Հրանտ Տեր-Աբրահամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

3263

1.

Հայաստանում հրապարակային խոսքի արտահայտման դաշտում ձեւավորվել է փակ շղթա՝ խոսքի եւ դրա արձագանքի կանխատեսելիության աստիճանը հասնում է գրեթե 100 տոկոսի: Նախապես հայտնի է յուրաքանչյուր կարծիք հայտնող միավորի՝ ԶԼՄ-ի, փորձագետի, գործչի ռեակցիան ցանկացած երեւույթի՝ իրադարձության, խոսքի եւ այլն: Իհարկե, կանխատեսելիության որոշակի չափը բնական է ու նորմալ՝ կախված լինելով կարծիք հայտնողի զբաղեցրած դիրքից հասարակական եւ քաղաքական լանդշաֆտում: Եւ Հայաստանում էլ այդ կանխատեսելիությունը նորույթ չէ, իհարկե: Բայց նորույթ է ու անբնական այն, որ վերջին մի քանի տարվա ընթացքում կանխատեսելիությունը հասել է ավտոմատիզմի աստիճանի, այսինքն՝ տպավորություն կա, որ կարծիքներն արտահայտվում են ոչ թե մարդկանց, այլ մեքենաների կողմից՝ նախապես գրված ծրագրերի օգնությամբ: Եւ բացի այդ՝ կանխատեսելիությունը հասել է գրեթե բառացի մակարդակի, այսինքն՝ ոչ միայն նախապես հայտնի է այս կամ այն կողմի (իրական կամ կեղծ) տեսակետն այս կամ այն երեւույթի նկատմամբ՝ ընդհանուր գծերով միայն, այլ գրեթե բառ առ բառ:…

Սա նշանակում է, որ Հայաստանում միտք չկա, այն մահամերձ է, որովհետեւ միտքը չի կարող զարգանալ թեկուզ կոնֆլիկտային, բայց երկխոսությունից դուրս, իսկ վերջինս էլ ենթադրում է անկանխատեսելիության, անսպասելիության որոշակի նվազագույն չափ: …

Սովորաբար՝ Տեր-Պետրոսյանի հրապարակային խոսքը լավագույն առիթներից է նկարագրված «գաղջը» բացահայտելու առումով, քանի որ առաջին նախագահի խոսքը անանդրադարձ չի մնում ոչ միայն կողմնակիցների ու համակիրների, այլեւ քննադատների կողմից: Տեր-Պետրոսյանն էլ մարդ է, եւ նրա խոսքը կարող է պարունակել թույլ եւ վիճելի կողմեր: Բայց նրա խոսքն ունի կարեւոր հատկանիշ՝ այն դուրս է կանխատեսելիություից (իհարկե՝ խոսքը բացարձակ անկանխատեսելիության մասին չէ, որը հնարավոր չէ, այլ պայմանական չափի մասին)՝ ելնում է ոչ թե ընդհանուր վերացական ինչ-որ դրույթներից, այլ ընդհանրացնում է կոնկրետ՝ ընթացիկ երեւույթները: Եւ սա իրականում պետք է նորմա լինի հրապարակային խոսքի համար, եւ ոչ միայն նախագահի, այլեւ ընդհուպ մինչեւ սովորական լրագրողի իսկ մակարդակով: Եթե այսպիսի խոսքին հակադարձողներն ու քննադատներն էլ նույն որակը պահեն, ապա բանավեճերի արդյունքում կարող է կայանալ հասարակական մտագործունեության կայուն գործընթաց: Բայց դա տեղի չի ունենում: Խնդիրը ինչ-որ կեղծ, հորինովի բաները չեն, ասենք՝ «կոռեկտ» բանավեճ եւ այլն՝ բանավեճը կարող է լինել ձեւով շատ թեժ, շատ կտրուկ, սուր, բայց բովանդակային: Բովանդակային՝ նշանակում է, որ իրադարձությունների, փաստերի ներկայացվող վերլուծությունն ու մեկնաբանությունը պետք է վիճարկվի, հակափաստարկվի, եւ այլն: Նման բան, սակայն, գոյություն չունի:

