‘Հրանտ Բագրատյան. Առաջին նախագահի առաջադրումն այս պահին հավանական եմ համարում’

1062

Հայ ազգային կոնգրեսն ունի պոտենցիալ և կարող է նախագահական ընտրություններին իր թեկնածուով հանդես գալ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Ես վստահ եմ, ես ձեզ հավատացնում եմ, որ, այնուամենայնիվ, Կոնգրեսը կունենա իր թեկնածուն: Առաջին նախագահի առաջադրումն այս պահին հավանական եմ համարում»,- ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» միջև տարվող խորհրդակցություններին՝ Բագրատյանն ասաց, թե՝ «կոնտակտներ կան, բանակցություններ են տանում, թող տանեն»:

«Հազար ասպեկտներ կան, որ նորմալ են, թող բանակցեն, ի՞նչ ասեմ: Մեկ-երկու շաբաթ էլ համբերեք: Խորհրդակցություններ են գնում, մենակ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չի, ի դեպ: Բոլոր կուսակցություններն էլ կան: Խորհրդակցություններն ավարտվեն, նոր խոսենք, էլի: Ես չեմ ուզում առաջ ընկնեմ»,- նշեց Բագրատյանը:

Կարծիք հայտնելով խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու՝ ԲՀԿ առաջարկի մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, թե խորհրդարանական համակարգի անցնելու շանս չի տեսնում, համենայն դեպս՝ այս պատմական շրջանի համար:

«100 տոկոս համամասնականը ճիշտ է, դա նաև մենք ենք ասել: Ես միայն ցավում եմ, որ և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները գալիս են այս գաղափարին, երբ որ իրենց ժամանակ պետք է անեին»,- եզրափակեց Բագրատյանը:

Նախորդ հոդվածը‘Բարի մարդիկ դեռ չեն վերացել և բարի գործեր են կատարում’
Հաջորդ հոդվածը’43 ստորագրություն. մնաց ընդամենը մեկը ‘