‘ՀՀԿ-ական պատգամավոր. Ամբողջ պայմանագիրը կարդացել եմ’

1381

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը

— Տիկին Աճեմյան, ի՞նչ խղճով կողմ քվեարկեցիք այդ համաձայնագրին:

— Այս 20 տարիների ընթացքում բազմաթիվ գործարքներ են տեղի ունեցել, որոնց առթիվ  բողոքներ են եղել ԱԺ նիստերում, եւ այդ կազմակերպությունները հաջողությամբ շարունակում են աշխատել:

—  Ինքներդ կարդացե՞լ եք արդյոք պայմանագիրը, Ձեզ դո՞ւր է եկել այն:

— Այո, ամբողջ պայմանագիրը կարդացել եմ: Իսկ ձեզ դո՞ւր է գալիս, որ մեր ժողովրդի 158մլն դոլարի պարտքը թողնեինք՝ իրենց վրա մնար:

— Իսկ իշխանություններին ո՞վ էր խնդրել կուտակել այդ պարտքը:

-Սխալ եք պատկերացնում:

Այդ 158 մլնը կարող էիք Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի եւ մյուսների անձնական միջոցների հաշվին վճարել, ոնց որ առաջարկել էր Լեւոն Զուրաբյանը:

—  … (ժպտում է եւ արագ քայլելով փորձում հեռանալ,-Ա.Գ.):

Այնուամենայնիվ, Ձեզ դո՞ւր է գալիս, որ «Հայռուսգազարդի» տնօրենների խորհրդի նիստին ՀՀ ներկայացուցիչը պետք է ներկա գտնվի առանց ձայնի իրավունքի:

— Ես դեմ չեմ, որ կան խնդիրներ, կան կետեր, որոնք վիճարկելի են: Եվ ես համարում եմ, որ այդ հարցով անպայման պրոֆեսիոնալների մասնակցություն է պետք, որ միայն պրոֆեսիոնալ մարդիկ պետք է քննարկեն ու որոշում կայացնեն: Ես ինքս համոզված եմ, որ բողոքողների մեծ մասը չգիտի, թե ինչի մասին է պայմանագիրը: Չի կարելի: Նաեւ ես համարում եմ, որ հեռացել են քաղաքական տիրույթներից եւ տեղափոխվել անեծքի ու հայհոյանքի տիրույթ:

— Դուք ճիշտ համարո՞ւմ եք, որ որպես պատգամավոր՝ չեք կարող որեւէ օրենք ընդունել, որը մինչեւ 2044թ. կազդի «Հայռուսգազարդի» վրա:

— Ես համարում եմ, որ տվյալ պահին մեր անվտանգությունն ամենակարեւորն է, եւ համարում եմ, որ ովքեր մասնակցել են բանակցություններին, քննարկել են, բանակցել են, ճիշտ որոշում են կայացրել:

— Չե՞ք կարծում, որ ՀՀ ԱԺ դահլիճում տեղի ունեցավ պետական դավաճանություն:

— Ոչ, բացառվում է: Ես երբեք դավաճանական ակտ չեմ համարում սա:

 

Արման Գալոյան

Հ.Գ. Նշենք, որ Կարինե Աճեմյանը եւս այն պատգամավորների ցանկում է, ովքեր այսօր կեղծիքով կողմ են քվեարկել այդ համաձայնագրերին:  

Նախորդ հոդվածը‘Հայհիդրոմետկենտրոնը շարունակում է չնկատել ակնհայտը’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.01 դրամ/դոլար’