Եթե նայում ենք Տեր-Պետրոսյանի հենց վերջին ելույթին եղած արձագանքները, ապա ոչ մի տեղ չենք գտնի՝ «առաջին նախագահն ասում է, որ այսինչ բանն այսպես է, որովհետեւ այնինչն այնպես է, բայց դա հերքվում է հետեւյալով» տիպի շարադրանք: Հայաստանում ընդհանրապես կարծես վատ են հասկանում, որ մեկի հետ չհամաձայնելու համար բավական չէ ասել՝ համաձայն չեմ. հակադարձելու համար պետք է մոտավորապես նույնքան ջանք թափել, ինչ վիճարկվող կարծիքի հեղինակը՝ հերքելով ոչ միայն եւ ոչ այնքան նրա եզրակացությունները, այլ նաեւ այդ եզրակացությանը բերած փաստարկումները:

Հենց հիմա, եթե նայեք եղած անդրադարձները, նկատի ունեմ՝ բացասականներն ու այնպիսիները, որոնք հանդես չեն գալիս բացահայտ իշխանամետ դիրքերից, այլ օգտագործում են «ոչ նրանք են մի բան, ոչ սրանք» անճաշակ, ռաբիս մուղամը, ապա դուք որեւէ տեղ չեք տեսնի Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի հերքում: Ոչ ոք չի վիճարկում նրա տեսակետները սահմանադրական բարեփոխումների, նոր եւ հին կառավարությունների տնտեսական քաղաքականության, Մաքսային միության անդամակցության խնդրի եւ այլնի շուրջ: Համապատասխանաբար՝ ոչ ոք չի վիճարկում նաեւ հիմնական՝ Սերժ Սարգսյանի քաղաքականության կործանարար բնույթի մասին թեզը: Վիճարկել ասելով՝ նկատի ունեմ, իհարկե, մարդավարի վիճարկումը՝ փաստարկների հերքմամբ, այլընտրանքային փաստարկների եւ տրամաբանության ներկայացմամբ եւ այլն: Այսինքն՝ քննադատություն, բառիս բուն իմաստով՝ չկա, կա սովորական հայկական ճարտասանական վարժությունների ժողովածու: Դրանով այս մարդիկ հայտնվում են ծիծաղելի վիճակում, որովհետեւ ստացվում է, որ նրանք, ովքեր այդքան սիրում են խոսել Տեր-Պետրոսյանի՝ իբր գոյություն ունեցող անձի պաշտամունքի մասին, հենց իրենք են ստեղծում Տեր-Պետրոսյանի անվիճարկելիության իրավիճակը:…

Ի դեպ՝ մի հոգեբանական երանգ: Ինչպես եւ նախկինում՝ Տեր-Պետրոսյանի ելույթին առավել սուր-մերկացնող, բայց անբովանդակ արձագանքներով են աչքի ընկնում հիմնականում նրանք, ովքեր ժամանակին նույն Տեր-Պետրոսյանի ամեն խոսք համարել են աշխարհի վերջ, ավետարանին հավասար պատգամ եւ անքննելի զորություն, եւ որոնք այդ խոսքը քննադատողներին «խզարող» հոդվածներ են նվիրել: Խոսքը մեկ հոգու մասին չէ, այլ շատերի: Դե, հիսթերիկների ու մանկամիտների կյանքը կարճ է՝ մի ծայրահեղությունից մյուսն ընդամենը մեկ քայլ: Իսկ հաղթում է, ինչպես հայտնի է, զուսպը՝ ծայրահեղություններից հեռու գտնվողը (ilur.am/news/view/30808.html, 11.06.2014թ.):

2.

Տեր-Պետրոսյանից քաղվելիք հիմնական քաղաքական դասերը.— Անցած տարի մի քանի հոդվածներ գրեցի, որոնք կամ անավարտ մնացին, կամ էլ համարյա ավարտելով չեմ հրապարակել՝ տարբեր պատճառներով: Դրանցից մեկը ուներ «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դասերն» աշխատանքային անունը, որտեղ փորձում էի ամփոփել այն քաղաքական դասերը, որը ես ինձ համար ձեւակերպել եմ տարիների ընթացքում լինելով Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ: Հոդվածն անավարտ մնաց, ու չգիտեմ ե՛րբ նորից կկարողանամ դա ավարտի հասցնել: Քանի որ այսօր առաջին նախագահի ծննդյան օրն է, մտածեցի, որ այդ հոդվածի թեզերը գոնե կարող եմ հրապարակել, որովհետեւ, կարծում եմ, դրանք հետաքրքիր կարող են լինել ոչ միայն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին կամ համակրողներին: Ըստ այդմ, Տեր-Պետրոսյանից քաղվելիք հիմնական քաղաքական դասերը հետեւյալներն են:

