‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ընդդիմության մարտավարությունը. տեսականորեն անվիճելին եւ գործնական ռիսկերը’

1938

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, կարծում եմ, ժամանակավրեպ կարելի է համարել ծավալվող նոր ընդդիմադիր շարժման ռազմավարական նպատակի մասին քննարկումները: Պարզ է, թերեւս, նույնիսկ այս շարժումը չընդունողների, հակառակորդների եւ քննադատների համար, որ իշխանափոխությունը սահմանված է որպես միացյալ ընդդիմության հստակ քաղաքական նպատակ:

Այս պահին ավելի արդիական է դառնում այն խնդիրը, թե ի՞նչ միջոցով են շարժման ներկայացուցիչները պատրաստվում հասնել իրենց նպատակին: Այս հարցի պատասխանը հնչեց հանրահավաքի մի քանի առանցքային ելույթներում, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմից: Միանգամից ասեմ, որ այն ճանապարհը, որն առաջարկվեց, ունի թե՛ միանգամայն պարզ եւ հասկանալի, թե՛ քննարկելի եւ մեկնաբանելի կողմեր, գուցե նաեւ՝ հավելյալ պատասխանների անհրաժեշտություն, մանավանդ՝ եթե հարցին նայենք շարքային մասնակցի աչքերով (իսկ մեծ հաշվով, կարեւորը, նախեւառաջ, հենց այդ հայացքն է):

Նախ՝ ասեմ, թե իմ հասկացածով՝ ո՛րն էր առաջարկվող ճանապարհը, ապա տեսնենք դրա տրամաբանությունը, ինչպես նաեւ փորձենք հասկանալ հնարավոր շահույթներն ու ռիսկերը:

Փաստորեն՝ խոսվեց երկու հնարավոր տարբերակի մասին (դրանք ակնարկվել էին արդեն ամսի 10-ի հանրահավքում): Կա՛մ իշխանությունը համաձայնում է Ընտրական օրենսգրքում հնարավորինս արագ փոփոխություններ կատարելուց հետո՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման, կամ ընդդիմությունը հրապարակային զանգվածային միջոցառումների ծավալմամբ պարտադրում է արտահերթ ընտրություններ եւ իշխանափոխություն:

Կարեւոր միջոցը, որով ընդդիմությունը փորձելու է հասնել իր նպատակներին՝ շարժման հնարավորինս ծավալումն է, լայնացումը, ինքնակազմակերպումը տեղական մակարդակում՝ շտաբների ձեւավորումը: Սա կարելի է ընկալել որպես հիմնական նորարարական առաջարկ, որը հնչեցվեց ամսի 24-ին, բայց որի մասին մինչ այդ արդեն հրապարակումներ եւ քննարկումներ եղան ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներում, ուր ավելի լայն կերպով ներկայացվում էր այդ գաղափարի շրջարկը: Խոսքը, որքան կարելի է հասկանալ, հնարավորինս լայն զանգվածների ոչ միայն ժամանակավոր ընդգրկման, այլեւ կազմակերպման, յուրահատուկ տեղական «Ղարաբաղ կոմիտեների» ստեղծման մասին է: Զուտ տեխնիկական տեսակետից՝ այս տեղական կառույցները կարող են դիտարկվել նաեւ որպես ապագա նախընտրական շտաբներ՝ ակնկալվելիք արտահերթ ընտրությունների կտրվածքով (այն, որ խոսքն արտահերթի մասին է, կարծում եմ, հիմնավորելու կարիք չկա, քանի որ, նախ՝ դրա մասին ուղիղ ասվել է հարթակից, այն էլ՝ մի քանի անգամ, եւ բացի այդ՝ հերթական ընտրություններին մասնակցելու տեսակետից ընդդիմության այսօրվա գործունեությունն ակնհայտ ֆալստարտ կլիներ. ամեն դեպքում՝ սա շեշտում ենք, որովհետեւ մեր լրատվական դաշտում գուցե այժմ էլ կլինեն մեկնաբանություններ, որոնք հենց այդպես կներկայացնեն իրավիճակը):

Բավականին հստակ հասկանալի է այս մոտեցման տրամաբանությունը. մյուս կողմից էլ, ինչպես ասացի, կան բաց հարցեր:

