‘ՀՀ ֆինանսների նախարարը Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը ռիսկային չի համարում’

890

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ցուցանիշը շատ բարձր կամ ռիսկային չի համարում: «Արմենպրեսի» հետ զրույցում նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ամբողջ պետական պարտքը` ներքին և արտաքին, համախառն ներքին արդյունքի շուրջ 44 տոկոսն է: «Նման ցուցանիշը բնորոշ է միջին պարտքի բեռ ունեցող երկրներին. պարտքի նման ցուցանիշը շատ բարձր կամ ռիսկային չի համարվում»,-ասել է Դավիթ Սարգսյանը` հավելելով, որ 2014 թվականի համար ներգրավված բոլոր վարկային միջոցներն արդեն արտացոլված են պետական բյուջեում:

«2014 թվականի պետական պարտքի կանխատեսման համաձայն` այն կաճի դեֆիցիտի չափով, իսկ դեֆիցիտը կլինի շուրջ 110 միլիարդ դրամ»,-նշել է Դավիթ Սարգսյանը:

Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2014 թվականի վերջի դրությամբ կանխատեսվում է 4,7 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Նախագծով պետական բյուջեի դեֆիցիտի գումարը ծրագրավորվում է շուրջ 110.5 մլրդ դրամի չափով: Դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ինչպես ներքին, այդպես էլ արտաքին աղբյուրների զուտ մուտքերի հաշվին, համապատասխանաբար` 89.9 մլրդ դրամի և 20.6 մլրդ դրամի չափով:

Նախորդ հոդվածը‘Ֆալկաո. Հեռացա «Ատլետիկոյից»՝ թիմի շահերից ելնելով’
Հաջորդ հոդվածը‘Մեքենան ընկել է ձորը. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց’