‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ինչ էր ուզում ասել Դավիթ Հարությունյանը’

3556

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե՝ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ: Այդ կապակցությամբ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է.

«Դավիթ Հարությունյանի հայտարարության մասին 

1. Նախ՝ ի՞նչ է ասել (կարծես՝ կա որոշակի թյուրըմբռնում): Միտքը հետեւյալն է՝ եթե նույնիսկ սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ապ, մենք 17-ին Սերժին կդարձնենք վարչապետ: Ավելին, ով էլ լինի նոր՝ 18-ին ընտրված նախագահը, իրական լիազորությունները տանելու ենք դեպի Սերժ Սարգսյան, այսինքն՝ նախագահը, այդ թվում՝ ՀՀԿ-ի թեկնածուն, լինելու է անգլիական թագուհի կամ Մեդվեդեւ՝ Պուտինի մոտ: 
2. Ասածի բարոյական գնահատականը: Իրականում բացառիկ ցինիզմ է, ինչ-որ տեղ սեւ հումորի աստիճան: Փաստորեն, նույնիսկ սեփական թիմակիցերին Սերժն ասում է՝ հույս չունենաք, որ 18-ից հետո որեւէ մեկիդ իշխանություն եմ տալու: 
3. Ասածի քաղաքական ընդհանուր գնահատականը՝ դեմագոգիա: Եթե «Պուտին-Մեդվեդեւ» տարբերակը այդքան հեշտ իրագործելի լիներ Հայաստանում, Սերժը չէր մտնի սահմանադրական փոփոխությունների դարդի տակ: Կենգուրուին իսկ պարզ է, որ նման տարբերակը հնարավոր չի լինի իրագործել առանց լուրջ ներքին պայքարի, եւ որ «անգլիական թագուհի»-ն փորձելու է ամեն գնով ինքնուրույնանալ: Դա դառնալու է երկարատեւ անկայունության հիմք, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել դրա վերջնարդյունքը: 
4. Ինչո՞ւ է հիմա ասված: Հիմնական նպատակն ուժի պատրանք ստեղծելն է, իբր՝ Սերժը խնդիր չունի եւ ցանկացած տարբերակում հաղթող է: Մինչ այսօր այս ուղերձը հիմնականում «ընդդիմության» միջոցով էր հղվում մեզ, իսկ այժմ իշխանական քարոզչությունը դա անում է բաց կերպով՝ ինքն իր շուրթերով: Ուժի պատրանք սովորաբար փորձում են ստեղծել, երբ իրականում կա ուժի պակաս կամ անվստահություն: Ռեժիմն, իհարկե, «խուճապի մեջ» չէ, բայց Հարությունյանի խոսքերից երեւում է, որ նաեւ ա՛յն աստիճան վստահ չէ իր ուժերին, որքան դեռ մի քանի շաբաթ առաջ: 
5. Ո՞ւմ էր ուղղված: Երկու հասցեատեր պետք է ընդունենք՝ հասարակությունը եւ իշխանական խմբերը: Հասարակությանն ուզում է ասել, թե՝ Ոչ-ն առանձնապես էական չէ, մենք մեր արածն անելու ենք, ինչը սուտ է: Ոչ-ն այսօր իշխանափոխություն անել գուցե ի զորու չէ, բայց ի զորու է լուրջ ազդեցություն ունենալ ուժերի դասավորության վրա: Իշխանական խմբերին ուզում է ասել՝ հանկարծ չոգեւորվեք, Սերժը վերահսկում է իրավիճակը եւ ձեզանից որեւէ մեկին չի պատրաստվում ժառանգորդ նշանակել: Տեղներդ նստեք, թե չէ կսատկացնեմ: Սա էլ բլեֆ է, որովհետեւ՝ եթե սահմանադրականը չի անցնում կամ լուրջ խնդիրներ է առաջացնում, ապա ներիշխանական բալանսը փոխվելու է: Սատկացնել կուզի, բայց կկարողանա՞»:

»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Տեր-Պետրոսյանի «անապատի քարոզը»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Սաշա Պուտրյան՝ Երկնքի արքայադուստրը’