‘Հենրիխ Մխիթարյան. «Սա ֆուտբոլ է. մի օր երեք գոլ ես խփում, մեկ ուրիշ օր՝ ոչ մի»’

1582

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ FourFourTwo-ին տված հարցազրույցը:

Դուք վիճարկո՞ւմ եք Բունդեսլիգայի տիտղոսը, թե՞ երկրորդ հորիզոնականն իսկապես ձեր լիմիթն է հիմա:

-Մենք փորձում ենք նրանց գլխավոր մրցակիցը լինել Բունդեսլիգայում, բայց Մյունխենի «Բավարիայի» հետ մրցակցելը շատ դժվար է: Նրանք աշխարհի երեք լավագույն թիմերից մեկն են՝ «Բարսելոնայի» ու «Ռեալ Մադրիդի» հետ միասին: Ամեն դեպքում, անհնարին չէ: Մենք պետք է լավ խաղանք ու հաղթենք մեր խաղերը, իսկ հետո կտեսնենք՝ կարող ենք ինչ-որ բան նվաճել, թե ոչ:

Նախորդ տարվա անկումը միայն հոգեբանակա՞ն էր:

— Իսկապես չգիտեմ, որովհետև նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում մենք ապացուցեցինք, որ դեռ կարող ենք լավ խաղալ և խաղեր հաղթել: Եվ դա խաղացողների նույն խումբն էր ու  նույն մարզիչը, ով նախկինում երկու անգամ հաղթել էր լիգան: Կարծում եմ՝ ուղղակի որոշ խաղերի ժամանակ հաջողությունը մեզ չէր ժպտում:

Երբ դուք միացաք թիմին, շատ էիք մտածում տրանսֆերային արժեքի ռեկորդի մասին և դա արդարացնելու անհրաժեշտություն զգում: Կլոպը ձեզ ասել էր, որ լիցքաթափվեք և այդքան չանհանգստանաք: Կարողացա՞ք ավելի անհոգ դառնալ:

-Ճիշտ է, որ Կլոպն ինձ այս առումով շատ է օգնել: Նա ինձ ասաց, որ տրանսֆերի գումարը ոչ մի կապ չունի նրա հետ, թե խաղացողն ինչ է ուզում կամ խնդրում, դա միայն երկու ակումբներին վերաբերող հարց է: Ես հասկացա, որ նա իրավացի է և պարզապես մոռացա փողի մասին: Ես նաև դադարեցի մտածել ինձ անհանգստացնող այլ բաների մասին: Ձմեռային դադարից առաջ Ֆրանկֆուրտի դեմ մեր վերջին տնային խաղում ես երկու քայլից վրիպեցի դատարկ դարպասին: Անցյալում այդ դրվագն ինձ կհետապնդեր: Հիմա ես մոռանում եմ դրա մասին ու նորմալ ընդունում այն:

Հիմա թիմն ավելի ազատ է գոլ խփում, այդ պատճառո՞վ եք մտածում, որ վրիպումն այնքան էլ կարևոր չէ, քանի որ ուրիշ մեկը, օրինակ Ռոյսը կամ Օբամեյանգը կգտնեն թիրախը:

-Ոչ, ես ուղղակի իմ մասին եմ մտածում: Սա ֆուտբոլ է. մի օր երեք գոլ ես խփում, մեկ ուրիշ օր՝ ոչ մի:

Թիմը շատ գոլեր է խփում, բայց նաև շատ է բաց թողնում: Արդյոք դա՞ է հիմնական թուլությունը:

-Երբեմն պետք է գոլ բաց թողնես, որպեսզի բացահայտես քո թույլ կողմը: Միշտ էլ սովորելու ինչ-որ բան կա և դու միշտ էլ կարող ես կատարելագործվել: Իհարկե մենք չենք ուզում գոլեր բաց թողնել և պարտվել խաղերում, բայց եթե ոչ մի գոլ բաց չթողնես ու երբեք չպարտվես, գուցե, սկսես մտածել, թե ամեն ինչ կատարյալ է:

Ձեզ կտեսնե՞նք Պրեմիեր Լիգայում:

-Դա երևի աշխարհի լավագույն առաջնությունն է, չնայած կարծում եմ՝ Բունդեսլիգան էլ նույն մակարդակի վրա է: Իհարկե խոսքը փողերի մասին չէ, ֆուտբոլը նկատի ունեմ:

Բայց չնայած այդ բոլոր փողերին անգլիական ակումբները միջազգային մրցաշարերում ճիգեր են գործադրում: Ինչու՞ է այդպես:

-Գաղափար չունեմ՝ ինչու: Գուցե այնտեղ փողերը ճիշտ ձևով չեն օգտագործվել:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ն կարող է Ալեգրիին 4 տարվա պայմանագիր առաջարկել’