Հրանտ Մաթևոսյանի 88-ամյակին ընդառաջ

65361

Մեծ է Հրանտ Մաթևոսյանի դերը հայ արձակի համաբնագրում։ Անհնար է պատկերացնել 60-80-ականների հայ արձակի նկարագիրը՝ առանց Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության։ Նա իրական նորարար է, որ անընգրկելիորեն ընդարձակեց գեղարվեստական տեքստի ներքին տարածությունները, պատումի ձևերը։

Մաթևոսյանի արձակն ինչ-որ առումով ոչ թե «սյուժետային» է, այլ «իրավիճակային»։ Նա «հորիզոնական» տարածությունների փոխարեն ասպարեզ է բերում «ուղղահայաց» տարածությունները։ Այսինքն՝ արձակ տեքստում կարևորվում է ոչ այնքան իրադարձային շղթան, որքան կոնկրետ իրավիճակի խորքայնությունը։ Սա արձակի այն ձևն է, ուր անգամ սովորական, ոչ առանձնահատուկ, արտաքուստ արտագրական դեպքը դառնում է գրական ստեղծագործության նախահիմք՝ տեքստում փայլելով անընդգրկելի խորությամբ։ Աննշան իրադարձությունը դառնում է աշխարհի ընթացքը փիլիսոփայորեն հիմնավորող պատուհան։

Հրանտ Մաթևոսյանի համար չկան մանրուքներ։ Նրա Ծմակուտը մեծ աշխարհի փոքրիկ մոդելն է՝ իր ընդգրկունությամբ համարժեք Մարկեսի Մակոնդոյին, Ֆոլքների Յոքնափաթոֆային, Շերվուդ Անդերսոնի Ուայնսբուրգին։ Միայն հզորագույն տաղանդը կարող է աննշան դեպքերի օգնությամբ լուսաբանել համաշխարհային իրադարձությունները։ Այս ամենը գեղարվեստական տեքստում մարմնավորվեց բավականին հարուստ պոետիկայով։

Գեղարվեստական պատումը ժամանակային անաքրոնիզմներով հարստացնելը, մտքի հոսքի տեխնիկայի հմուտ կիրարկումները, պատկերակերտման ինքնատիպ սկզբունքներն իրական թարմություն էին հայ արձակում։

Մաթևոսյանը պատկերակերտմանը և արձակի ներքին ռիթմին էր ծառայեցնում անգամ կետադրությունը։ Քերականության տեսանկյունից անբացատրելի թվացող մաթևոսյանական կետադրությունը բացատրելի է միայն պատկերակերտման օրինաչափությունների համատեքստում։ Սա պայմանավորում է իրապես ընդգրկուն պոետիկա, որի լիարժեք ուսումնասիրությունը պետք է դառնա այսօրվա գրականագիտության ամենակարևոր խնդիրներից մեկը։

Շատ է գրվել Մաթևոսյանի մասին, բայց նրա արձակը դեռևս ունի չլուսաբանված շերտեր և կարոտ է նոր ու թարմ հետազոտական հայացքների։

60-80-ականներին գրական ասպարեզում հայտնված արձակագիրների մեծագույն մասը կրեց նրա ստեղծագործության բարերար ազդեցությունը։ Սա նշանակում է, որ Հրանտ Մաթևոսյանը ձևավորեց մի նոր ենթափուլ հայ նորագույն արձակի համաբնագրում։ Անգամ անկախության տարիների հայ գրականության մի պատկառելի մասը շարունակում է հիմնվել Մաթևոսյանի գրական ավանդների վրա։

Մաթևոսյանն ապացուցեց, որ կարելի է գրել կենցաղի մասին, բայց չլինել կենցաղային, կարելի է գրել արտաքուստ աննշան իրադարձությունների մասին, բայց հասնել համատիեզերական ճշմարտությունների։

Կարեն Մանուչարյան Գրականագետ, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս

Նախորդ հոդվածըԵրկրաշարժի զոհերի թիվը հատել է 29 հազարը
Հաջորդ հոդվածըԱյստեղ կարող էր լինել «Բաց նամակ ԿԳՄՍ նախարարությանը» վերնագիրը, բայց…