‘Լևոն Զուրաբյան. Ռեժիմը թուլացած վիճակում է, շատ իրատեսական է դարձել նրանց հաղթանակի կանխումը (տեսանյութ)’

1430

Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթը այսօր, գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ:

«Բոլորս ոգևորված ենք, պատրաստվում ենք լուրջ ճակատամարտի, կան որոշակի նորություններ, հենց նոր պարզ դարձավ, որ մեր չորս տղաների գործի քննությունը վճռաբեկ դատարանում նշանակված է մայիսի 8-ին, ժամը 11-ին, վճռաբեկ դատարանում: Երկու հետևություն ունենք սրանից: Նախ՝ բոլորիդ կոչ եմ անում մայիսի 8-ին, ժամը 10:30 լինել Վճռաբեկ դատարանի մոտ, բնական է, հասկանում եք՝ ինչքան շատ մարդ լինի, այնքան լավ, որովհետև այդ օրը, ըստ էության, վճռվելու է մեր տղաների հարցը: Երկրորդ հետևությունը՝ շատ պարզ երևում են այս իշխանությունների պրիմիտիվ մտածելակերպը, մոտեցումները: Բազմիցս ասել ենք, որ իրենք էլ շատ լավ հասկանում են. այն պատիժը, որ իրենք կիրառել են Տիգրան Առաքելյանի նկատմամբ, անգամ եթե ապացուցված համարենք իրենց մեղադրանքը, որն այդպես չէ, բայց անգամ այդ դեպքում դա անհամաչափ պատիժ է, և դա բոլորի կողմից ընդունվում է: Հենց այդ պատճառով էլ արտասահմանյան դիվանագետները,միջազգային կազմակերպությունները դիտարկում են Տիգրան Առաքելյանին որպես քաղաքական բանտարկյալ, բայց ինչու են պահում նրան բանտում, և ինչու են մեր տղաների հարցը այսքան երկար ձգել: Պարզ պատճառով, բազմիցս ասել ենք դրա մասին. որովհետև այս գործը փորձում են դամոկլյան սրի նման պահել մեր երեխաների գլխներին՝ իրենց պրիմիտիվ տրամաբանութամբ մտածելով, որ դա զսպելու է մեր տղաներին համարձակ պայքարից, կամ զսպելու է այլ մարդկանց, այլ ակտիվիստների՝ համարձակ պայքարելու այս ռեժիմի դեմ: Կարող է՝ մի քանի վախկոտ մարդկանց, որոնք մեր Կոնգրեսում չեն էլ, իսկապես դա վախեցնի, բայց մեր հինգ տարվա իսկապես ծանր պայքարի բովով անցած մարդկանց նման բաները բացարձակապես չեն կարող վախեցնել: Ավելին ասեմ՝ ոգևորում են: Այնպես որ՝ պարզ է, որ սա որևէ արդյունք չի տա, բայց ուզում եմ բացել դրանց տրամաբանությունը:

Իրենք հատուկ դրեցին այս վճռաբեկ դատարնի նիստը ընտրություններից հետո՝ սկզբից նախագահական, հետո տեսան, որ ավագանու ընտրություններն էլ են դառնում լուրջ քաղաքական ճակատամարտ, դրանից էլ հետո դրեցին: Սա ցույց է տալիս՝ ինչքան վախեցած են այս իշխանությունները, ինչքան փորձում են ամեն ինչ կապել քաղաքական գործընթացների հետ: Եվ իրականում ցույց է տալիս, որ գործը քաղաքական է: Սրանից ավելի լավ ապացույց, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է, չկա: Սա նաև մեզ հուշում է, որ տղաներին, կոնկրետ՝ Տիգրան Առաքելյանին բանտից հանելու լավագույն ձևն այն է, որ մենք հենց մեր ակտիվությամբ ավագանու ընտրությունների ժամանակ ցույց տանք, թե այս իշխանությունները ինչ արժեն ժողովրդի աչքերում:

