‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Արդարության գաղափարը եւ արմատական փոփոխության ծրագիրը’

10626

Նախորդ հոդվածս ավարտվել էր հետեւյալ ձեւակերպմամբ. «Այս պահին միայն հիմնական խնդիրն ենք արձանագրում՝ Հայաստանը պետք է փոխվի, այն չի կարող այլեւս նույնը մնալ, ինչ վերջին տարիներին էր»: Այդ տողերը գրելուց հետո շատ բան փոխվեց, եւ փոփոխության հիմնական կատալիզատորը ներհայաստանյան քաղաքական դասավորությունում եղավ Սերժ Սարգսյանի անսպասելի այցը Տեր-Պետրոսյանի տուն, ապա առաջին նախագահի հարցազրույցը՝ համապատասխան պարզաբանումներով:

Շատ բան փոխվեց, բայց խնդիրը մնաց նույնը: Այն փոփոխությունը, որն ակնարկում էինք նախորդ հոդվածում, ենթադրում է շատ ավելի լայն շրջանակ, որի սկի՛զբը միայն կարող է դառնալ կամ չդառնալ «նախագահների եռանկյունու» երկու անդամների հանդիպումը: Թեմայի տարբեր կողմերը դեռ շատ առիթներ կունենանք բացելու, այժմ փորձենք արձանագրել մի քանի կարեւոր դրույթներ՝ ուրվագծորեն:

Նախ՝ քաղաքական ուժերը եւ հայաստանցիներս ընդհանրապես պետք է մոռանանք մինչապրիլյան Հայաստանը: Հատկապես քաղաքական ուժերը պետք է մոռանան ոչ թե ինչպիսի, մեղմ ասած, խնդրահարույց քաղաքականությամբ մոտեցանք քառօրյա պատերազմին, այլ նախ՝ իրենց անհոգ խաղաղ կյանքն ու «գրանդիոզ» պլանները: Քաղաքական մարդը երկու բան պետք է զգա ամենայն սրությամբ՝ երկիրը, որում ապրում է եւ ամեն տվյալ ժամանակի մթնոլորտը: Այսօր ա՛յն պահն է, որ նույնիսկ մեկ տարվա հեռավորությամբ որեւէ կանխատեսում անել հնարավոր չէ, եւ նրանք, որ կարծում են, թե հեսա ամեն բան կհանդարտվի, ու նորից կվերադառնանք մեր սովորական մանր-մունր «մուկտշոցիին», հայտնվելու են պատմական աղբանոցում:

Երկրորդ՝ պետք է հասկանալ իրավիճակը նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության որակապես փոփոխվող շրջարկում: Կարելի է, թերեւս, ասել, որ Ալիեւը խաղացել է վա-բանկ՝ տարիների ընթացքում կուտակելով նավթային եկամուտների գումարը, գնելով զենքեր եւ երկիրը կառուցելով հայատյացության գաղափարախոսության շուրջ, եւ նա պահը հասունացած գտավ՝ խոսքից գործի անցնելու: Ռազմի դաշտում նա պարտվեց, որքան էլ այժմ իր ժողովրդին կերակրի մի երկու դիրք գրավելու պատմություններով, եւ որքան էլ մեր ներքին «պարտվողականները», թաքնվելով հաճախ արդար քննադատության քողի տակ, փորձեն տակից անցկացնել Հայաստանի ռազմական պարտության թեզը (խոսքը տվյալ դեպքում մի բուռ «պացիֆիստների» մասին չէ, այլ մարդկանց շատ ավելի լայն, եւ առաջին հայացքից «ռազմահայրենասիրական» խմբի մասին է): Եթե այժմ Ալիեւի ռազմական անհաջողությունն ամրապնդվի նաեւ դիվանագիտական ճակատում, ապա իրավիճակը կարող է ինչ-որ առումով բեկումնային լինել: Հայատյացության գաղափարախոսության մեքենան չի կարող անվերջ սնվել միայն խոսքերով: Ալիեւը, բարդ վիճակում կարող է հայտնվել հայատյացության «ակցիաների» գների աստիճանական անկմամբ: Իհարկե, չենք կարող բացառել ռազմական նոր գործողության փորձը, սակայն, պետք է հաշվի առնենք, որ ռազմական լարվածության անընդհատ բարձրացման մարտավարությունն իր սահմանն ու գինն ունի, եւ հնարավոր չէ խաղադրույքներն անընդհատ բարձրացնել այս խաղում՝ առանց սեփական իշխանությունը լուրջ վտանգի տակ դնելու, եւ ամեն անգամ չէ, որ կոնկրետ պահի միջազգային դասավորությունը լինելու է նպաստավոր սադրիչի համար: Կարող ենք ենթադրել, որ մեր կողմից ցուցաբերած անհրաժեշտ դիմացկունության պարագայում, ղարաբաղյան առճակատման շրջարկը կարող է էապես փոխվել, իսկ հեռանկարում նույնիսկ դուռ բացել խնդրի ողջամիտ պայմաններով կարգավորման:

