‘«Հեռախոսային արդարադատության» շնորհիվ պառակտեցին ու այլասերեցին ՍԴՀԿ-ն’

1440

Երևանի Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սոցիալ Դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայցն՝ ընդդեմ Գեւորգ Պերկուպերկյանի եւ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի: Հայցով Լ. Սարգսյանը պահանջում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ համագումարի արձանագրությունը եւ ապօրինի ճանաչել դրա հիման վրա կազմված կուսակցության վարչության կազմը:

ՍԴՀԿ երկու թեւերի միջեւ վեճն սկսվել է դեռեւս մի քանի տարի առաջ, երբ 2009-ի սեպտեմբերին տեղի ունեցած ՍԴՀԿ 7-րդ արտահերթ համագումարի որոշմամբ Լյուդմիլա Սարգսյանը եւ Գուրգեն Եղիազարյանը հեռացվեցին կուսակցության շարքերից:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ «զարմանալի համառութամբ ՍԴՀԿ հաջորդ՝ 8-րդ համագումարի որոշմամբ կրկին Լյուդմիլա Սարգսյանը հեռացվում է կուսակցության շարքերից»:

Ընդ որում, Գուրգեն Եղիազարյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ 2009-ին սեպտեմբերին տեղի ունեցած կուսակցության 7-րդ համագումարից մինչեւ 2012-ի հունվարը տեղի ունեցած համագումարը կուսակցությունը ոչ մի թվագրված արձանագրություն չի կազմել: «Ըստ կուսակցության կանոնադրության, կուսակցությունը պարտավոր է պարբերաբար վարչության նիստեր գումարել, որոնց արդյունքում պետք է կազմվեն թվագրված արձանագրություններ, այնինչ, ավելի քան երկու տարվա ինտերվալով մի արձանագրությունը թվագրված է «7-րդ» հաջորդը՝ «8-րդ»», — նշեց Գուրգեն Եղիազարյանը: Արդարադատության նախարարությունը, հաշվի չառնելով այս, ինչպես նաեւ՝ մի շարք այլ ակնհայտ խախտումներ եւ անհամապատասխանություններ, անցյալ տարի պետռեգիստրում գրանցել է ՍԴՀԿ կուսակցությունը՝ հիմք ընդունելով 2012-ի հունվարի 21-ին «կայացած» համագումարի արձանագրությունը:

Պարոն Եղիազարյանը ներկայացրեց նշված համագումարի վերաբերյալ արձանագրությունը (ի դեպ, արձանագրության տակ ստորագրություններ չկան), ըստ որի, այն մեկնարկել է «հունվարի 21-ին, ժամը 13:00-ին, Կոտայքի մարզի Արտավազ գյուղի «Անի ռեսորթ» հյուրանոցում»: Արձանագրությունում մանրամասնորեն նշված են ելույթների, զեկույցների, քննարկումների հաջորդականությունը: Մինչդեռ, արդարադատության նախարարության Օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանը փաստել է, որ ՍԴՀԿ 8-րդ համագումարը եղանակային անբարենպաստ պայնանների պատճառով տեղի է ունեցել ոչ թե Կոտայքի մարզում, այլ Երեւանում՝ Թեքեյան կենտրոնում: Ավելին, նույն Փանոսյանի հարցմանն ի պատասխան, «Անի ռեսորթ» հյուրանոցի տնօրեն Տ. Գալստյանը տեղեկացրել է, որ հյուրանոցում նշված օրը ՍԴՀԿ համագումար տեղի չի ունեցել:

Գուրգեն Եղիազարյանը կասկած է հայտնում, որ համագումարը ընդհանրապես տեղի է ունեցել՝ թեկուզ Երեւանում, քանի որ մամուլում դրա ընթացքը լուսաբանող ոչ մի տող չկա: «Ամենակարեւորը, որ հայտարարություն են տարածել, որ համագումարի արձանագրությունը հաստատված է նոտարի կողմից», — հեգնում է Գուրգեն Եղիազարյանը:

