‘Հոգեբուժարանի տնօրենին նյարդայնացնում է Ամալյա Նազարեթյանի մասին հարցը’

2829

Արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ մեր աղբյուրների, շուրջ մեկ ամիս առաջ հարկադրաբար Ավանի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանն այսօր ազատ է արձակվել:

Նազարեթյանին հոգեբուժարան են տեղափոխել նրա բնակարանի հարեւանությամբ գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցների բողոքների հիման վրա: Հայտնի է նաեւ, որ Նազարեթյանը բարդ հարաբերություններ է ունեցել իր բնակարանի ներքեւի հարկը զբաղեցնող «Իդեալ» խանութի տնօրինության հետ: Նրա հարազատները եւ հարեւանները պնդում են, որ հոգեկան խնդիրներ կնոջ մոտ երբեւէ չեն նկատել:

Մենք փորձեցինք հեռախոսազանգի միջոցով դուրսգրման (ազատ արձակման) մասին տեղեկությունը ճշտել Ավանի հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանից: Տիկին Հակոբյանը, լսելով մեր հարցը, բավական լարված տոնով պատասխանեց, որ նախ՝չի կարող հեռախոսով հարցազրույց տալ, որովհետեւ ըստ կարգի՝առողջապահության նախարարությունից թույլտվություն է պետք իր հետ հարցազրույց անելու համար:

«Երկրորդ՝ դուք իրավունք չունեք շաբաթ օրով ինձ զանգեք անհանգստացնեք, երրորդն էլ՝ ես հիվանդի մասին ձեզ հեռախոսով տեղեկություններ չեմ տա», — ասաց հոգեբուժարանի տնօրենը:

Մենք ներողություն խնդրեցինք՝ հանգստյան օրով տիկին Հակոբյանին անհանգստացնելու համար՝ պարզաբանելով, որ հարցը հանրային մեծ հետաքրքրություն ունի, եւ ընդամենը պետք է ճշտել մեր ունեցած տեղեկությունը՝ առանց բյուրոկրատական ձեւականությունների:

«Ձեր ներողությունը չի ընդունվում», — ավելի նյարդային տոնով ասաց Արեգա Հակոբյանը եւ կախեց լսափողը:

Տիկին Հակոբյանի ղեկավարած հիմնարկը, ըստ էության, կոչված է զբաղվելու մարդկանց հոգեկան խնդիրները լուծելով:

Մինչդեռ, պետք է նշել, որ հոգեբուժարանի տնօրենի նյարդային տրամադրությունը փոխանցվեց նրա հետ մեկ րոպե զրուցած մեր թղթակցին:

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տոնով է հոգեբուժարանի տնօրենը շփվում իր ղեկավարած հիմնարկի հիվանդների հետ, իսկ բուժման մեթոդների մասին մենք զերծ կմնանք մեկնաբանություններ անելուց: Հիշեցնենք միայն, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կային այն մասին, որ Ամալյա Նազարեթյանը հոգեբուժարան բերման ենթարկվելուն պես ծեծի է ենթարկվել: Այս տեղեկատվությունը, իհարկե, հերքել էր տիկին Հակոբյանը, սակայն այսօրվա նրա վարքագծից հետո մենք դա բացառել չենք կարող:

Նախորդ հոդվածը‘Շորժայի համայնքային կենտրոնը կառուցում է համայնքապետի ընկերությունը (փաստաթուղթ)’
Հաջորդ հոդվածը‘Օրական 5-6 ավտոբուս՝ Գյումրիից Ստամբուլ’