‘ՀՀԿ-ական պատգամավոր. Է, եվրոպացիները հեչ էլ ուզեն, թե չէ` իրանց էինք մնացել’

2202

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը

— Պարոն Աղաբաբյան, ի՞նչ իմաստ ուներ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ մոտ 4 տարի բանակցություններ վարել, եթե վերջում պետք է Սերժ Սարգսյանը հայտարարեր Մաքսային միությանն անդամակցելու մասին:

— Ծանոթանում էինք եվրոպացիների հետ:

— Հետո՞:

— Հետո տեսանք, որ լավն են, վատը չեն:

— Բա եթե լավն էին, ինչո՞ւ չստորագրեցիք իրենց հետ Ասոցացման համաձայնագիրը:

— Դե հիմա իրենց հետ էլ կարող ենք ստորագրել: Բայց կարող է խանդ առաջանա երկուսի մեջ:

— Եվրոպացիներն ասում են, որ էլ չեն ուզում ՀՀ-ի հետ համաձայնագիր ստորագրել:

— Է, հեչ էլ ուզեն… թե չէ` իրանց էինք մնացել:

Մտավախություն չունե՞ք, որ այսպիսով ՀՀ իշխանություններն անվստահելի գործընկերոջ համբավ են ձեռք բերում:

— Երբեք: Ինչո՞ւ ենք անվստահելի:

— Դե չորս տարի շարունակ ԵՄ-ի հետ եք բանակցում, հետո ՌԴ-ի առաջարկած ՄՄ-ն եք մտնում:

— Անվստահելի կլինեինք, եթե ՌԴ-ի հետ չլինեինք:

— Բայց ի՞նչ է տալու ՄՄ-ին անդամակցելը:

— Շատ բան: Միայն այն, որ իմ կարծիքով, ավելացված արժեքի հարկը դուրս կգա, մեր արտադրությանը, մեր արդյունաբերությանը շատ մեծ խրախուսանք է, ու կարեւորը` մեզ նման երկիրը, որը շրջափակման մեջ, շուկա չուներ: Իսկ Բելառուսի եւ ՌԴ-ի շուկան բավարար է, որ 1.5 անգամ ավելի մեծ ապրանքաշրջանառություն լինի:

— Իսկ չե՞ք կարծում, որ այդ առեւտրաշրջանառության ճանապարհին խնդիրներ լինեն Վրաստանի հետ կապված, այսինքն` Վրաստանը, որը ՄՄ-ի անդամ չի ցանկանում դառնալ, հանկարծ խոչընդոտներ ստեղծի տնտեսական այլ հարթության մեջ գործող երկրների համար:

— Ոչ, որովհետեւ ամեն պետություն ունի իր շահերը: Վրաստանը մեզանից շահ ունի` այնպես, ինչպես իր ճանապարհներով մենք դուրս ենք գալիս արտաքին աշխարհ, այնպես, ինչպես մենք այնտեղ բավական մեծ սփյուռք ունենք: Եվ ընդհանրապես, Եվրոպայի հետ ես չեմ էլ հրաժարվում կապերը խզելուց, որովհետեւ մեր սփյուռքը մեզ բավական է, որ մեր կապերը վստահելի, հաստատուն լինեն: Ի՞նչ է պատահել` պարտադիր պետք է տնտեսական կապեր ունենա՞նք: Ես չեմ կարծում, որ մեր ապրանքատեսակը Ֆրանսիա, Գերմանիա կամ Անգլիա կամ այլ երկիր չի մտնի, պարզապես չի ունենա այն առավելությունը, որ կարող է ունենալ Մաքսային միության երկրներում:

— ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Հայաստանի իշխանությունների` վստահությունը կորցնելու մասին:

— Բա էլ ուրիշ ինչ ասե՞ր: Բայց դա կապ չունի: Մենք չորս տարի շարունակ ծանոթացանք ու հասկացանք, որ Մաքսային միության առաջարկն ավելի լավն էր: Դրանք շահեր են: Չեմ կարծում, որ դրանք անձնական կամ չգիտեմ ինչ հետեւանքներ կունենա: Ի՞նչ է պատահել: Եթե մտնեինք այնտեղ, ու ՌԴ-ն նեղանա՞ր:

— Բալանսավորված քաղաքականություն վարել հնարավոր չէ՞:

— Բալանսավորված հնարավոր չի, որովհետեւ նրանք դեմ էին ՌԴ-ին: Եվ հետո` Եվրոպային մենք չենք էլ նեղացնում: Մենք ընդամենն ասում ենք` սա է մեզ ձեռք տալիս, սա է մեզ մոտիկ, սա է մեր հին գործընկերը: Չմոռանանք, որ ցարական Ռուսաստանում հեղափոխություն անելուց հետո, երբ Սովետական Միություն հասկացողություն առաջացավ, հայերը ունեցան հայկական պետություն: Դա լավն էր, վատն էր…կարեւոր չէ: Կարեւորը` ունեցանք պետություն: Եվ վերջապես ամենագլխավորը` եթե նեղացնես, հնին չպիտի նեղացնես: Չորս տարվա պատմությունն ի՞նչ է` 100 տարվա պատմության դիմաց:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Վաղը տեղի կունենան Վարդան Մինասյանի և Լյուբոսլավ Պենևի մամլո ասուլիսները’
Հաջորդ հոդվածը‘GMP ստանդարտների պատճառով մի շարք դեղագործական ընկերություններ դադարեցրել են գործունեությունը’