 ՍԴՀԿ-ն, ի դեմս Լյուդմիլա Սարգսյանի, 2012-ի ապրիլին դատական հայց է ներկայացրել՝ վիճարկելով Գեւորգ Պերկուպերկյանի ղեկավարած կառույցի գրանցումը արդարադատության նախարարությունում: Երեկ, ավելի քան մեկ տարվա դատաքննությունից հետո դատարանը, դատավոր Բունիաթյանի նախագահությամբ, մերժել է Լ. Սարգսյանի հայցը, միեւնույն ժամանակ՝ բավարարելով Գեւորգ Պերկուպերկյանի հայցը՝ ընդունելով, հունվարի 21-ի համագումարի արձանագրության օրինականությունը: Միեւնույն ժամանակ, դատարանը չեղյալ է  համարել 2009-ի սեպտեմբերի համագումարի արդյունքները, որով Լյուդմիլա Սարգսյանը հեռացվել է կուսակցության շարքերից: Այսինքն, դատարանը, ընդունելով հանդերձ, որ Լյուդմիլա Սարգսյանը առնվազն մինչեւ 2012-ի հունվարը եղել է ՍԴՀԿ ատենապետը, օրինական է համարել փաստորեն ապօրինի կառույցի՝ ՍԴՀԿ «պերկուպերկյանական» վարչության հրավիրած համագումարի արդյունքները:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, այս անօրինական փաստաթղթերի կույտը լավագույն ապացույցն է այն բանի, որ Հայաստանում արդարադատության փոխարեն գործում է «հեռախոսային իրավունքը»:  ՍԴՀԿ-ն պառակտելու եւ, փաստորեն ղեկավար կազմը այլասերելու պատճառը, ըստ Գուրգեն Եղիազարյանի, միանշանակ քաղաքական է: Պարոն Եղիազարյանը հիշեցնում է, որ Լյուդմիլա Սարգսյանը եւ ինքը գործել են ընդդիմության դաշտում՝ համագործակցելով Հայ ազգային կոնգրեսի հետ: «Մենք էինք, որ  համարձակություն ունեցանք 2008-ին նամակով դիմել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով քննել մամուլում տարածված՝ Սաշիկ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «պետք լինի՝ 10 մարդու գլուխ կուտենք, բայց վլաստը չենք հանձնի»: Եվ դրանից հետո, տեղի ունեցավ Մարտի մեկը: Մենք դատախազին դիմեցինք՝ քննելու այս երկու փաստերի միջեւ եղած կապը: Բնականաբար Գառնիկիչը (Ա. Հովսեփյանը) դեռ չի պատասխանել մեր նամակին: Բացի դրանից, մենք էինք, որ Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրում ռասիզմի եւ ապարտեիդի տարրեր էինք բացահայտել եւ բարձրաձայնել դրա մասին, քննադատել էինք Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ համարելով այն վիրավորանք Ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացի դրանից, պահանջել էինք բացահայտել, թե ով է հարստացել հանցավոր ճանապարհով Հայաստանի ոսկու պաշարների վաճառքից: Բայց փոխանակ պետական պաշարները յուրացնողի գործերը դատախազություն ուղարկելու, Ազատիչը նրան (Տիգրան Սարգսյանին-խմբ.) վերանշանակում է վարչապետի պաշտոնում: Իսկ Սեդրակ Աճեմյանը (համահնչակյան կենտրոնական վարչության ատենապետը) գովերգում է իշխանություններին», — նշեց Գուրգեն Եղիազարյանը:

Հանդիպմանը ներկա Լյուդմիլա Սարգսյանը իր հերթին փոխանցեց, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: «Թեեւ ինձ համար կանխատեսելի է հետագա ատյանների կայացնելիք վճիռը, քանի որ սա ակնհայտ քաղաքական պատվեր է, բայց մենք պետք է անցնենք բոլոր ներպետական ատյանները՝ գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելու համար», — նշեց տիկին Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ռեժիմը թուլացած վիճակում է, շատ իրատեսական է դարձել նրանց հաղթանակի կանխումը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Մի փորձեք ԲՀԿ-ին կռվեցնել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ’