‘Հիշեցում. 350 մլն դրամ, 3 մլն 500 հազար դոլար եւ 1 մլն 400 հազար եվրո. ՀՀԿ ցուցակում հայտնված պաշտոնյաների բարեկամների հայտարարագրերը’

2546

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում են հայտնվել նաև հայտնի պաշտոնյաների որդիներ:

ՀՀԿ ցուցակում է, օրինակ, ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) որդին՝ Արման Մադաթյանը, ով ներկայիս ավագանու կազմում է։ Նա ՀՀ էկոնոմիկայի նախարարության  «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնի պետն է և Մհեր Սեդրակյանի (Թոխմամխի Մհեր) փեսան։ Հատկանշական է, որ ՕԵԿ-ն առանձին ցուցակով է մասնակցում գալիք ընտրություններին, սակայն Մադաթյանի որդին, չգիտես ինչու, հայտնվել է ՀՀԿ ցուցակում:

iLur.am-ը ուսումնասիրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ պարզեց, որ նա Երևանի քաղաքապետարանից փոխհատուցում է ստանում 390.000 դրամի չափով, և 120.000 դրամ աշխատավարձ «Ստանդարտների Ազգային ինստիտուտից»:

 

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը ևս ՀՀԿ ցուցակում է։ Նա «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՓԲԸ տնօրենն է: Հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ Օրբելի փողոցում՝ համատեղ սփականության իրավունքով, 2 հողատարածք Գեղարունիքի մարզում և Երևանում: «Արաբկիր» բժշկական կենտրոնից, ըստ ներկայացված հայտարարագրի, ստանում է 6.296.625 դրամ աշխատավարձ, «Գարանտ-Ինշուրանս»-ից՝ 989.200 դրամ, ունի շահաբաժին նույն ընկերությունից՝ 421.555 դրամ: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում են 53 միլիոն 861 հազար դրամ և 39.803 ԱՄՆ դոլար: Ունի 0.47 տոկոս բաժնետոմս «Գարանտ-Ինշուրանս» ընկերությունում:

 

ՀՀԿ–ի ավագանու ցուցակում է նաև ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) որդին՝ Արամ Աղաբաբյանը։ Նա «Հրազդան կենտրոնական մարզադահլիճ» ՓԲԸ-ի 1-ին փոխտնօրենն է։ Հայտարարագրել է միայն Volkswagen Touareg  մակնիշի ավտոմեքենք, աշխատավարձը կազմում է 4.368.000 դրամ:

 

Hetq.am-ը նախօրեին պարզել է, որ «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության փոխտնօրենը` Արթուր Պետրոսյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, 34 միավոր անշարժ գույք է հայտարարագրել՝ շենք-շինություններ, հողամասեր, բնակարաններ, ավտոտնակներ ու ավտոկայանատեղիներ, կրպակներ, առեւտրի սրահ, շուկա, խանութներ եւ այլն:

30-ամյա Արթուր Պետրոսյանի  հողամասերից 4-ը, ինչպես նաեւ 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղին գտնվում են Հյուսիսային պողոտայում: Քիչ չեն նաեւ նրա դրամական միջոցները: Ապրիլի 3-ի դրությամբ Արթուր Պետրոսյանի հաշվին եղել է 350 միլիոն դրամ, 3 միլիոն 500 հազար դոլար եւ 1 միլիոն 400 հազար եվրո:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ոստիկանություն. ընտրողների վերջնական թիվը 816475 է’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Տարոն Մարգարյանը Նեմեցի ընկերն է ‘