‘Հիշեցում. Մարգարյանի դեմ Կոնգրեսի հաղորդմանը «ընթացք կտրվի»’

1736

Գլխավոր դատախազությունն այսօր ստացել է Հայ ազգային կոնգրեսի հաղորդումը, որով ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել և պարզել` Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը միլիոնների հասնող իր ունեցվածքը արդյոք ձեռք չի՞ բերել կոռուպցիայի, «ատկատների» կամ «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» միջոցով:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հաղորդմանը «օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»: Քրեական գործ հարուցելու, հարուցումը մերժելու կամ գործն ըստ ենթակայության ուղարկելու համար օրենքով տասնօրյա ժամկետ է սահմանված։

Հաշվի առնելով, որ Երևանի ավագանու ընտրություններին մնացել է ընդամենը 5 օր, Կոնգրեսն, ի սկզբանե հայտարարել էր, որ ակնկալիքներ չունի, որ արագորեն քրեական գործ կհարուցվի, պարզապես անհրաժեշտ է համարել գնալ այս քայլին, որպեսզի ժողովրդին ներկայացվեն փաստերը:

Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը չհամաձայնեց իշխող կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ Տարոն Մարգարյանի դեմ այս քայլով Կոնգրեսը ընդամենը փորձեց ընտրությունների շեմին բարձրացնել սեփական վարկանիշը։

«Հանրապետականը մինչև նման հայտարարություն անելը թող հետևեր մեր գործողություններին և կտեսներ, որ մենք միշտ այդ դիրքերից ենք հանդես եկել»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խաչատրյանը,- «Իրենց հիշեցում. երբ մենք երկխոսություն սկսեցինք, թվարկեցինք այն 88 պատգամավորների անունները, որոնք զբաղվում են գործարարությամբ, դա նախընտրական քարոզչության շրջանակներում չէր: Ուղղակի փաստ ենք ներկայացնում, որ արձանագրվել է, թող իրենք պատասխանեն, հերքեն»:

Եթե 2005-ին Տարոն Մարգարյանն ունեցել է 7 միլիոն դրամից մի փոքր ավելի կարողություն, ապա 2013-ին, ընդդիմության հաշվարկներով, նրա գումարներն ու գույքը գերազանցում են 6 միլիոն դոլարը:

Նախորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում հրապարակվել է արգելված անունների ցանկ’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Երեւանցին հետ է ուղարկում Տարոն Մարգարյանի նամակը՝ սխալներն ուղղած. Լուսանկար’