Նախ՝ տրամաբանության մասին: Պարզ է, որ որքան ավելի լայն զանգվածային մոբիլիզացիա եւ կազմակերպում է հնարավոր լինում ապահովել տվյալ հասարակությունում, այնքան ավելի հեշտ, խաղաղ եւ անցնցում է լինում իշխանափոխությունը: Առավելագույն մոբիլիզացիայի դեպքում իշխանությունը պարզապես ինքն իրեն փլվում է, քանի որ նրա հրամանները դադարում են կատարել: Տեսության մեջ սա անվիճելի է: Գործանակում՝ կան որոշ հարցեր:

1. Նման մոբիլիզացիայի եւ կազմակերպման աստիճանի հասնելու համար անհրաժեշտ են մե՛ծ ռեսուրսներ, մե՛ծ ջանքեր, իրապես ուժեղ, հավատարիմ ու աշխատունակ թիմ եւ բավականին տեւական ժամանակ: Իհարկե, միանգամայն ճիշտ էր Օգոստոս կայսրը, երբ պնդում էր, թե պետք է շտապել դանդաղորեն, բայց ճիշտ է նաեւ այն, որ ժամանակն անվերջ ձգելու հնարավորություն այսօր ընդդիմությունը չունի, եւ հատկապես այն պատճառով, որ արդե՛ն հայտարարել է ամենավճռական նպատակների մասին, այսինքն՝ իրավիճակը հասցրել է կամ-կամի: Կարեւոր է, որ շատ ժամանակ չունենալու գիտակցությունը հնչեցվեց նաեւ հարթակից:

2. Պետք է հաշվի առնենք, որ անալոգիաները 1988-ի հետ, որոնք ակնարկվում են այս նոր ծրագրի շրջանակներում, կարող են այնքան էլ ճիշտ դուրս չգալ, համենայն դեպս՝ եթե դրանք բառացի մեկնաբանենք: Այսօր մեր հասարակությունն ունի տարբեր կառուցվածք: Այն ժամանակ ունեինք խոշոր ձեռնարկություններ եւ հիմնարկություններ, որոնք ներգրավում էին տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդկանց եւ տեղական ինքնակազմակերպման լավ բազա էին: Այսօր մեր հասարակությունն ավելի մասնատված է, ինչ-որ տեղ՝ ավելի խեղճացած, ավելի կախյալ, հասարակական կապերն ավելի թույլ են: Դա պետք է հաշվի առնել եւ հասկանալ, որ դա հավելյալ եւ լուրջ խոչընդոտ կարող է լինել:

3. Անպայման ահնրաժեշտ է չափ պահել եւ հետեւյալ հարցում: Որքան էլ դիմենք ժողովրդին, ասենք, որ ժողովուրդն է որոշողը, եւ որքան էլ դա ճիշտ լինի, այստեղ կա մի ծուղակ, որի մեջ չպետք է ընկնենք: Կոպիտ ասած՝ չի կարելի գործը ժողովրդի վրա գցել: Նախ՝ մեր ժողովուրդն այսօր բավականին թույլ է, աղքատ է, անկախ չէ (իսկ փոքր թիվ կազմող անկախ շերտն էլ հաճախ՝ տհաս գիտակցության կրող, անպատասխանատու, ազդեցությունների տակ ընկնող, ձեւական մտածողություն ունեցող): Մեր ժողովուրդն առանց այդ էլ բազմիցս ապացուցել է թե՛ իր բարձր գիտակցությունը, թե՛ զոհողությունների գնալու իր կամքը: Ժողովուրդն ինքն իրենով չի կարող իշխանության հարցը լուծել, այլապես նա կարիքն էլ չէր ունենա քաղաքական ուժերի: Իշխանափոխությունը պետք է անեն քաղաքական ուժերը՝ ժողովրդի աջակցությամբ, որովհետեւ քաղաքական ուժերն են տիրապետում ռեսուրսներին, եւ ժողովուրդն էլ, պատրաստ լինելով օգնել նրանց, նախ քաղաքականներից է ակնկալում «կռիվ տալը»:

