‘ՀՀԿ-ի եւ չինական Կոմկուսի տարբերությունը ‘

1317

Սեպտեմբերի 4-ին Չինաստանում 14 տարվա ազատազրկման դատապարտվեց «ժպտացող» մականունը ձեռք բերած պաշտոնյա Յան Դացայը։ Վերջինս չինական համացանցի աստղը դարձավ այն բանից հետո, երբ ֆոտոխցիկները ֆիքսեցին նրան 36 մարդու կյանք խլած ավտովթարի վայրում՝ ժպտալիս։

Ընդամենը 2 օր անց՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանում ազատ արձակվեց Սուրիկ Խաչատրյանի որդին, ում ձերբակալել էին հունիսի 1-ին նախկին մարզպետի տան մոտ արյունոտ հրաձգության գործով։

Բնականաբար, չին պաշտոնյային ժպտալու համար չէին դատապարտել։ Բլոգերները գտան «ժպտացող» Դացայի այլ լուսանկարներ՝ թանկարժեք ժամացույցով, եզրակացություն արեցին, որ աշխատավարձով ապրելով՝ նա նման ժամացույց առնել չէր կարող, ինչից հետո պաշտոնյայի կեցվածքից առանց այդ էլ վիրավորված հանրությունը է՛լ ավելի զայրացավ։ Չինական իշխանություններն ու կոմկուսը, որոնք ուշիուշով հետևում են հատկապես համացանցում ու միջին խավի հասարակական տրամադրություններին, արձագանքեցին. Դացայի մոտ գտան 800 հազար դոլարի ունեցվածք, հեռացրին նրան  կուսակցությունից ու, վերջապես, դատապարտեցին։

Կրկնենք՝ իսկ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակեցին։

Ահա այստեղ երևում է հեռակա պլանավորմամբ ապրող ու այսօրեական խնդիրներ լուծող համակարգերի տարբերությունը։ Չին հասարակությունը պահանջելով արդարություն, ուզում էր Դացայի «գլուխը», ու ստացավ այն։ Հայ հասարակությունն այս կամ այն կերպով  ուզում էր Սյունիքի մարզպետի «գլուխը», ու ստացավ լայն ապտակ։ Խաչատրյանին նույնիսկ ՀՀԿ շարքերից չհանեցին։ Նախկին մարզպետի որդու  անմեղության մասին բացատրությունները,  ընդամենը 8.2% վստահություն վայելող արդարադատության համակարգի պայմաններում՝ չեն աշխատում։

Այսպիսով, նույնիսկ միակուսակցական, այլակարծությունը ճնշող Չինաստանի Կոմկուսն ավելի ճկուն, արագ ու ճիշտ է արձագանքում երկրում ընթացող խմորումներին, քան առաջքին հայացքից բազմակուսակցական Հայաստանի իշխող կուսակցությունը։ Վերջին ընտրական փուլի ընթացքում քաղաքական դաշտն ապականած ՀՀԿ–ին թվում է, թե իր հաղթանակը վերջնական է ու անդառնալի։ Ոչինչ, սակայն, հավերժ չէ, ու ՀՀԿ–ն մի օր տեղի ունենալիք գահավիժման պահին, ի թիվս այլ հաշիվների, փակելու է նաև հայ սպայի արյան հաշիվը։

Կարեն Տեր-Սմբատյան

 

Նախորդ հոդվածը‘Բիշքեկում աշխատանքն է սկսել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը’
Հաջորդ հոդվածը‘Երբ հայհոյում է ՀՖՖ նախագահը’