‘ՀՀԿ-ն պնդում է, որ բանակը պետք է օգտագործել արտակարգ դրության ժամանակ’

1134

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը:

Ավելի վաղ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին:

ԱԺ Հանձնաժողովում քննարկման ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իր ներկայացրած օրինագծի նպատակը 2012-ի մարտին ընդունված օրենքից հակասահմանադրական դրույթները հանելն է:

Հիմնական խնդիրը, որը նախատեսված է օրինագծում, բանակը արտակարգ դրության պայմաններում օգտագործելու հարցն էր: Հիմնավորելով իր տեսակետը՝ Գագիկ Ջհանգիրյանը մեջբերեց Սահմանադրության 55 հոդվածի 13 հոդվածը, որը հստակ սահմանում է, թե որ դեպքերում պետության ղեկավարը կարող է օգտագործել հանրապետության զինված ուժերը` Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: «Արտակարգ դրության պայմաններում կարող են օգտագործվել, այո, բանակի ռեսուրսները՝ քաղաքացիական վերահսկողության ներքո, բայց ոչ որպես ռազմական միավոր», -նշեց նախագծի հեղինակը՝ հավելելով, որ սովորաբար՝ այն երկրներում, որտեղ բանակն օգտագործվել է սեփական քաղաքացիների դեմ, գերտերությունները հնարավորություն են ունեցել օտարերկրյա ռազմական միջամտություն իրականացնել:

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց ներքին անվտանգությունն ապահովելու համար մեծացնել Ներքին զորքերը, Ազգային անվտանգության զորքերը կամ նախագահի ինստիտուտին կից գվարդիա ստեղծել:  Նրա խոսքով՝ անթույլատրելի է հակառակորդի հետ սահմանին շուրջօրյա զինված հերթապահություն իրականացնող զինվորին, որը հոգեբանորեն պատրաստ է սպանել հակառակորդին, բերել քաղաք՝ սեփական քաղաքացիների դեմ: 

Առավելեւս, ըստ նրա, անցյալի փորձից հայտնի է, թե ինչպես կարող են իշխանությունները խաղաղ ցուցարարներին ներկայացնել որպես զինված խմբեր եւ նրանց նկատմամբ հետապնդում իրականացնել: «Մարտի 1-ից հետո շուրջ 200 հոգի ձերբակալվեց, 83 մեղադրական վճիռ կայացվեց, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառայի նկատմամբ, բայց զենք այդպես էլ չհայտնաբերվեց», — հիշեցրեց նա:

Բացի դրանից, ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ Արտակարգ դրության ռեժիմի մասին գործող օրենքով Հանրապետության նախագահին վերապահված են ավելի լայն լիազորություններ, քան ամրագրված է Սահմանադրության 55 հոդվածի 13 եւ 14 կետերով:

Օրինագծով փոփոխման ենթակա էր նաեւ գործող օրենքի այն դրույթը, որն արտակարգ դրության ժամանակ պարետատուն է սահմանում, քանի որ, ըստ օրինագծի հեղինակի, Պարետատունը փաստորեն հատուկ մարմին է որի գոյությունը սահմանված չէ Սահմանադրությամբ:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հակադարձեց, թե պարետատունը ոչ թե հատուկ մարմին է, այլ արտակարգ դրության ռեժիմի ապահովումը համակարգող մարմին:

Ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ պարետատան ղեկավարին փաստացի հսկայական լիազորություններ են ընձեռված. նրան արտակարգ դրության պայմաններում ենթարկվելու են պաշտպանության նախարարը, ոստիկանապետը եւ այլ պետական պաշտոնյաներ, որի գոյությունը, սակայն, Սահմանադրությամբ նախատեսված չէ:

Բացի դրանից, օրինագիծը նախատեսում է արտակարգ դրության ռեժիմը խախտած մարդկանց բերման ենթարկել, ի տարբերություն գործող օրենքի, որը նախատեսում է ձերբակալություն:

Իր հակընդդեմ ելույթում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, թե «պետք չէ սեւ գույներով ներկայացնել ամեն ինչ, Աստված ոչ անի, որ Հայաստանում արտակարգ դրության անհրաժեշտություն լինի»: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն  ի պատասխան նկատեց, որ իրավաբանները հենց «սեւ դեպքերը» նախատեսելու համար են աշխատում:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ համամիտ է նախագծում ներկայացված մի շարք դրույթների հետ, բայց առաջարկեց դեմ քվեարկել, քանի որ գործող օրենքն, ըստ նրա,  վերաբերում է ոչ թե քաղաքացիական ընդվզումներին, այլ ռազմական հեղաշրջման փորձին: Իսկ  Զինված ուժերն ընդամենը տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների ապահովման համար են միայն:

«Ես, իհարկե, չեմ էլ սպասում, որ նախագիծը դրական եզրակացություն կստանա, բայց գոնե լուրջ կասկածներ կարողացավ սերմանել այս օրինագծի վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ սա քաղաքական հարց է, ու մեծամասնությունը պատրաստ չէ անդրադառնալ դրան», — ի պատասխան՝ նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Պետա-իրավական հանձնաժողովը մերժեց օրինագիծը՝  4-ական կողմ եւ դեմ ձայներով, քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար ձայների դեպքում, առավելությունը տրվում է քաղաքական մեծամասնությաը: «ԲՀԿ»-ից Տիգրան Ուրիխանյանը, օրինագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ քվեարկեցին նախագծին:  

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հույսեր է կապում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Շիրակի մարզում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել’