‘Օրական 5-6 ավտոբուս՝ Գյումրիից Ստամբուլ’

1173

Շաբաթվա մեջ մեկ օր մի քանի ավտոբուս շարժվում է Գյումրուց. շարժվում են Թուրքիա՝ քաղաք Ստամբուլ: Սովորաբար Գյումրի — Ստամբուլ ուղղությամբ ավտոբուսները շարժվում են շաբաթ օրերը: Նրանց կանգառներից մեկը Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակն է, որտեղ ավտոբուսները կանգնում են մի քանի րոպե, լրացնում ուղևորների քանակը և հեռանում: Հարցին, թե ուր են գնում, ավտոբուսի դիմաց հավաքված կանանցից մեկը պատասխանեց շատ կարճ՝ «Ստամբուլ՝ բիզնեսի» ու մեջքով շրջվեց: Մեր այն հարցին, թե ընտանիքներով հեռացողներ կա՞ն, հավաքված կանանցից մեկը դարձյալ կտրուկ պատասխանեց՝ «Լիքը, մի մասը հանգստի է գնում, մի մասն՝ ապրելու»:

Մոտեցանք քիչ այն կողմ կանգնած մի տղամարդու, ով փորձում էր հետաքրքրվել, թե ինչ արժե մեկ հոգու ուղեվարձն ու բեռների գինը: Գյումրու բնակիչ Վռամ Հովհաննիսյանը, ով բնակվում է Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից «Կռուգի շուկա» կոչվող տարածքի տնակներից մեկում, սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ և ասաց, որ ինքն էլ է պատրաստվում գնալ Ստամբուլ բնակվելու իր հայ հարևանների կանչով:

«Առաջին հարևանս գնաց 2000 թ-ին, մեկ անգամ եկավ, մեկ ամիս մնացին և գնացին ընտանիքով, հետո մյուս հարևաններս էլ գնացին: Հիմա Արմենուհին, Մարկը, Յուրիկը բոլորը գնացել են, ասում են աշխատանք ունեն, հայկական թաղամասերում էլ ապրում են: Հիմա ամեն շաբաթ օր գնում է ստեղից ավտոբուս: Ամեն ավտոբուսի մեջ 60 հոգի տեղավորվում է, 5-6 ավտոբուս օրական կերթա, ընտանիքով կերթան, առևտրի կերթան, տուն կառնին, հյուրանոց կմնան կամ էլ փող կաշխատին և… կրնա ես էլ մե վախտըմ հետո երթամ, երթամ առևտրով զբաղվիմ: Շատ կան գնացողներ: Թշնամի երկիր է, պապական թշնամին է մեր, բայց կերթան, դուխ ունին, կերթան, կյանքները թանկ չէ, դրա համար, բայց կյանքը թանկ բան է, դրա համար հլը կմտածեմ՝ երթա՞մ, թե՞… փարեքս կհավաքեմ, որ նոր երթամ»,- ասաց Վռամ Հովհաննիսյանը:

ԳԱԼԱ

Նախորդ հոդվածը‘Հոգեբուժարանի տնօրենին նյարդայնացնում է Ամալյա Նազարեթյանի մասին հարցը’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտին իրեն հոգնած եւ հիասթափված է զգում’