1. Քաղաքական ուժը կամ գործիչը պետք է լինի առաջնորդող, այլ ոչ միայն արտահայտող: Քաղաքական ուժի կամ գործչի բարձրագույն կոչումը ոչ թե հասարակության հայելին, նրա միջինն ու հանրագումարը լինելն է, այլ հասարակությունից մի քայլ առաջ լինելն է, նրան բարձրացնելն է, առաջ տանելը: Մարդիկ գնում են իրենցից ուժեղի, բայց ոչ իրենց նմանի կամ առավել եւս իրենց նմանակողի հետեւից։

2. Սեփական ճշմարտության պնդումն՝ անկախ հանգամանքներից: Չնայած անհրաժեշտության դեպքում հոսանքին դեմ գնալու սկզբունքը կարճաժամկետ հեռանկարում կարող է կորուստներ բերել քաղաքական գործչին կամ ուժին, բայց երկարաժամկետ կտրվածքով այն, հակառակը՝ քաղաքական երկարակեցության երաշխիքն է: Դա այդպես է, որովհետեւ քաղաքականությունը «կռվի» տեսակ է, իսկ առաջնորդումն ուժ է, եւ հասարակությունն ի վերջո ընդունում է ուժի այդ ցուցադրումը՝ իր համար կարեւոր պահին կոչելով հենց ուժեղին այլ ոչ թե «սիրահետողին»:

3. Օրակարգեր ձեւավորելու, այլ ոչ միայն եղած օրակարգերին հետեւելու սկզբունքը: Հատկապես ընդդիմադիր քաղաքականության դեպքում, կարեւոր է խուսափել զուտ ռեակցիոն, հայելային մարտավարության ծուղակից: Այդ ծուղակը գոյանում է այն ժամանակ, երբ ընդդիմության գործունեությունը նույնացվում է իշխանության ամեն ասածին կամ արածին «չէ» ասելու հետ: Նման ընդդիմությունը ապրում է ոչ թե սեփական տեմպով ու բովանդակությամբ, այլ իշխանության պարտադրածով:

4. Դիմել մարդու բանականությանը, այլ ոչ թե զգացմունքներին: Նորից՝ զգացմունքներին դիմելը կարճատեւ էֆեկտ է ապահովում, բանականությանը դիմելը՝ հակառակ բոլոր ժամանակակից կարծրատիպերի՝ կայուն ու տեւական արդյունք է հիմնավորում:

5. Ռեալիզմ: Քաղաքական ծրագրի հիմնավորում՝ ելնելով տվյալ կոնկրետ իրավիճակից ու նրա ուժային դասավորությունից:

6. Գործողության ճիշտ ռիթմ, որը նշանակում է՝ երբեք չխառնել իրական ակտիվությունը շտապողականության, «աշխուժակության» հետ: Ճիշտ պահերին՝ դադար, ճիշտ պահերին՝ ակտիվացում: Ինքնավստահություն: Ոչ թե անկանոն կռիվ, այլ հաշվարկած հարվածներ:

7. Մանեւրի բացարձակ ազատություն: Ոչ միայն ընդհանուր կարծրատիպերը, այլ սեփական իսկ երբեմնի դիրքորոշումները կամ համոզմունքները, չպետք է կապանք լինեն քաղաքական գործչի եւ ուժի համար: Իհարկե, էս մեկը գործում է միայն այն գործիչների եւ ուժերի դեպքում, ովքեր վաստակել են նման ինքնիշխան ազատության նախնական կապիտալը, եւ կործանարար է սկսնակների համար (aravot.am, 09.01.2018թ.):

Նախորդ հոդվածըՊետքարտուղարությունը թույլատրել է Պերուի նախկին նախագահի արտահանձնումը
Հաջորդ հոդվածըՀունգարիայում Սլովակիայի արտաքին գործերի նախարարին սադրիչ են անվանել