Հունվարի 27-ին կրկին ձյան տեղումներ են սպասվում

328

Ձյան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 25-ի դրությամբ գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից` մանրամասնելով, որ վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118 սմ, Ջերմուկում՝ 103 սմ, Ամբերդում՝ 84 սմ, մյուս լեռնային շրջաններում՝ 20-50 սմ, Լոռիում և Տավուշում՝ 21-37 սմ, Սյունիքում՝ 13-24 սմ, Արարատյան դաշտում՝ 5-15 սմ, Երևանում՝ 10-15 սմ։

Առաջիկա ժամերից սկսած հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 26-ի երեկո։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան և հունվարի 27-ին Միջերկրական ծովից հաջորդ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք։

Հունվարի 28-ից կրկին սպասվում է տեղումների դադար։ Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։

Նախորդ հոդվածըAusOpen․ Կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԵրկարաձգել են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը