‘Հետընտրական խումհար Արմավիրում. Մամուլ’

1033

Փետրվարի 27-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր տղաների և Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանի միջև: «ՉԻ» տեղեկություններով` քաղաքի ավագանու անդամները տեղեկանալով, որ կառավարության կողմից հնարավոր է մերժվի Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը, քաղաքի օբյեկտներից մեկում կերուխում են սարքել վերջինիս վերադարձը նշելու համար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` այդ կերուխումին հրավիրված է եղել նաև Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, որը նույնպես ավագանու անդամ է, բայց վերջինս մերժել է հրավերը: Այդ հանգամանքր զայրացրել է կերուխումի մասնակիցներին, և նրանէ «երեկոյից անմիջապես հետո» գնացել են Նվեր Պետրոսյանի տուն` նրանից հաշիվ պահանջելու:

Թերթը հիշեցնում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ժամանակին բոլոր ջանքերը գործադրել էր, որպեսզի իր օգնականը դառնա Արմավիր քաղաքի ավագանու անդամ` նպատակ ունենալով հետագայում նրան դարձնել քաղաքապետ: «ՉԻ»-ն փորձել է Նվեր Պետրոսյանից տեղեկանալ, թե ի՞նչն է եղել վիճաբանության բուն առիթը, սակայն նա կտրուկ հերքել է վիճաբանության մասին լուրը: «Նման բան չկա ու չի եղել: Դրանք սուտ լուրեր են»: «Մեր տեղեկություններով` Ձեզ հրավիրել են տոնախմբության, սակայն Դուք հրաժարվել եք մասնակցել և նշել նրանց հետ», թերթի այս դիտարկմանն ի պատասխան` ավագանու անդամն ասել է. «Ես քաղաքապետի ու նրա ազգականների հետ ոչ մի խնդիր չունեմ: Ընդհակառակը, երբ ինչ-որ միջոցառում է լինում, ինձ անպայման հրավիրում են, և ես մասնակցում եմ: Կրկնում եմ, այդ լուրերը ճշմարտությանը չեն համապատասխանում»:

«ՉԻ»-ն փորձել է լսել նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մեկնաբանությունը միջադեպի մասին, սակայն Խլղաթյանը տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգահարել` արագ անջատել է հեռախոսն` ասելով. «Ցտեսություն: Նո քոմենթ»:

Նախորդ հոդվածը‘Ավանդույթի համաձայն Սերժ Սարգսյանն ասում է մի բան, անում ուղիղ հակառակը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակի կանխատեսումը մարտ ամսվա համար’