‘Հեռուստամարաթոն-2014-ի տխուր հեռանկարը. Վստահության դեֆիցիտ ու գեոպոլիտիկա’

1566

Վաղը՝ նոյեմբերի 27-ին, Լոս Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարները հիմնականում նախատեսվում է ուղղել ՀՀ-ը ԼՂՀ-ին կապող Վարդենիս-Մարտակերտ երկրորդ ճանապարհի շինարարությանը:

Ամեն տարի հանգանակությունից առաջ Հայաստանում եւ սփյուռքում քննարկումներ են ծավալվում հիմնադրամի գործունեության արդյունավետության հարցի շուրջ:
Հայաստանում առկա կոռուպցիան, մասնավորապես՝ շինարարության ոլորտում գոյություն ունեցող ատկատների համակարգը (որի մասին խոսում են անգամ իշխանության վերին էշելոնների ներկայացուցիչները) ավելի են խորացնում կասկածները՝ արդյո՞ք հանգանակված գումարները իրականում ծառայում են հայտարարված նպատակներին: Այս մթնոլորտը, հասկանալիորեն, չի խթանում նվիրատուների առատաձեռնությունը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, սակայն, այս կասկածները փարատելու համար բավական ուրույն մոտեցում է որդեգրել: Վերջերս, «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդաշարի եթերում, ըստ էության, չփորձելով հերքել Հայաստանում բավարար չափով կոռուպցիայի առկայությունը, նա նշում է. «Նրանից, որ Հայաստանում կա կաշառակերություն, գյուղում ապրող երեխան, որն այսօր հաճախում է խարխլված դպրոց, դրանից նրա դպրոցի պայմանները չեն լավանա: Կլավանան, երբ հիմնադրամը հավաքի գումար եւ վերանորոգի դպրոցը», — ասում է պարոն Վարդանյանը:

Այսինքն՝ ըստ հիմնադրամի տնօրենի, վատ պայմաններում սովորող երեխան մեղավոր չէ, որ վերեւներում նստած ինչ-որ չինովնիկներ գրպանում են այն գումարները, որոնք պետք է ուղղվեին գյուղի դպրոցի վերանորոգմանը: Ո՞վ կվիճի: Բայց միեւնույն ժամանակ, պարոն Վարդանյանը հորդորում է պոտենցիալ նվիրատուին՝ ի հեճուկս հայրենի կաշառակերների գումար տրամադրել «Հայաստան» հիմնադրամին՝ վերանորոգելու համար այն դպրոցը, որը պետք է վերանորոգեր պետությունը, բայց չի վերանորոգել, որովհետեւ հայրենի կաշառակերները «հասկանալիորեն» կերել են փողերը: Որովհետեւ՝ «չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի», ինչպես արձանագրում է Արա Վարդանյանը:

Այս հայտարարությունն է՛լ ավելի ուշագրավ է դառնում նույն Արա Վարդանյանի մեկ այլ հարցազրույցի ժամանակ արած բավական տրամաբանական դիտարկման ֆոնին: Խոսելով Հիմնադրամի՝ գումար հայթայթելու հետ կապված դժվարությունների մասին` Վարդանյանը նշում է, որ շատ դժվար է Երեւանի ճոխ ռեստորաններն ու զվարճանքի կենտրոնները տեսնող սփյուռքահային բացատրել, որ 20 կիլոմետր այն կողմ կա մի գյուղ, որը խնդիրներ ունի: Կրկին՝ ոչ ոք սրա հետ չի վիճի: Սակայն, եթե հաշվի առնենք, որ Երեւանի առնվազն ամեն մի ճոխ ռեստորանի ու հյուրանոցի սեփականատեր կա՛մ պաշտոնյա է, կա՛մ պաշտոնյայի ազգական, ապա կրկին պոտենցիալ նվիրատուի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ գումար տրամադրեմ Հայաստանում ինչ-որ գյուղական դպրոցի կամ ճանապարհի բարեկարգման համար, եթե հայաստանցի պաշտոնյաներն ու գործարարները (կամ՝ գործարար-պաշտոնյաները) ավելի շատ Երեւանի կենտրոնի իրենց օբյեկտենրի բարեկարգությամբ են շահագրգռված: Առավելեւս, որ երաշխիք չկա, որ ատկատին սովոր պաշտոնյաները չեն գայթակղվի նվիրբերված գումարի տեսքից:   

Ինչեւէ, արձանագրենք, որ վերջին ավելի քան մեկուկես տասնամյակում հիմնադրամի կազմակերպած հանգանակությունը կարծես վերածվում է ավելի շատ գումար հավաքելու մրցավազքի՝ հաճախ ծառայելով Հայաստանի գործող իշխանությունների քարոզին: Կարելի կլիներ ասել, որ այս գործելաոճը արդարացնում է իրեն, որովհետեւ գոնե վերջին տասնամյակում, չհաշված ճգնաժամային մի քանի տարիները, հավաքագրված գումարները որոշակի վայրիվերումներով աճ են արձանագրում: Սակայն խնդիրն այն է, որ, ինչպես փորձը ցույց է տալիս, հաճախ հեռուստամարաթոնների ժամանակ խոստացված գումարները այդպես էլ ամբողջությամբ չեն գրանցվում Հիմնադրամի հաշվեհամարին:
Ասվածի ամենացայտուն օրինակը, թերեւս, 2008-ի մարաթոնն էր, երբ նախագահի պաշտոնում ինքնահաստատվելու խնդիր ունեցող Սերժ Սարգսյանի «քավորությամբ» հայտարարվեց, որ Հիմնադրամը ստացել է 35 միլիոն դոլարի խոստում: Սակայն հաջորդ տարի պարզ դարձավ, որ հիմնադրամի հաշվին փոխանցվել է ընդամենը շուրջ 10 միլիոն դոլար:

Նախորդ տարի էլ հայտարարվեց, որ մարաթոնի ընթացքում մեր հայրենակիցները 21 միլիոն դոլար են նվիրաբերել կամ խոստացել են, որ կնվիրաբերեն: Հիմնադրամի հանրային կապերի ծառայությունից iLur.am-ին այսօր տեղեկացրեցին, որ մինչ օրս 21 միլիոնից փոխանցվել է $16,7 միլիոնը, մնացած շուրջ $4 միլիոնին Հիմնադրամը դեռ սպասում է: Հիմնադրամում նշում են նաեւ, որ սա սովորական պրակտիկա է, երբ խոշոր նվիրատուները գումարները փոխանցում են ոչ թե միանգամից, այլ՝ համապատասխան համաձայնագրերի միջոցով գումարը փոխանցվում է մի քանի տրանշով:

Ինչ վերաբերում է այս տարվա սպասելիքներին, ապա ռեկորդային թվեր, ամենայն հավանականությամբ, չեն գրանցվի: Պատճառը, ըստ Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի, աշխարհաքաղաքական իրավիճակն է: Քանի որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը բարդացրել է մեր հայրենակիցների ֆինանսաան դրությունը հակամարտության երկու կողմերում էլ: Ավելին, Արա Վարդանյանը կասկածում է՝ արդյո՞ք ռուսաստանցի բարերարներն այս տարի ընդհանրապես կմասնակցեն դրամահավաքին: Սա առավել տխուր հեռանկար է խոստանում, եթե հիշենք, որ վերջին առնվազն չորս տարիների ընթացքում Համահայկական հիմնադրամի ամենախոշոր դոնորները հենց ռուսահայ բարերարներն են:

Պանդուխտ Արարատյան

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան արգելել է իր տարածք մուտք գործել Ռուսաստանի 14 մշակութային գործիչների’
Հաջորդ հոդվածը‘Ֆեգյուսոնում սևամորթ պատանուն գնդակահարած ոստիկանը առաջին հարցազրույցն է տվել’