‘Հրամայական է պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու խնդիրը. Գլխավոր դատախազ’

2167

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Փաշինյանը:

Նիստին ելույթ է ունեցել նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. նրա ելույթի առավել ուշագրավ հատվածները ստորեւ.  

«…Այսօր էլ մեր դատախազները, անհաղորդ մնալով ուղղորդված տեղեկատվական հոսքերով բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու փորձերին, չտրվելով մեղադրյալների ու ամբաստանյալների սպառնալիքներին, մանիպուլյացիաներին, բարեխղճորեն իրենց ծառայությունն են կատարում՝ ծանրաբեռնվածությունից հաճախ կորցնելով ժամանակի զգացողությունը, իրենց զրկելով ընտանեկան ջերմ ու տաք միջավայրում լինելու հնարավորությունից: Շնորհակալություն հանուն ձեր մասնագիտական պարտքի՝ այդ զոհողությունների և կամքի դրսևորման համար:    

… Նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունների ամենակարևոր արդյունքներից մեկը, ինչի մասին արտահայտվել եմ բազմիցս, հանցագործությունների և հատկապես կոռուպցիայի, անարդարությունների նկատմամբ հանրային անհանդուրժողականության մակարդակի կտրուկ բարձրացումն է և հանցավոր երևույթների վերաբերյալ իրավապահ մարմիններին, ի մասնավորի դատախազությանը իրազեկելու հարցում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականությունը: Կարող ենք վստահաբար փաստել, որ հանցավորության դեմ պայքարում ունենք անգնահատելի այնպիսի գործընկեր, ինչպիսին ակտիվ, երկրի ապագայով ու լիարժեք օրինականության հաստատմամբ շահագրգիռ ՀՀ քաղաքացին է, որն իր նախաձեռնողականությանը  համարժեք արդյունքների ակնկալիքով քրեական հետապնդման մարմինների նկատմամբ անհամեմատ ավելի պահանջկոտ է և հետևողական: Գաղտնիք չէ, որ այս աննախադեպ ակտիվությունը հանգեցրել է իրավապահ բոլոր մարմինների գերծանրաբեռնվածության: Բայց դա մեզ համար ոչ թե տրտնջալու, այլ առավել մոտիվացվելու խթան է: Մենք իրավունք չունենք վատնելու դժվարությամբ ձեռքբերած և շատ երկրների իրավապահների համար դեռևս անհասանելի երազանք թվացող այս կապիտալը:

Հանրային վստահության ձեռքբերումը իրավապահ բոլոր մարմինների անխոնջ, համակարգված աշխատանքի արդյունքն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, համագործակցության ոգու, հանցավորության դեմ պայքարում, ներքին անվտանգության համար մղվող անողոք պատերազմում միևնույն բարիկադում միմյանց թիկունքը պահելու ընդհանուր ընկալումների վրա: Հաստատված աշխատանքային առողջ հարաբերությունների, արդյունավետ գործակցության համար շնորհակալ եմ իրավապահ մյուս օղակների մեր բոլոր գործընկերներին: Մեր գործունեության համակարգվածությունը Հանրապետությունում իրավական հավասարակշռության պահպանման, Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից չշեղվելու հիմնական երաշխքներից մեկն է:

Հենց այդ երաշխիքների անշեղ ապահովման, ինչպես նաև անձանց սահմանադրական և հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում սայթաքումներ թույլ չտալու գիտակցմամբ էր պայմանավորված, որ խուսափեցինք հատկապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ ծավալուն պայքարում անհեռատես շտապողականություն դրսևորելուց:

Եվ այսօր ես առանձնակի հպարտությամբ եմ ամրագրում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք նախորդ տարի ունեցել ենք աննախադեպ արդյունքներ՝ ինչպես քրեական գործերի հարուցման, քրեական հետապնդման ենթարկված և դատի տրված պաշտոնատար անձանց, այնպես էլ պատճառված վնասի վերականգնման ուղղություններով: Թվային ցուցանիշներով ձեզ չեմ ծանրաբեռնի: Միայն նշեմ, որ նշածս բոլոր ուղղություններով մենք ունենք նախորդ տարիների համեմատ անգամներով ավելի արդյունքներ:

Դրանք պայմանավորված են երեք հիմնական գործոններով: Առաջինը, ինչպես նշեցի, հանրային լայնամասշտաբ շարունակվող աջակցությունն է, երկրորդը՝ իրավապահ մարմինների կողմից դրսևորվող վճռականությունն ու հետևողականությունը:

