‘Շաքարավազի գներն ամենուր նվազում են, իսկ Հայաստանու՞մ’

1420

Այս տարվա առաջին եռամսյակում ներքին շուկայում շաքարավազի գնանկումը համաչափ չի եղել ապրանքատեսակի ոչ միայն համաշխարհային գների, այլև Հայաստան ներկրվող մաքսային արժեքի նվազմանը։ Մյուս կողմից՝ 22,4 հազ. տոննա շաքարավազի արտադրության պայմաններում պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուս Աստղ շուգար» ընկերությունը (Ախուրյանի շաքարի գործարան) դուրս է մնացել հունվար-մարտի 1000 խոշոր հարկատուների ցանկից (ընկերության վճարած հարկերը Դ20 մլն-ից պակաս են եղել)։

Համաշխարային շուկայում այս տարվա առաջին եռամսյակում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազի միջին գնի 34% և ներկրված շաքարազավի մաքսային արժեքի 35,6% նվազման պայմաններում ներքին շուկայում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, ապրանքատեսակն էժանացել է 10,7%-ով։ Եթե անգամ հաշվի առնենք դրամի 5,5% արժեզրկման գործոնը, միևնույն է, ներքին շուկայում գների դինամիկան չի արտացոլել արտաքին պայմանների փոփոխությունը։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 43,5 անգամ ավելի շաքար (25,7 հազ.), քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Եթե 2012թ. հունվար-մարտին ներկրված 1 տոննա շաքարավազի մաքսային արժեքը կազմել է $873, ապա այս տարի այն եղել է $560։ Մաքսային արժեքի նվազումը համահունչ է համաշխարհային շուկայում շաքարավազի գների փոփոխությանը։

Ուշագրավ է, որ եթե անցած տարվա առաջին եռամսյակում, ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանում շաքարավազ չի արտադրվել, ապա այս հունվար-մարտին արտադրվել է 22,4 հազ. տոննա։ Հանրապետությունում շաքարավազի թե՛ ներկրումը, թե՛ արտադրությունը կենտրոնացված է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների ձեռքում։ Բայց եթե հայտնի է արտադրող ընկերության անունը՝ «Լուս Աստղ շուգար» (Ախուրյանի շաքարի գործարան), ապա ներկրողի դեպքում ամեն ինչ չէ, որ հստակ է։ Պարզ է միայն, այն էլ ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների, որ շաքարավազի շուկայի 99%-ը կենտրոնացած է «Լուս Աստղ շուգար» ընկերության ձեռքում։

Պետական գերատեսչությունների վիճակագրական տվյալները լույս են սփռում ուշագրավ այլ մանրամասների վրա։ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 22,4 հազ. տոննա շաքարավազ, բայց ընկերության վճարած հարկերի ծավալը շատ ավելի քիչ է եղել, քան այն դեպքում, երբ «Ախուրյանի շաքարի գործարանը» գտնվել է պարապուրդում։ Շաքարի գործարանն այս տարվա առաջին եռամսյակում դուրս է մնացել ՊԵԿ-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից։ 2012թ. առաջին եռամսյակում թեև շաքարավազ չի արտադրվել, «Ախուրյանի շաքարի գործարանը» վճարել է Դ16 մլն-ի հարկեր։

Արմենակ Չատինյան 

civilnet.am

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Պողոտայում պիտբուլը հոշոտել է մեկ այլ ընտանի շանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի ‘