‘Հերքում է Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջի սպասարկման տեխնիկական խմբի (!) պատասխանատուն’

2197

Ինչպես հայտնել է iLur.am-ը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «ու՞մ օգտին կքվեարկեիք մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին» հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնց գերակշիռ մասն իր ձայնը տվել է իշխող Հանրապետական կուսակցության օգտին: Սակայն պարզվել է, որ ՀՀԿ-ի վիրտուալ էլեկտորատի հիմնական մասը «ֆեյքեր» կամ այլ կերպ ասած կեղծ օգտատերեր են եղել:

«Տարոն Մարգարյանի Facebook-յան էջից որևէ մեկին որևէ բան չի խնդրվել: Այն տեղեկատվությունը, իբր քաղաքապետը սոցիալական ցանցերում մարդկանց փորձել է համոզել օնլայն հարցումներում քվեարակել իր օգտին, բացարձակ սուտ է: Համացանցային տարբեր քվեարկությունները մեզ չեն հետաքրքրում», — ըստ Times.am-ի, այս մասին ասել է Տարոն Մարգարյանի Facebook-յան էջի տեխնիկական խմբի պատասխանատու Մարիա Բարաղամյանը:

Ուշագրավն այն է, որ Տարոն Մարգարյանը, պարզվում է, Facebook-ում իր գործունեության քարոզչությունը սպասարկելու համար մի ամբողջ տեխնիկական խումբ է պահում՝ իր պատասխանատուով ու նրա ենթականերով հանդերձ: Ամենայն հավանականությամբ, խմբի անդամներն իրենց ծառայությունների համար նաեւ  աշխատավարձ են ստանում: Այս՝ առաջին հայացքից չնչին փաստը վկայում է քաղաքապետարանի բյուրոկրատական ապարատի անսահման ուռճացվածության մասին: Կարելի է միայն ենթադրել, թե Հանրապետական կուսակցությունն իր քարոզչությունը խորհրդային պրոպագանդայի «լավագույն ավանդույթներով» իրականացնելու համար ինչ միջոցներ է ծախսում հարկատուներիս հաշվին:   

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում դաժան մարտերի հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Սելյուկ. Ռուբեն Հայրապետյանը լավ կաներ, զսպեր իր էմոցիաները’