‘Հիլարի Քլինթոնը` պաշտոնը թողնելուց մեկ օր առաջ կտրուկ մեղադրանքներով է հանդես եկել Ռուսաստանի հասցեին’

790

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ՝ պաշտոնը թողնելուց մեկ օր առաջ, Սիրիայի շուրջ իրավիճակի հետ կապված նոր, կտրուկ մեղադրանքներով է հանդես եկել Ռուսաստանի հասցեին: «Ասադին աջակցելու հարցում ռուսները պասիվ դիտորդներ չեն: Ինչպես և Իրանը, նրանք Ասադի վարչակարգին օգնում են փողով և ռազմական սարքավորումներով»,- հայտարարել է Քլինթոնը: Նա պնդել է, որ ԱՄՆ-ն հիմքեր ունի այդպես մտածելու, սակայն հրաժարվել է բացահայտել հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկատվությունը, հաղորդում է Bloomberg-ը:

Քլինթոնը նաև կրկնել է, որ հիասթափված է սիրիական հարցով ՄԱԿ-ում Մոսկվայի դիրքորոշումից, քանի որ նրա ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտում են  այդ երկրում իշխանության փոխանցման պլանի հաստատմանը, որը համաձայնեցվել է 2012 թ. ամռանը Ժնևում: Այս ամենը հնչել է Սիրիայում «ռուսական հետքի» վերաբերյալ տեղեկատվության ֆոնին, որը հայտնվեց Դամասկոսի մերձակայքում գիտահետազոտական կենտրոնի և Սիրիայից Լիբանան զենք տեղափոխող բեռնատարների ավտոշարասյան իսրայելական ռմբակոծության վերաբերյալ լուրերից հետո: Արևմտյան լրատվական գործակալությունների տվյալներով, որոնք հղում էին անում Իսրայելի աղբյուրներին, բեռնատարներով տեղափոխվել են «Бук-М1-2» (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-17) ռուսաստանյան հրթիռներ, որոնք, իբր, նախատեսված են եղել «Հեզբոլլահ» խմբավորման համար: Ինչ վերաբերում է օդային գրոհի ենթարկված գիտական կենտրոնին, ապա այդ կենտրոնի հետ, ըստ նույն աղբյուրների, համագործակցել են ռուսաստանցի մասնագետներ, որոնք նաև սիրաիցիներին օգնել են քիմիական զենք ստեղծել, հաղորդում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը համաներում է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը և Իրանը քննարկել են դատապարտյալների փոխանակման հարցը’