‘ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. Ղրիմի տարածքում ռուսաստանյան զինված ուժեր կան’

1129

Արդեն երկու օր է, ինչ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որպեսզի վերջիններս հաստատեն, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր չեն տեղաբաշխված: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: «Սակայն, ցավոք սրտի, մինչև այս պահը մենք պաշտոնապես, դիվանագիտական մեր ուղիներով, որևէ հաստատում չենք ստացել: Այո, այսօր որոշ ռուս քաղաքական գործիչներ խոսում են այն մասին, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր չկան, սակայն մեր պաշտպանության նախարարության, սահմանապահների, ինչպես նաև այլ իրավասու մարմինների ներկայացուցիչները հաստատում են, որ Ղրիմի տարածքում ռուսաստանյան զինված ուժեր կան, ինչը հանդիսանում է բազմաթիվ պայմանագրերի խախտում, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան Սևծովյան նավատորմի տեղակայման վերաբերյալ»,- նշել է դեսպանը:

Պատասխանելով Ուկրաինայում ռուսալեզու բնակչության իրավունքների խախտման վերաբերյալ հարցին` Կուխտան նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր հայտարարում է այն մասին, որ Ուկրաինայում, հատկապես Ղրիմում, ռուսալեզու բնակչության իրավունքների խախտման փաստեր կան, և որ ազգաբնակչության ռուսալեզու շերտը ներկայացված չէ նոր կառավարության կազմում: «Ես կտրականապես դեմ եմ այդ պնդումներին: Առաջին հերթին այն պատճառով, որ ես շատ եմ աշխատել Ղրիմում՝ 15 տարի, մինչև դիվանագիտական աշխատանքի անցնելը, ես շատ լավ գիտեմ այդ տարածաշրջանը: Ավելին ասեմ՝ իմ կինը ծնունդով Ղրիմից է, իսկ ես Ուկրաինայի արևմուտքից եմ: Սակայն մենք ընտանիքը չենք բաժանում ռուսերեն և ուկրաիներեն խոսողների: Եվ ես, ունենալով Ղրիմում բազմաթիվ ընկերներ, դեռ երբևէ չեմ լսել, որ ռուսախոսների իրավունքները խախտվեին: Դրանք մտացածին փաստեր են»,- նշել է դեսպանը:

 

Նախորդ հոդվածը‘Պատահար Երևան-Սևան ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի փորձագետ. Հայկական հետախուզությունը լսում է Ադրբեջանի ՊՆ հեռախոսազրույցները’