‘Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքահայերին. Պարոններ, հազար դոլար դրեք բանկերում’

1885

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հերթական անգամ «կոչով» դիմել է սփյուռքահայերին, թեեւ, դատելով նրա վրդովված պահվածքից, դա ո՛չ կոչ է, ո՛չ էլ դիմում, այլ հուսահատ պահանջ բոլոր նրանցից, ովքեր ունեն հազար դոլար եւ ցանկություն՝ օգնելու Հայաստանի իրենց հայրենակիցներին:

«Քննադատելը ամենահեշտ խնդիրն է: Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները: Եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա: Ուրեմն, բարի եղե՛ք, օգնե՛ք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, եւ մարդիկ չգնան»,- ի պատասխան աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանի՝ իշխանություններին ուղղված քննադատական խոսքի, արձագանքել է տիկին նախարարը` պատասխանելով «Ա1+»-ի հարցին: 

Կարծես թե ընդունելով, որ սփյուռքահայերի մտահոգություններն առ այն, որ ներդրումները Հայաստանում, մեծի մասամբ, հասցեատերերին չեն հասնում կամ նպատակին չեն ծառայում, երկրի դարդուցավով տառապած նախարարը մի բան էլ ընդառաջում է եւ հրահանգում, որ փողերը «իրենց» չտան, այլ՝ «Թող պարոնները, բոլոր պարոնները, մեկ միլիոն մարդ, Հայաստանում  հազար դոլար հաշվի համար բացի բանկում, մե՛զ փող չտա, բանկո՛ւմ փող դնի: Ես նկատի ունեմ՝ բոլորը, ով հնարավորություն ունի հազար դոլար՝ իր հաշվի վրա, չտա Հայաստանին: Բանկերում փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա»: 

Տեսանյութը՝ «Ա1+»-ի:

Նախորդ հոդվածը‘Ազգային Ժողովի նիստը (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Մերի Մուսինյան. Պոզների հետ հարցազրույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը…’