‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ինչո՞ւ կուսակցական. հանրային հաշվետվություն’

2717

Կարճ ասած, ընկերներիցս մեկի խոսքով՝ «կուսությունից զրկվեցի»: «Երկար» ասած՝ կուսակցական դարձա:  Կարծում եմ՝ նման քայլը կարիք ունի հասարակական հաշվետվության, որովհետեւ ընդունում եմ, որ այդտեղ հարցեր կան եւ խնդիրներ կան, որոնք պետք է պատասխան ստանան:

           Պետք է սկսեմ անձնական որոշուման բացատրումից, քանի որ, որպես ստաժով անհատապաշտ (ինդիվիդուալիստ), ինձ համար առաջնային է հենց այդ առումը: Խոսքս կբաժանեմ մի քանի մասերի, որպեսզի նորից ստիպված չլինեք լավաշներս կարդալ: Եվ այսպես, ուրեմն,

            1. Ինչո՞ւ ես

                       Ինչպես երգվում էր մի հին ռուսական էստրադային երկգում՝ ու «մենյա նա էտը սեմ պրիչին»:

1.1.  Սկզբունք թե՞ գործիք

1.1.1 Այս ձեր չսիրած տեսական մասերը, որոնք կարեւոր են

            Շատերը միանգամից հիշում են անկուսկացական լինելու սկզբունքը, որը նրանց կարծիքով՝ ապահովում է մարդու անկախությունը: Ես որեւէ կուսակցություն մտնելու մղում երբեք առանձնապես չեմ ունեցել (միայն հիշում եմ, որ 1994-ի ավարտին, երբ ՀՅԴ-ն արգելվեց, մտքիս կար դառնալ Դաշնակցության անդամ, սակայն, մտահղացումս չիրականացրեցի), բայց նաեւ չեմ հասկանում, թե ի՞նչ ասել է անկուսկացկան լինելը որպես սկզբունք եւ ինչպե՞ս կարող է մարդու անկախությանն ու ազատությանը, որոնք իմ խորին համոզմամբ ներաշխարհի խնդիրներ են, խանգարել որեւէ արտաքին հանգամանք: Բացեմ ասածներս:

            Նախ՝ մարդու անկախության մասին: Կրկնեմ, դա, ըստ իս, նախ ներաշխարհի, ներքին մշակույթի, ներքին դիստանցիա պահել կարողանալու խնդիր է: Պարզ է, որ բացարձակ ազատություն այս աշխարհում հնարավոր չէ, եւ արտաքին հանգամանքներն, այսպես թե այնպես, ի ծնե սահմանափակում են որեւէ մարդու ազատությունը՝ բնական եւ հասարակական օրենքներով: Եթե կուսակցությունը պետք է սահմանափակի որեւէ մեկի ազատությունը, ուրեմն՝ որքա՜ն ավելի են սահմանափակում այդ ազատությունն ասենք՝ օրենքը, պետությունը, դպրոցը եւ բազմաթիվ այլ հասարակական հաստատություններ: Այնպես որ, մի սահմանափակիչ ավել կամ պակաս՝ էապես ոչինչ չեն փոխում: Ես չէ, այլ քրիստոնեական ողջ մշակութային ավանդույթն է պնդում, որ ազատությունը մարդու հոգում է, այլ ոչ թե դրսի աշխարհում:

            Սկզբունքի մասին: Կուսակցական չլինելու սկզբունք գոյություն չունի ու չի կարող լինել ըստ սահմանման: Սկզբունքը, ինչպես հուշում է այդ բառի ստուգաբանութնունը, նշանակում է սկզբնական, սկզբի հետ կապ ունեցող, այսինքն՝ խոսքն ամենաբարձր  մակարդակի ու ամենաառաջնային արժեքների մասին է: Այդու կարող է լինել արդարության, ազնվության, ճշմարտախոսության, մարդասիրության եւ նման սկզբունքներ: Սրանք արժեքներ են, որոնք ամենից վեր են, անբեկանելի են, գրեթե ոչ մեկի կողմից վիճարկելի չեն, եւ ինքնանպատակ են: Այսինքն՝ դրանք գործիք չեն որեւէ այլ արժեքի հասնելու համար, այլ՝ իրենք իրենցով արժեք են եւ նպատակ են ավելի ստորին՝ ոչ սկզբնական կամ ոչ սկբունքային արժեքների համար: Ավելորդ է ասել իսկ, որ կուսակցական լինել-չլինելու հարցը ոչ միայն չի կարող լինել այդ առաջնային մի քանի արժեքների շարքում, այլեւ՝ մոտիկ էլ չի կանգնած դրան՝ գտնվելով մի քանի «հարկ» ներքեւ: Կուսակցությունը եւ կուսակցականությունը զուտ գործիքային երեւույթներ են, որոնք պետք է ծառայեն այս կամ այն նպատակին, բայց իրենք իրենցով ո՛չ նպատակ են, ո՛չ արժեք, ո՛չ էլ սկզբունք:

