‘Հրաժարվում են մասնակցել զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի աշխատանքներին ‘

1063

Հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը, որը կայացավ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ,  հայտարարում ենք, որ անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:

Նախաքննության փուլում աղմկահարույց քրեական այս գործով ՊՆ քննչական ծառայության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ավելի է խորացնում արդեն իսկ առկա՝ հանրության անվստահությունը ի պաշտոնե վերահսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազության նկատմամբ: Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերով քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար:

Արթուր Սաքունց,  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժաննա Ալեքսանյան,  «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդև. Մաքսային միությունն ու Եվրամիությունը անհամատեղելի են’
Հաջորդ հոդվածը‘Զինդատախազ Կոստանյանը պատրաստվում է պարզաբանումներ ներկայացնել’