենք, որ մնանք իշխանության գլուխ: Միշտ չէ, որ իշխանության գլուխ մնալու համար ռեֆորմներն են օգտակար, բռնի ուժն էլ կա: Միջին դասը ստեղծելը ինքնին ռեֆորմ է: Բայց երբ տեսնում ես, որ այդ միջին դասը գալու է եւ քո դեմ քվեարկի, մտածում ես, ավելի լավ է՝ արտագաղթի: Ինչո՞ւ պետք է փորձեմ կրթել ժողովրդին: Անգրագետ, իր հոգսերի մեջ կաշկանդված մասսային ավելի հեշտ է կառավարել: Այդ դեպքում թաղի խուժանը կգա եւ կպահի իշխանությունը: Այ սա է, որ կարեւոր է: Պետք է ընտրել՝ իշխանությունը միջո՞ց է, թե՞ նպատակ: ՀՀԿ մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչը իր ելութներից մեկում ասաց, որ ձեզնից լավը չկա: Հավանաբար՝ կառավարությունն այս բանը լուրջ է ընդունել: Սա գրիգորիչական շուլուխ ա եղել, լուրջ մի ընդունեք: Դուք պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք, որովհետեւ բոլոր նախորդ կառավարությունները ձեր ֆոնի վրա սկսում են լավը թվալ»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Լինում է, որ տաքարյուն եմ դառնում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը՝ կառավարությանը. Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ. Տեսանյութ’