Երրորդ՝ իսկ ինչի՞ վրա պետք է հիմնվի մեր դիմացկությունը: Ագգային միասնությունը կամ համախմբումը լոկ կարգախոս է՝ այն պետք է միս ու արյուն ստանա: Համարել, որ դիվանագիտական ճակատում համեմատական հաջողության հասնելը, ապա եւ՝ Ադրբեջանում ծավալվող իրադարձությունների վրա հույս դնելը բավարար է, անպատասխանատվության մեծագույն աստիճան է: Հայաստանն ինքը պետք է որակապես փոխվի՝ Ադրբեջանում իրավիճակի հնարավոր բեկմանը զուգահեռ: Փոփոխության հղացքը պետք չէ փնտրել հեռուներում, պետք է պարզապես վերհիշել ղարաբաղյան ազատագրական պայքարի էությունը: Դա իր հիմքում ժողովրդական պայքար է եղել՝ հիմնված զանգվածների հրապարակային ակտիվության վրա: Մեր պետությունը եւ մեր բանակը կազմավորվել են ժողովրդական այդ շարժումից: Մեր պատերազմը սկզբում եղել է ժողովրդական՝ ինքնապաշտպանական: Երբ ասում եմ՝ ժողովրդական, նկատի չունեմ՝ տարերային, անկազմակերպ, այլ ներքեւից կազմակերպվող, սկզբնական փուլում՝ վերնախավին պարտադրվող: Այսօր էլ հայերի կողմից ղարաբաղյան պատերազմը շարունակում է մնալ ինքնապաշտպանական, ըստ էության՝ ժողովրդական, այն իմաստով, որ խոսքը ոչ թե վերացական տարածքներ, այլ սեփական տանը ապրելու իրավունքը պաշտպանելու մասին է: Դրանից բացի՝ միջազգային ատյաններում մեր պաշտպանածն ինքնորոշման իրավունքն է, իսկ դա այլ բան չէ, քան դեմոկրատիայի տարրական կանոնը՝ ժողովրդի ազատ ընտրության իրավունքը: Ուրեմն խնդիրը պարզ է՝ իշխանությունը պետք է դարձ կատարի դեպի ժողովուրդը:

Ինչպես մեր որոշ փոքրաթիվ պացիֆիստները չեն ուզում հասկանալ մեր պատերազմի ժողովրդական, ինքնապաշտպանական բնույթը եւ փորձում են առաջ քաշել՝ սա ոչ թե ժողովրդի, այլ «պետության» պատերազմն է թեզը, նույնպես եւ իշխանությունը, կարծես, չի ուզում տեսնել ուղիղ կապը ժողովրդականության եւ Արցախյան գոյամարտի միջեւ: Բայց պատերազմի օրերը դա նորից հիշեցրեցին՝ ժողովուրդը, որը ծայր աստիճան դժգոհ է իշխանությունից, ցույց տվեց, որ գիտի այն սահմանը, որտեղ ավարտվում է օրվա իշխանությունը, եւ սկսվում է պետական, ազգային շահը: Հերթն իշխանությանն է հասկանալու համար այս պարզ իրողությունը, այլապես՝ իշխանության դիրքն այլ բան չի լինի, քան «պացիֆիզմի» հայելային արտացոլում, որովհետեւ եթե կռիվը ժողովրդինն է, ուրեմն ժողովրդին՝ որպես թիվ մեկ դաշնակցի, պետք է ընդառաջ գնալ:

Եվ խնդիրը ոչ միայն հասկանալն է, այլեւ գործելը՝ հնարավորինս արագ, բայց եւ մտածված: Սրան հասնելու համար, հասարակության ակտիվ հատվածը պետք է ոչ թե սպասի, այլ շարունակի պահանջներ եւ կոնկրետ առաջարկներ ներկայացնել իշխանությանը: Եթե իշխանափոխության խնդիր դնելն առայժմ հնարավոր չէ, քանի որ դա՝ դեռ շարունակվող անմիջական ռազմական վտանգի եւ բանակցությունների «տաք» փուլի պայմաններում, թշնամու առաջ դուռ բացել կարող է նշանակել (ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանում 1992-ի գարնանը եւ 1993-ի աշնանը, երբ ռազմական պարտութունները հանգեցրեցին իշխանափոխությունների, իսկ իշխանափոխությունները՝ նոր ռազմական պարտությունների), դա չի նշանակում, որ հասարակությունը չպետք է այլ միջոցներով շարունակի ճնշում գործադրել: Իրականում այսօր չկա էլ որեւէ ուժ դաշտում, որն իրապես իշխանափոխության խնդիր դնի: Այդպիսի խնդիր դնելը միայն «հեռացիր» կարգախոսը չէ, այլ գործողությունների կոնկրետ ծրագիր ներկայացնելն է՝ ումո՛վ, ինչո՛վ, ինչպե՛ս, ե՛րբ: Բայց իշխանությունն էլ պետք է հասկանա, որ կրակի հետ չեն խաղում՝ խնդիրն ուշ թե շուտ կդրվի, եթե համապատասխան քայլեր չարվեն:

Չորրորդ՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում իշխանությունը: Պետք է հասկանալ, որ քաղաքական ուժերի հետ խոսելը դեռ չի նշանակում ժողովրդի հետ խոսել: Որեւէ ընդդիմադիր ուժ կամ գործիչ չի կարող այսօրվա Հայաստանում կրեդիտ տալ ողջ հասարակության անունից: Նա կարող է միայն որոշ չափով ու ժամանակով զսպել գործընթացները՝ հասարակության զգալի մասի կողմից ըմբռնողականության պայմաններում: Եթե քայլեր չարվեն հասարակությանն ընդառաջ, վաղը կհայտնվի նոր քաղաքական ուժ, որը կփորձի սպասարկել հասարակական դժգոհությունը կամ այդ գործը կստանձնեն եղածները՝ էական չէ: Եթե ուզում ենք «համախմբում» բառը կոնկրետ բովանդակությամբ լցնել՝ հղացքը պետք է լինի իշխանություն-հասարակություն, այլ ոչ միայն՝ իշխանություն-քաղաքական ուժեր խոսակցությունը: Երկրին անհրաժեշտ են նո՛ր շունչ, նո՛ր հոգեբանություն, նո՛ր գիտակցություն: Պետք է ե՛ւ անկեղծ, ոչ թղթային խոսք, ե՛ւ զուգահեռ՝ կոնկրետ քայլեր: Մեր նորանկախ պատմության մեջ կա մի օրինակ, երբ ժողովուրդ-իշխանություն խոսակցությունը կայացման միտում ուներ: Գուցե շատերը հիշեն Վազգեն Սարգսյանի վարչապետության կարճ շրջանը, երբ մի պահ թվաց, որ հնարավոր է իրոք նորից փոխվստահություն կառուցել ժողովրդի եւ իշխանության միջեւ՝ անկախության առաջին տարիների օրինակով: Չեմ ասում՝ կար կայացած փաստ, բայց կար միտում, որի սկիզբը վարչապետի անկեղծ խոսքն էր ժողովրդին: Հիմա էլ անհրաժեշտ է, նախեւառաջ՝ խոսք: «Ֆիրմա» ռեցեպտներով գրված «սփիչռայթերությունը» պետք է դեն շպրտվի՝ հանուն անկեղծ եւ բովանդակալից ասելիքի:

Իր խոսքում իշխանությունը պետք է շնորհակալություն հայտնի ժողովրդին, որն իր բարձրագույն որակները դրսեւորեց պատերազմի օրերին, եւ պետք է ներողություն խնդրի եղածի համար. դա այս իրավիճակում ոչ թե թուլության, այլ ուժի նշան է լինելու: Սրան պետք է հետեւի կոնկրետ ծրագրի ներկայացումը, որը պետք է բաղկացած լինի ընդհանուր եւ մասնավոր նպատակների հստակ սահմանումներից, դրանց իրականացմանն ուղղված միջոցների մեխանիզմների թվարկումից, մոտավորապես նշված ժամկետներից, նաեւ՝ երաշխիքներից: Այս ծրագրից բխող քայլերը պետք է լինեն ոչ թե ցուցադրական, այլ հավաստի եւ նախապես սահմանված տրամաբանությունից բխող:

Պետք է ճիշտ հասկանալ մեր հասարակության հիմնական խնդիրը՝ նման ծրագիր կազմելու համար: Դա արդարության խնդիրն է՝ ոչ թե վերացական, այլ շատ կոնկրետ արդարության: Մարդիկ գուցե չեն կարող դա հստակ սահմանել, բայց զգացողությունը շատ սուր է, եւ արդարության հարցում հնարավոր չէ խաբել: Սրան-նրան թատերական պատժելը ոչ մեկին համոզիչ չի թվալու: Արդարությունը նշանակում է հավասար հնարավորություններ՝ քաղաքական, տնտեսական, իրավական: Հենց դա պետք է լինի ներկայացվելիք ծրագրի առանցքը, եւ կարծում եմ՝ այս առանցքի շուրջ դժվար չի լինի կառուցել կոնկրետ քայլերի, միջոցների եւ ժամկետների հերթականություն: Եթե ժողովրդին ընդառաջ իրական քայլեր չարվեն, ապա իշխանությանը չի օգնի նունիսկ 100 կուսակցություն եւ 1000 հայտարարություն, եւ կվերադառնանք այն ելման կետին, որից սկսել ենք՝ միայն թե ռազմական վտանգի աճի պայմաններում:

Շատերդ կասեք՝ հավատո՞ւմ ես, որ նման բան կարող է լինել, հարգելի հեղինակ: Իմ գործը, սակայն, հավատալ-չհավատալը չէ: Տեսնողի խնդիրն ասելն է այն, ինչ տեսնում է՝ անկախ ամենից: Իրականությունը փոխելու ուղին չի փոխվելու իմ հավատալուց: Եվ իրականությունն ինքը պետք է ստիպի անել այն, ինչն անհավատալի է թվում, եթե կա դեռ համարժեքության եւ բանականության հատիկ: Իսկ այդ մի հույսից պետք չէ հրաժարվել երբեք:

Նախորդ հոդվածը‘Յացենյուկը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիայում հիշում են երկու տարի առաջ առևանգված 219 աշակերտուհիներին’