‘ՀԷՑ-երը չեն վճարում գնած էլեկտրաէներգիայի դիմաց և դիմելու են ՀԾԿՀ էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով. Մամուլ’

24023

Հայաստանյան մամուլը այսօր անդրադառնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ստեղծված ծանր իրավիճակին: «Ժողովուրդը» գրում է, որ ՀԷՑ-ը այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց դեռևս չի վճարել: Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ ՀԷՑ-ը պարտավոր է առաջնահերթ ՓՀԷԿ-երի գումարները վճարել: «Ուստի, եթե ՀԷԿ-երին չի վճարում, ապա դա նշանակում է՝ չի վճարում ոչ մեկին»,- եզրակացնում է թերթը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այս կապակցությամբ թերթին տված մեկնաբանության մեջ ասել է. «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վճարումները կատարվեն: Ինձ թվում է, որ մինչև ապրիլի 5-ը հարցին որոշակի լուծում կտանք: Աշխատում ենք այդ ուղղությամբ»։

«ՀԺ»-ն գրում է, ոչ ըստ որոշ տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:

Հայտնի չէ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետևանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Այսպիսով էլէներգիան Հայաստանում կթանկանա շուրջ 15-16 տոկոսով: էլէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մեր էներգետիկ ողջ համակարգում ստեղծվել է ծայրահեղ իրավիճակ: Ամբողջ համակարգը մինչև կոկորդը թաղված է պարտքերի մեջ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ այս տարվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն, էներգետիկ համակարգի պարտքերը արդեն 600 միլիոն դոլարի են հասնում։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները ներկայումս ուսումնասիրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնտեսական դրությունը:

Դեռեւս անցած տարվա կեսից հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի, ստույգ թիվը չի հրապարակվում, ըստ լուրերի՝ այն կազմում է 300-ից մինչեւ 500 միլիոն դոլար: Աուդիտի արդյունքում Սամվել Կարապետյանը վերջնական պետք է որոշի՝ գնո՞ւմ է ՀԷՑ-ը, թե ոչ:

Նախորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված հանցագործության համար մեղադրվողները ինքնակամ ներկայացել են ոստիկանություն ‘
Հաջորդ հոդվածը‘Ջիանի դե Բիազի.«Եթե մենք կիրակի օրը կարողանանք հաղթել, ապա ես շատ երջանիկ կլինեմ»’