Եվ երրորդը, որը անկյունաքարային նշանակություն ունի, քաղաքական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարը բացարձակ առաջնահերթություն հռչակելն է: Վերջինս առարկայորեն դրսևորվում է գործադիր իշխանության մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողության արդյունքում տարատեսակ չարաշահումների, հանցավոր դրսևորումների վերաբերյալ դատախազությանը, մյուս իրավապահ մարմիններին տեղեկացնելու միջոցով: Այս առումով հարկ եմ համարում մեկ կարևոր շեշտադրում կատարել: Առավելաբար նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման հանգամանքը չի կարող որևէ կերպ մեկնաբանվել որպես որևէ տեսակի խտրականության դրսևորում: Այն ունի մեկ թիրախ՝ հանցագործություն կատարած յուրաքանչյուր սուբյեկտ՝ անկախ այն բանից՝ նրանք նախկի՞ն, թե՞ ներկա պաշտոնատար անձինք են: Այս տարվա ընթացքում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններ կատարած գործող, այդ թվում բարձրաստիճան, պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, կարծում եմ, կասկածի տեղիք չեն տալիս, որ այս պայքարը իրավականից բացի որևէ այլ ենթատեքստ չունի: Հավաստիացնում եմ՝ Դատախազությունն ունի բավարար ներուժ՝ առանց որևէ կաշկանդվածության իրացնելու սահմանադրական իր անկախ կարգավիճակից բխող գործառույթները՝ այս պայքարը նույնպիսի հետևողականությամբ շարունակելու համար:   

Մենք հպարտանում ենք այն արդյունքներով, որոնք արձանագրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազության բացառիկ իրավասության իրականացման ոլորտում: Միայն 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացրած հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 36 մլրդ դրամ: Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր է դարձել բացահայտել առանձին ոլորտներում պետության կողմից իրականացված ծրագրերի շրջանակում տևականորեն կիրառված կոռուպցիոն սխեմաներ: Այս արդյունքները միանշանակ մեզ հիմք են տալիս պնդելու, որ առկա է դատախազության կարևորագույն այդ գործառույթի իրացման դաշտն ընդլայնելու և դրա համար իրավական բազա ստեղծելու անհրաժեշտություն:

Չնայած վերոնշյալ ձեռբերումներին՝ մենք ևս մեծ հաշվով բավարարված չենք արդյունքներով: Որովհետև վստահ ենք՝ կարող ենք ավելին անել և որովհետև առկա է ավելին անելու հասարակական ադեկվատ պահանջ:

Մեզ համար արդեն իսկ տեսանելի ու շոշափեի է, որ կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ուղղակի հրամայական է պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու խնդիրը: Մենք տեսնում ենք դրա լուծումը օրենսդրական փոփոխությունների միջոցով՝  հիմնված սեփականության անձեռնմխելիության մասնավոր  և սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման վրա:

Մենք քաջ գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը հնարավոր չէ բարձրացնել՝ առանց կանխարգելման, ուսուցման, վերլուծության բաղադրիչների զարգացմանը միտված ինստիտուցիոնալ մոդելային նոր կառուցակարգերի: Եվ ոգեշնչված լինելով դրանց ներդրմանն ուղղված ընթացող բարեփոխումների մեկնարկով՝ ներգրավվել ենք համապատասխան ռազմավարական լուծումների մշակման և բյուրեղացման գործընթացներում:

Մենք մշտապես հետևողական ենք քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովման գործում և իբրև մինչդատական վարույթում օրինականության ապահովման, քրեական քաղաքականության մշակման պատասխանատու՝ դատախազությունը ձգտում է միջազգային լավագույն փորձի, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, առհասարակ իրավունքի զարգացման ժամանակակից տենդենցներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները, առաջնահերթ ուղղություններով փոխել պրակտիկան, ձերբազատվել նախկին տենդենցիոզ ավանդույթներից: Այս տեսակետից մեր ակնդետ ուշադրության կենտրոնում են նախնական կալանքի, ձերբակալության ոլորտները, արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդեմ հարցման, դատավարության ողջամիտ ժամկետների և քննության որակի ապահովման, այդ  համատեքստում նաև փորձաքննությունների նշանակման, կատարման պրակտիկան և այլն: Գուցե դանդաղ, բայց համատեղ ուժերով հիմնավորապես բարեփոխելու ենք այս ոլորտները՝ շահագրգիռ ու մասնագիտական բոլոր շրջանակների ներգրավմամբ…»:       

 

Նախորդ հոդվածը‘Իրանը հուլիսի 7-ից հետո կկրճատի միջուկային գործարքով իր պարտավորությունները’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Համայնքը» զորավո՜ր է, զավակս’