‘«Հերիք ա լափեք մեր փողերը». Բողոքի ցույց` Կառավարության դիմաց’

2235

Կառավարութան շենքի դիմաց այսօր ավանդաբար բողոքի ակցիաներ անցկացնող քաղաքացիների խմբերին միացել էին պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ արտահայտվող քաղաքացիները:

Ակցիայի մասնակիցների ժամանումից շատ առաջ Կառավարության մոտակայքում` Բուզանդի փողոցի վրա ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կուտակել` փակելով փողոցի երթեւեկությունը:

Մի քանի հարյուր բողոքավորներ, հիմնականում` ՏՏ ոլորտի մասնագետներ հնչեցրեցին իրենց պահանջները` առնվազն հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը: Նրանք եկել էին  «Հետ տվեք մեր փողերը», «STOP անարդյունավետ կառավարությանը» եւ այլ բովանդակության պաստառներով:  

«Կառավարությունը պետք է հասկնա, որ մե’նք ենք որոշում` որտեղ պահել մեր փողերը` օտարերկրյա ֆոնդերում, հայկական բանկերում, թե բարձի տակ: Ոչ ոք չի կարող պարտադրել քաղաքացուն հրաժարվել իր սեփականությունից», — նշեց ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:

Ցուցարարները հիմնականում դեմ են օրենքի պարտադիր բաղադրիչին: Նրանք ասում են, որ մարդու աշխատավարձը մարդու սեփականությունն է, եւ համաձայն Սահմանադրության, մարդն իր եկամուտներից գանձվող հարկերից բացի պարտավոր չէ այլ վճար մուծել: Բացի դրանից, ցուցարարները չեն վստահում Կառավարությանը:

«Այն ժողովուրդը, որը կորցրել է խորհրդային բանկերում ավանդված գումարները, որի վրա Կառավարությունը նորանոր տուրքեր է դնում, չի կարող երաշխիք ունենալ, որ վաղն իր փողերն իրեն կվերադառնան», — նշեց ինժեներ Հայկ Ավետիսյանը:

Իսկ ծրագրավորող Վարդան Մկրտչյանն iLur.am-ին ասաց, որ ստիպված է լինելու հեռանալ երկրից, եթե օրենքի կիրառումը չկասեցվի: «Եթե օրենքն ընդունողներին չենք կարողանում հեռացնել, ստիպված ենք մենք հեռանալ», — ասաց նա:

Ցուցարարները նշեցին նաեւ, որ այս օրենքը մեծացնում է ստվերային տնտեսության հավանականությունը: Նրանց խոսքով, համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները ստիպված են լինելու պաշտոնապես ավելի փոքր աշխատավարձ «ցույց տալ»`որպեսզի թաքցնեն իրական եկամուտները:  

Ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանություններից ոչ թե մամուլի ասուլիսների միջոցով համոզել, որ ընդունված օրենքը «լավն է», այլ բովանդակային հանրային քննարկում անցկացնել դրա դեմ բողոքողների հետ: Շուտով պարզ դարձավ, որ հերթական նիստին մասնակցող կառավարության անդամները շենքից դուրս են եկել հետնամուտքով: 

Ցուցարարներին մոտեցավ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը հրաժարվեց հրապարակային բանավեճից: Ցուցարարները պաշտոնյային փոխանցեցին քննարկման գրավոր հրավերը:  

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին արտահերթ նիստ էր հրավիրվել` պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը հետռաձգելու օրակարգով: ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունը տապալեցին նիստը` չներկայանալով ԱԺ:

Ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարություն են ստորագրել, որով պատրաստակամություն են հայտնել խնդրի վերաբերյալ համակարգված գործունեություն ծավալել, այդ թվում` վիճարկել օրենքի սահմանադրականությունը դատարանում:

Նախորդ հոդվածը‘Хватит дурака валять, дурака надо валить!!!’
Հաջորդ հոդվածը‘Կարծիք Սփյուռքից. Կը Խնայէ՞ք «Մովսէս Խորենացի»-ն, «Մխիթար Գօշ»ը’