‘ՀՅԴ-ն կհամագործակցի՞ իշխանության հետ’

1145

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը և Արմեն Ռուստամյանը  ներկայացրին «Մենք ապրելու ենք մեր երկրում» սոցիալ- տնտեսական ծրագիրը  և նշեցին, որ ծրագիրը ենթադրում է համագործակցություն թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության հետ, համագործակցություն, որը, ըստ Արծվիկ Մինասյանի, չի ենթադրում վերադարձ դեպի իշխանական կոալիցիա:

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ եթե երկրի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերահսկողական ֆունկցիաները վերապահեն ընդդիմությանը, ապա դա նույնպես կարող է համարվել համագործակցություն հանուն պետության, հանուն զարգացման:

Իր հերթին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ այդ համագործակցությունը պետք է նորմալ ընկալվի, որ պետությունը կարողանա տեղից շարժվել:

ilur.am-ի հարցին, թե ինչն է այժմ խանգարում ՀՅԴ-ին նորից մաս կազմելու իշխանական կոալիցիային, երբ ՀՅԴ-ն արդեն կարծես թե համաձայն է ներկա իշխանության արտաքին քաղաքականության հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիա վերադառնալուն խանգարում է իշխանության կողմից ՀՅԴ-ի 7 կետերն ամբողջությամբ չընդունելը:

Նախորդ հոդվածը‘Մահացել է «Տատա» Մարտինոյի հայրը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիան լարվածությունը թեժացնելու մեղադրանք է ներկայացնում Թուրքիային’