4. Կարծում եմ, էական է նաեւ կարեւոր դետալները կազմակերպելիս չկորցնել ընդհանուր պատկերը: Նկատի ունեմ, որ որքան էլ էական լինի տեղական ինքնակազմակերպումը, շարժման լայնացումն ու ծավալումը՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի հեռավոր տեղեր, պետք չէ մոռանալ, որ շարժումը պետք է ունենա կենտրոն, եւ որ թեւերի առկայությունն իմաստավորվում է միայն ուժեղ կենտրոնի առկայությամբ, իսկ այդպիսին Երեւանի Ազատության Հրապարակն է: Երբ մեր գործընկերներից ոմանք ասում են, թե իշխանափոխության գաղափարը պետք է հասցնել Բռնակոթ գյուղի տրակտորիստին, ես համաձայն եմ այն իմաստով, որ բռնակոթցի տրակտորիստը կարեւոր է՝ որպես շարժման հնարավորին լայն ծավալման խորհդանիշ, բայց հուսով եմ, որ մենք պատրանքներ չունենք առ այն, որ հեղափոխություններն արվում են մայրաքաղաքում: Սա, բնականաբար, ոչ թե գյուղերի եւ մարզերի անտեսումն է: Խնդիրը դա չէ, այլ այն, որ մայրաքաղաքը համեմատաբար ավելի անկախ եւ հարուստ է, եւ բռնակոթցի տրակտորիստը կարող է մեզ իր ուժերի ներածին չափերով օգնել, բայց բուն գործը մե՛նք պետք է անենք:

5. Ըստ իս՝ շատ զգույշ է պետք օգտագործել նաեւ զուգահեռ իշխանություն եզրը: Զուգահեռ իշխանությունը հրաշալի գաղափար է, բայց պետք է հաշվի առնել, որ երկրում զուգահեռ իշխանություն ունենալուն հասնելը չափազանց բարդ է, եւ ոչ բոլոր հասարակություններն են դրան հասնում նույնիսկ հեղափոխական իրավիճակներում: Այդ վիճակին հասարակությունը հասնում է ոչ թե հռչակելով այն, այլ իրերի փաստացի զարգացմամբ: Այդ կետին հասնելն ինքնին վկայում է զանգվածային հրապարակային ալիքի ամենաբարձր կետին հասնելու մասին: Բայց որքան հզոր իրողություն է փաստացի զուգահեռ իշխանությունը, նույնքան էլ թույլ է դա՝ որպես զուտ հռչակագիր: Զուգահեռ իշխանություն հռչակածը պետք է անպայման եւ շատ կարճ ժամանակում հասնի դրան, այլապես ծաղրի առարկայի կվերածվի: Դրա համար ավելի լավ է սրա մասին չխոսել, քանի դեռ ակնհայտ չէ դրա հասունացման պահը:

Միով բանիվ, կարեւորը չափն է, որովհետեւ այն անցնելու դեպքում կարող ենք ակամայից վերարտադրել մի պահ մեզանում պոպուլյար դարձած՝ իբր ցանցային, «քաղաքացիական-քաղաքական», «սրա-նրա ժամանակն անցել է» հայեցակարգը, որը քարոզում էին երիտօլիգարխիկ ԶԼՄ-ներում մեկ-երկու տարի առաջ:

Կարծում եմ, որ այս ռիսկերը լիովին գիտակցվում են նոր շարժման կազմակերպիչների կողմից, եւ անհրաժեշտ չափը կպահվի: Այդ դեպքում կարող ենք իրոք ունենալ շատ գրագետ կազմակերպված եւ անցնցում իշխանափոխության գործընթաց: Այդ իմաստով կարեւոր են նաեւ հարթակից հնչած ուղերձները պետական ապարատին՝ դրա նկատմամբ թշնամություն չունենալու մասին: Զանգվածային շարժումների հաջողության շատ կարեւոր պայմաններից է որպես թիրախ ունենալ իշխող խմբի միայն շատ նեղ հատվածը, իսկ մյուսներին դիտարկել որպես չեզոք կամ նույնիսկ՝ պոտենցիալ բարեկամ: Ի դեպ, Ղարաբաղյան շարժումը նույնպես այդ սկզբունքով առաջնորդվեց հաջողության հասնելու ճանապարհին: Խնդիրը ոչ թե հաշվեհարդարն է որեւէ մեկի նկատմամբ, այլ բոլորի համար խաղի նոր կանոնների ստեղծումը: Ինքն իրեն համաժողովրդական հռչակած շարժումը այլ կերպ չի էլ կարող սահմանել իր խնդիրները:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Կանադայում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ’