‘Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը’

1164

Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը. փառատոնային առաջին օրվա օրակարգն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնք ներկայացրին Հայկական համայնապատկեր մրցույթում ընդգրկված «Կաթնեղբայր» (ռեժ.` Վահրամ Մխիթարյան), «Հարություն» (ռեժ.` Ալեն Մանուկյան), «Հոգաբարձուներ» (ռեժ.` Վիկտորյա Ալեքսանյան),«Անպետքը» (ռեժ.` Արշակ Զաքարյան), «Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել», (ռեժ.`Սեգ Կիրակոսյան) և «Ճանապարհի փիլիսոփաներ», (ռեժ.` Հարություն Շատյան) կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերը:

Փառատոնային առաջին օրվա երկրորդ կեսը նշանավորվեց ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի տեղի ունեցավ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Ապա «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ ուկրաինացի լուսանկարիչ Յուրի Գարմաշի ցուցահանդեսը` ներկայացնող Սերգեյ Փարաջանովին` ի պատիվ մեծ արվեստագետի հիշատակին: Բացման ֆիլմի` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ստեղծագործության ցուցադրությանը նախորդեց փառատոնի հատուկ հուշամեդալների հանձնման արարողությունը ֆիլմի ստեղծագործական խմբից երկու կարևորագույն անձանց` ֆիլմի կոմպոզիտոր մաեստրո Տիգրան Մանսուրյանին և ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հուշամդեալները հանձնելու համար բեմում էին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են անժամկետ գործադուլի’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը՝ հուլիսի 17-ին’