            1.1.2. Այս ձեր սիրած գործնական մասերը, որոնք նույնպես կարեւոր են

            Բայց, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ այս տեսական մասերը որքան էլ համոզիչ են, սակայն կա հարցի գործնական մասը, եւ մարդիկ չեն վստահում կուսակցականությանը միանգամայն բնական, փորձնական պատճառներից ելնելով: Դրանք են սովետական, իսկ ապա եւ հետսովետական իշխող կուսակցություների փորձը: Գաղտնիք չէ, որ ՍՍՀՄ-ում միակ եւ իշխող բոլշեւիկյան կուսակցությունը գաղափարակիցների երբեմնի կուռ խմբից բավականին արագ վերածվեց կարիերիստների եւ ցինիկների միության: Իհարկե, նույնիսկ ուշ սովետական շրջանում եղել են արժեքավոր բացառություն կուսակցական անհատներ, բայց, դրանք հենց այն բացառություններն են, որոնք հաստատում են օրինաչափությունը: Ամեն դեպքում, պարզ է, որ ազնիվ քաղաքացիները ՍՍՀՄ գոյության վերջին շրջանում փորձել են հնարավորինս խուսափել կուսակցականացումից, եւ շատերը, եթե դարձել էլ են ՍՄԿԿ անդամ, ապա ստիպողաբար:

Հետսովետական երկրների մեծ մասի փորձն ավելի հուսադրող չէ: Չարժե նույնիսկ բացատրել, թե ի՛նչ է նշանակում երբեմնի գաղափարական նվիրյալների կողմից ստեղծված եւ սովետական շրջանի ընդահատակյա ԱՄԿ-ի ժառանգորդը հանդիսացող Հանրապատական կուսակցության անդամ լինելն այսօրվա Հայաստանում: Ինչպես եւ ՍՄԿԿ-ի պարագայում, ապագա Հայաստանում մարդիկ ամաչելու են, թաքցնելու են ՀՀԿ-ին իրենց պատկանելիությունը, կամ էլ՝ բացատրելու են դա կյանքի պարտադրանքով: Մի խոսքով, լավագույն սովետական ավանդույթները շարունակվում են: Իհարկե, միամիտ կլիներ պնդել, որ այսպես կոչված ժողովրդավարական երկրներում որեւէ խնդիր կուսակցականության հետ չկա, բայց, անշուշտ այդ խնդիրներն անհամեմատելի էին հետսովոտական վիճակի հետ, եւ մեզ համար դեռ երկար ժամանակ ակտուալ չեն լինելու:

            1.2. Կոնֆորմիստական փաստումից դեպի կամային ելք

Սա խնդրի բոլորին հայտնի փաստումն է, սակայն՝ առանց որեւէ ելքի: Կարելի է, օրինակ՝ նույն կերպ արձանագրել հետսովետական երկներում հաստատված կոռումպացված կարգերը, հումքային-գաղութային տնտեսական համակարգերը եւ այլն, ու անցնել առաջ: Ընդհանրապես, իրականության սոսկական արձանագրումն ինքնին ոչինչ է եւ ոչինչ չի տալիս: Եթե մի բան որեւէ հասարակության մեջ փչացած է, չի գործում, այլասերվել է, արդյո՞ք դա նշանակում է, որ հասարակական կյանքից առհասարակ պետք է խորշել եւ դաշտը զիջել փչացնողներին: Կարծում եմ՝ սա բացարձակ անտրամաբանական եւ, ըստ էության, կոնֆորմիստական մոտեցում է. չէ՞ որ կոնֆորմիզմը հենց անցանկալի իրականության հետ հաշտվելն է: Պետք է, ուրեմն, ոչ թե միայն նկարագրել, այլեւ՝ փոխել իրականությունը: Ի՞նչ է կուսակցությունն ինքնին եւ ինչո՞ւ արժե փոխել դրա հետ կապված իրավիճակը մեզանում:

1.2.1. Ինչպես է Վալոդը ծեծում Վարդուշին մուրճով

            Կուսակցությունն ընդամենը հասարակական մի գործիք է, հասարակական կյանքի բազմաթիվ հաստատություններից մեկը, որն ինքնին չի կարող լավը, կամ վատը լինել, ինչպես որ ցանկացած գործիք չի կարող ինքնին լավը կամ վատը լինել: Հենց դրա պատճառով էլ չի կարող լինել որեւէ իրական սկզբունք՝ կապված կուսակցականության հետ: Գործիք օգտագործողի նպատակներից եւ կամքից է կախված, թե այն կգործի չարիքի՞, թե՞ բարիքի համար: Ով կարծում է, որ գործիքի առումով կարող է լինել սկզբունք, ասենք՝ կարող է ասել՝ ես սկզբունքորեն չեմ օգտագործում մուրճը, կամ մեխը, որովհետեւ մեր հարեւան Վալոդը մուրճով ծեծում է իր կնոջը՝ Վարդուշին, իսկ նրա տղեն՝ Պստուլիկը, մեխեր է մեխում իր քրոջ՝ Աչոնիկի նստատեղի տակ. նա ենթադրում է, որ ոչ թե մարդիկ են չարիք գործում գործիքով, այլ գործիքն ինքն է չար: Այլ կերպ ասած, տեղի է ունենում գործիքի անձնավորում, կենդանացում, մոգականացում, ֆետիշացում՝ այն դառնում է գործող անձ, այլ ոչ թե գործիք: Հետեւաբար, խնդիրը ոչ թե բուն գործիքի, այլ նրա օգտագործման հետ կարող է լինել:

            1.2.2. Մեկուսի եւ քառակուսի կույսերը

            Կուսակցությունը հասարակական նորմալ գործիք է այլ նման գործիքների եւ հաստատությունների շարքում՝ արհմիություններ, ՀԿ-ներ, կրթական հաստատություններ եւ այլն, եւ այլն: Ցանկացած քիչ թե շատ կայացած հասարակության մեջ անխուսափելի են շահերի, տեսակետների, ձգտունմերի, հավակնությունների հակադրումն ու մրցակցությունը: Դրանք բնականից առաջացնում են ներքին խմբավորումներ, որոնք մրցակցում են միմյանց հետ: Առաջնային իմաստով սա է կուսակցությունների առաջացման հիմքը՝ այս կամ այն «կույսի» համախմբումն է. «կողմերի». հայերենում կա երկու կույս արմատ, որոնցից մեկը բոլորիս հայտնի է «կույսն է», իսկ երկրորդը նշանակում է «կողմ», առաջինի հետ կապ չունի, եւ ընկած է կուսակցություն, նաեւ՝ կուսակալ, մեկուսի, քառակուսի եւ այլ բառերի հիմքում: Նորմալ, ոչ ճգնաժամային պայմաններում սա չպետք է բերի հասարակական միասնության խաթարմանը, քանի որ նորմայի մեջ հասարակությունն ունի որոշակի բարձր արժեքներ, որոնք անվիճելի են բոլորի համար, իսկ վեճն ընթանում է մնացածի շուրջ: Հակառակը՝ եթե հասարակական որեւէ խումբ փորձում է մնացածներին պարտադրել իր շահն ու տեսակետը, ապա, ուշ թե շուտ, անխուսափելի է դառնում բախումն ու ճգնաժամը: Այդպիսի իշխող խումբը ստիպված է կիրառել առավելագույն բռնություն իր մենաշնորհային դիրքերը պահպանելու համար: Հետեւաբար, ոչ թե բազմակուսակցությունը, այլ հենց միակուսակցական բռնապետությունն է հասարակական միասնության մարտահրավերը եւ ապակայնունացնող գործոնը: Միակուսակցականության կայունությունը կարճաժամկետ ավելի ուժեղ է թվում, բայց երկարաժամկետ իմաստով ճգնաժամային է:

           1.3. Դանակը պետք է սրել

            Ամփոփեմ այս հատվածը: Անկուսակցական լինելու սկզբունք չկա եւ չի կարող լինել: Կուսակցությունը կարեւոր հասարական գործիք է, որը մեզանում անկումային, փչացած վիճակում է գտնվում, բայց դա նշանակում է, որ պետք է ոչ թե խուսափել եւ փախչել այդ գործիքից, այլ ամեն բան անել այն վերափոխելու, նրա արդյունավետությունը եւ հասարակական օգտավետությունը վերականգնելու համար: Պատկերավոր ասած, եթե դանակը բթացել է, այն պետք է ոչ թե մի կողմ նետել, այլ նորից սրել: Եվ դա հասարակության հենց այն մասի պարտականությունն է, որը դժգոհ է ներկա վիճակից: Անհրաժեշտություն կա վերանորոգել հասարակական կյանքի կարեւորագույն գործիքը: …..

            ….Այնուամենայնիվ ինչո՞ւ ես: Կշարունակենք հաջորդիվ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Աղբյուրը՝

http://ustahrant.blogspot.com/2013/04/blog-post.html

 

Նախորդ հոդվածը‘Վահե էնֆիաջյան. «Վարդագույն» Երևանը վերածնվելու է’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդման արարողությանը’