‘ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ. Թեկնածուների նախընտրական ծրագրերը հիմքեր չեն տալիս որեւէ մեկին սատարելու համար’

1006

iLur.am-ին ասում է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը

— Արդեն երկու շաբաթ է` ընթանում է նախագահի ընտրությունների քարոզարշավը: ՀՅԴ-ն թեեւ որեւէ թեկնածու չի առաջադրել, սակայն ամենայն հավանականությամբ` հետեւում է այդ գործընթացներին, ուստի` ի՞նչ տպավորություն ունեք նախընտրական քարոզարշավից:

— Նախագահական ընտրությունների այս քարոզարշավից առանձնապես տպավորված չեմ, իսկ եթե մեկ բառով բնութագրեմ, ապա` գորշ: Հուսանք, որ քարոզարշավի հետագա ընթացքում ավելի լավ պատկեր կստեղծվի, ու մարդկանց մոտ հետաքրքրությունն ավելի կաճի:

— Իսկ կա՞ն արդյոք նախադրյալներ, որ քարոզարշավի հետագա ընթացքն ավելի հետաքրքիր դառնա:

— Ինքս նախադրյալներ չեմ տեսնում: Դժբախտաբար, պետք է արձանագրեմ` մեր կանխատեսումները, որ նախագահի այս ընտրությունները մրցակցային չեն լինելու, եւ այս ձեւաչափով, այս շրջանակով ընտրությունները մարդկանց մոտ որեւէ հույս չի արթանացնելու էական փոփոխություններ կատարելու հարցում, իրականացան:

— Եվ տվյալ իրավիճակում ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն` սատարելո՞ւ եք, այնուամենայնիվ, որեւէ թեկնածուի, թե՞ կոչ եք անելու անվավեր դարձնել քվեաթերթիկները, թե՞ ընդհանրապես մի կողմ կքաշվեք:

— Մենք մեր մոտեցումները կհայտնենք քվեարկությունից մի քանի օր առաջ: Կփորձենք մեր ընտրողներին, կուսակցական կառույցներին ուղղորդել: Համենայնդեպս, հակառակ այն իրողության, որ սեփական թեկնածուով չենք մասնակցում, չենք ուզում նաեւ վարկաբեկել ընտրական ինստիտուտը, որովհետեւ կարծում ենք` Հայաստանում վաղ, թե ուշ՝ ընտրությունների ճանապարհով է իշխանություն փոխվելու: Ուստի, կոչ ենք անելու ընտրողներին ակտիվորեն գնալ եւ մասնակցել ընտրություններին` կանխելու համար կեղծարարությունը: Եվ երկրորդ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ընտրական քվեով դերակատար դառնալ իշխանություն ձեւավորելու գործում, որքան էլ դա դժվար լինի:

— Այնուամենայնիվ, հնարավո՞ր է որեւէ մեկին սատարեք, թե՞ կոչ անեք մասնակցելով ընտրություններին, քվեաթերթիկներն անվավեր անել:

— Թեկնածուների նախընտրական ծրագրերը, իրականացվող քարոզարշավը այս պահին հիմքեր չեն տալիս որեւէ մեկին սատարելու համար: Եթե հետագայում ընթացքը չփոխվի, եթե էական գործընթացներ տեղի չունենան, չեմ կարծում, որ որեւէ մեկին աջակցելու խնդիր կունենանք:

Որպես ՀՀ քաղաքացի, որպես քաղաքականությամբ զբաղվող անձ, ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի հայտարարություններին, երբ արտագաղթի մասին ասում է, թե «ե՞ս եմ մեղավոր, որ քո երեխաները թողնում, գնում են», կամ «այդպես եք անում, որ խիարը թարս է բուսնում» եւ այլն: Նման խոսքերը որքանո՞վ են հարիր նախագահ դառնալու հայտ ներկայացրած անձին:

— Ես կարծում եմ` այս պարագայում մեկնաբանություններն ավելորդ են: Միայն այն հանգամանքը, որ հեռուստաընկերություններից որեւէ մեկը չհեռարձակեց այդ դրվագները, խոսում է արված արտահայտությունների ընդունելի եւ ոչ ընդունելի լինելու մասին:

— Իշխող կուսակցության թեկնածուի քարոզարշավի ժամանակ վերջերս պարբերաբար նման դեպքեր եղան: Ձեր կարծիքով` սա ի՞նչ-որ ազդեցություն կունենա հասարակական տրամադրությունների վրա, թե ոչ:

— Ես հարցազրույցի հենց սկզբում քարոզարշավը բնորոշեցի գորշ: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասացի: Այս քարոզարշավի ժամանակ շատ թեկնածուների պարագայում զավեշտը շատ-շատ է: Նախագահական ընտրությունները լուրջ ընտրություններ են, եւ առկա անլուրջ մթնոլորտը մտածելու տեղիք են տալիս:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘«Լիդս» — «Տոտենհեմ» հանդիպման մրցավարի պատճառով քաղաքացին զրկվել է կես միլիոն ֆունտից’
Հաջորդ հոդվածը‘«Թղթե սիրավեպ». Disney-ի՝ «Օսկար»-ի հավակնող կարճամետրաժ ֆիլմը (Տեսանյութ)’