‘Ուկրաինան արգելել է իր տարածք մուտք գործել Ռուսաստանի 14 մշակութային գործիչների’

1002

Ուկրաինան իր տարածք մուտք գործելու արգելք է դրել Ռուսաստանի 14 մշակութային գործիչների նկատմամբ: Այդ մասին «24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը: Նրա խոսքով՝ այդ ցուցակը կազմվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության և ԱԳՆ-ի կողմից, և նրանում ընդգրկված են այն գործիչները, ովքեր արտահայտվել են Ղրիմի և երկրի հարավ-արևելքի իրավիճակի առնչությամբ: Միևնույն ժամանակ՝ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան «գրաքննություն չի մտցնում»: Նա կոնկրետ ազգանուններ չի նշել, միայն ակնարկել է, որ ցուցակում է նաև մի մարդ, ում «պապը տանկով է մտել Ուկրաինա», ինչպես նաև մի արտիստ, որը «հումորն ու սատիրան շփոթում է չարության հետ»:

Նիշչուկը նաև նշել է, որ դերասան Միխայիլ Պորեչենկովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ավելի վաղ Ուկրաինայի կինոյի պետական գործակալությունը արգելել էր այն ֆիլմերի և սերիալների ցուցադրությունը, որտեղ նկարահանվել է այդ դերասանը:

Օգոստոսի սկզբին Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջում գրառել էր, թե Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր է երկրի մուտքն արգելել «500 ռուսաստանցի դերասանների համար, որոնք հավանություն են տվել Ղրիմի անեքսիային և Ուկրաինայի մասնատմանը»: «Ճիշտ եմ համարում, որ նրանց չպետք է թույլ տալ փող վաստակել Ուկրաինայում համերգներ տալով ու ելույթներ ունենալով: Թող գնան Ղրիմում ելույթ ունենան»,- ասել էր Գերաշչենկոն: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆեյսբուքն իրեն թույլ է տվել բաժանել օգտատերերի տվյալները. Հրաժարվել չես կարող’
Հաջորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն-2014-ի տխուր հեռանկարը. Վստահության դեֆիցիտ ու գեոպոլիտիկա’