‘Հյուսիսային Պողոտայում պիտբուլը հոշոտել է մեկ այլ ընտանի շանը ‘

2112

Հյուսիսային պողոտայում մայիսի 10-ի երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ առանց դնչկալի պիտբուլը հոշոտել է ավելի փոքր տնական շնիկին։ Շան կյանքը փրկել չի հաջողվել, նրան հոշոտած պիտբուլն ու տերը փախել են դեպքի վայրից։  

Շանը փրկել փորձող երիտասարդներից մեկը մի քանի մանրամասներ է պատմել eMedia.am կայքին։ Ըստ նրա խոսքերի, ոստիկանները շան հարձակման պահին պարզապես շվարեցին ու չկարողացան ինչ-որ բան ձեռնարկել։ Անցորդները ստիպված էին առնել նրանց ձեռքից ոստիկանական մահակներն ու ծեծել պիտբուլին, որպեսզի նա բաց թողնի շանը, սակայն՝ ապարդյուն։ Պիտբուլի երախից շանը փորձում էին փրկեին միայն անցորդներն ու շան տերը։ Մահակներով ծեծելուց բացի, ինչ-որ մեկը նաև դանակով հարվածներ է հասցրել շանը։ Վերջապես ինչ-որ մեկը սառը ջուր լցրեց պիտբուլի երախին, ինչից հետո նա բաց թողեց զոհին։ Շան տերը, վերցնելով նրան, հեռացել է տարածքից։ Այդ ընթացքում նա՝ շանը գրկած, անցել է ոստիկանների կողքով, որոնք նրան չեն էլ կանգնեցրել։  

Այնուհետև հոշոտած շնիկի տերն ու անցորդները փորձել են շնիկին տեղափոխել կլինիկա, սակայն մի քանի տաքսիստ հրաժարվել է արնաքամ կենդանուն մեքենա վերցնել։ Վերջապես երբ ժողովուրդը վրա տվեց տաքսիստների վրա, նրանցից մեկը համաձայնվեց տանել, սակայն արդեն ուշ էր։ Նշենք նաև, որ Հյուսիսային Պողոտայի՝ «Լա Պիացցայից» մինչև համարյա Պուշկինի խաչմերուկ հատվածը պարզապես ողողված էր շան արյունով։ Մի քանի կնոջ ինքնազգացողություն տեղում վատացել է տեսածից։ Անցորդները՝ սեփական ուժերով, տարել են նրանց ավելի ապահով տեղ։  

Դեպքի մասին ոստիկանությունն իրազեկվել է, գործով զբաղվում է ոստիկանության Կենտրոնի բաժինը։ Ականատեսներից առնվազն մեկը հրավիրված է ոստիկանություն՝ ցուցմունք տալու։

Հոշոտված շան տերն արդեն ֆեյսբուքում «Պատասխան եք տալու» վերնագրով միջոցառում է ստեղծել, որտեղ նաև գրել է.

«Մայիսի 10-ին ժամը 22:00-ին Հյուսիսային Պողոտայում Պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակվել է Ռուսական սպանիել ցեղատեսակի շան (իմ Մաշայի) վրա:

Ոստիկանները շիվարած կանգնել են, սրիկան և իր շունը փախել են,իսկ իմ շունիկը այլևս չկա:

Ձայն եմ բարձրացնում հանուն արդարության: Գտնել և արժանի պատիժ հասցնել:

Ականատեսներ եթե կան,խնդրում եմ կապնվել ինձ,ով ինչով կարող է թող օգնի:

Անպատիժ չի մնալու»:

Նախորդ հոդվածը‘Մի խումբ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անցկացնում’
Հաջորդ հոդվածը‘Շաքարավազի գներն ամենուր նվազում են, իսկ Հայաստանու՞մ’