Կարծես իշխանությունները իրենք էլ են սկսել հասկանալ, թե իրենք ինչ արժեն: Էսօր նրանք կայացրել են մի որոշում, որը ցույց է տալիս, որ իրենք էլ ընդունում են, որ այս ընտրարշավում պարտվել են: Արդեն վաղուց ավանդույթ է  դարձել, որ ընտրարշավների վերջում տեղի են ունենում հիմնական քաղաքական ուժերի հանրահավաքները: Դա դարձել է ստուգատեսի նման մի բան: Ամեն քաղաքական ուժ փորձում է ցույց տալ իր ուժը: Դա իսկապես ուժի ցուցադրման լավագույն չափանիշներից է: Քաղաքական ուժը կարող է ասուլիսներ անցկացնել, ամպագոռգոռ հայտարարություններ անել, բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչ-որ մեկը ձեր հայտարարությունները լսո՞ւմ է, ինչ-որ մեկը ձեզ հետևո՞ւմ է, ինչ-որ մեկը գալի՞ս է հրապարակ՝ հետևելով ձեր կոչերին: Այնպես որ՝ շատ կարևոր էր այս հանրահավաքների շարքը: Բավականին լուրջ մրցակցություն գնաց, ամեն քաղաքական ուժ ուզում էր իր հանրահավաքը անցկացնել ինչքան հնարավոր է ուշ, օրինակ՝ մայիսի 3-ին ամփոփվեր ընտրարշավը: Անկեղծ ասեմ՝ մենք էլ էինք դիմել՝ մայիսի 3-ին մեր հանրահավաքը անցկացնելու համար, բայց պարզվեց, որ ինչ-որ անհասկանալի ճանապարհներով արդեն հանրահավաքի հայտը ներկայացվել էր Հանրապետականի կոմղից, պարզվեց, որ 2-ին զբաղված է, 1-ին զբաղված է, հազիվ մի կերպ կարողացանք ապրիլի 30-ի համար հայտ ստանալ: Բայց պարզվեց, որ դա շատ ավելի լավ էր, որովհետև ապրիլի 30-ին մենք ցույց տվեցինք, որ շարունակում ենք մնալ միակ ուժը, որի հետևից մարդիկ գնում են, ընդ որում՝ գնում են ոչ թե ՝որովհետև իրենց թելադրել են, փող են տվել, ահաբեկել են, քշել են հրապարակ, այլ որովհետև գաղափարական մարդիկ են, իսկական, համարձակ քաղաքացիներ, որոնք գալիս են Ազատության հրապարակ իրենց աջակցությունը անկեղծորեն Հայ ազգային կոնգրեսի լիդերներին հայտնելու նպատալկով: Հանրապետական կուսակցությունը այսօր պետք է վճռական հակահարված հասցներ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, էսօր նրանք պետք է հավաքվեին, տասնյակ հազարավոր մարդկանց բերեին և լեփ-լեցուն  Ազատության հրապարակը ցույց տային ամբողջ միջազգային հանրությանը և մեր ժողովրդին, իբր՝ ամբողջ ժողովուրդն այսօր սատարում է Սերժ Սարգսյանի ռեժիմին, ու միշտ էլ դա արել են: Բայց մենք գիտենք՝ ինչպես են արել. իրենց հլու-հնազանդ դպրոցների տնօրեններին, համալսարանների ռեկտորներին, հիվանդանոցների տնօրեններին ուղղակի հրամայել են, որ իրենք մարդկանց հավաքեն բերեն հրապարակ՝ դպրոցականներին, միշտ այդպես անում են, և կարծես պիտի նույն բանը անեին այսօր, բայց ի՞նչ է պարզվում: Պարզվում է որ այս մարդիկ արդեն անգամ ադմինիստրատիվ լծակներով, ահաբեկմամբ չեն կարող ապահովել մարդկանց քանակը Ազատության հրապարակում, և այսօր Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է արել, որ նպատակահարմար չի գտնում անցկացնել հանրահավաք Ազատության հարապարակում: Բա ինչո՞ւ եք զբաղեցրել էդ հրապարակը, թողեիք՝ այն ուժերը, որոնք կարող են հանրահավաք անցկացնել, անցկացնեն, թողեիք՝ մենք անեինք այդ հանրահավաքը, էլի շատ փայլուն հանրահավաք կանեինք: Սա իրենց պարտությունն է, այսօրվա իրենց քայլով հանրապետական կուսակցությունը, ըստ էության, հայտարարում է, որ իր հույսը դրել է բացառապես ընտարկեղծարության վրա: Սամվել Ալեքսանյանը արդեն անձամբ մոտենում է մեր հանձնաժողովի անդամներին, կաշառքներ առաջարկում, աշխատանքի տեղ և այլն: Էս օրի են էս մարդիկ: Մեր հանձնաժողովի անդամներին փորձում են կաշառել, որովհետև հասկացել են, որ այլ կերպ իրենց ուզած արդյունքն ապահովել չեն կարող: Չեն հասկանում նորից, թե մենք ինչ մարդկային նյութից ենք սարքած, և չեն հասկանա  երբեք:

Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում մայիսի 5-ին ճակատամարտ տալ այս ռեժիմին, ռեժիմը թուլացած վիճակում է, շատ իրատեսական է դարձել նրանց հաղթանակի կանխումը: Ես չեմ ասում, որ դա երաշխավորված է, ես չեմ սիրում սուտ բաներով ոգևորել, ավելին ասեմ, եթե դա չստացվի, ոչ մի բան չի փոխվելու: Մենք շարունակելու ենք մեր կռիվը մինչև վերջ: Ինչ էլ իրենք անեն, միևնույն է՝ այդ կռիվը արդյունքներ է տալիս: Բայց ես համարում եմ, որ հիմա ստեղծված է մի իրավիճակ, որտեղ համագործակցելով իշխանությունից դուրս այլ ուժերի հետ՝ մենք կարող ենք իսկապես հասնել նրան, որ հանրապետականը 40 տոկոսը չհավաքի: Նորից պահանջենք ազատություն մեր տղաների համար, բայց նաև պահանջենք ազատութուն մեր ամբողջ ժողովրդի համար: Կատարվել է հետևյալը՝ Տարոն Մարգարյանը բերել է իր հայտարարագրում ասել է՝ ես ունեմ այս հսկայական ունեցվածքը, և չկա որևէ օրինական ճանապարհ, որով ես կարող եմ բացատրել այս ունեցվածքի առաջացումը: Գրել է՝ ոչ ժառանգություն եմ ստացել, ոչ կողմնակի եկամուտներ եմ ունեցել, գրել է, և ունեցել եմ այս աշխատավարձը՝ ինչ-որ պուճուրիկ աշխատավարձ: Էս մարդը բացեիբաց ասում է ձեզ՝ ես թալանել եմ սա և չեմ վախենում դա հայտարարագրել, ես ձեզանից չեմ վախենում, բաց ասում եմ՝ թալանել եմ, լա՛վ եմ արել, մի հատ էլ իմ թեկնածությունը դնում եմ, որովհետև ուզում եմ ստանալ ևս հինգ տարի թալանելու իրավունք: Հանրապետականները պատասխան չունեն մեր բարձրացրած հարցին, ավելին՝ աջակցում են նրան, և սա Տարոն Մարգարյանի թալանելու իրավունքի հարցը չէ միայն: Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր հանրաքվեի է հանում հետևյալ հարցը՝ արդյո՞ք դուք, սիրելի հայ ժողովուրդ, իրավունք եք տալիս մեզ ևս 5 տարի թալանելու ձեզ»:

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Ո՞ւմ է թաքցնում քաղաքապետարանը «Երեւան» հիմնադրամի «պահարանում»’
Հաջորդ հոդվածը‘«Հեռախոսային արդարադատության» շնորհիվ պառակտեցին ու այլասերեցին ՍԴՀԿ-ն’